« »

Ինգվար Կամպրադ և IKEA

Ինգվար Կամպրադ

Ինգվար Կամպրադը IKEA ընկերության հիմնադիրն է: Նա Շվեդիայի ամենահարուստ մարդն է և մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ 84-ամյա շվեդը ժամանակ առ ժամանակ գլխավորում է այդ աղյուսակը:

Ինգվար Կամպրադը ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին, Շվեդիայի Սմալանդիա կոչվող փոքրիկ արվարձանում: Բիզնեսով սկսել է զբաղվել մանկուց: 5 տարեկան հասակում Ինգվարը լսում է «լուցկիների արքա» Իվար Կրյուգերի մասին պատմությունը, որն իր կարողությունը ստեղծել էր շվեդական հայտնի լուցկիների արտադրությամբ: Այն մեծ տպավորություն է թողնում Ինգվարի վրա և ոգևորված տղան հորը խնդրում է Ստոկհոլմից լուցկիներ բերել իր համար:

Լուցկիները նա վաճառում է մոտակա գյուղի բնակիչներին, որտեղ Ինգվարը պարբերաբար լինում էր հեծանվով: Նա նկատում է, որ լուցկիները կարելի է մեծ քանակությամբ ձեռք բերել Ստոկհոլմում, էժան գներով վերավաճառել և տարբերության հաշվին եկամուտ ունենալ: Այդուհետ դա կրում է կանոնավոր բնույթ: Հետագայում, նա սկսում է զբաղվել նաև ամանորյա զարդերի, գրիչների, մատիտների, ձկան և սերմերի վաճառքով: Ստացված գումարները նա խնայողաբար հավաքում էր:

Մինչև նրա դպրոցական ընկերները «վայելում էին» կյանքը ֆուտբոլային դաշտերում և աղջիկների հետ հանդիպումների ժամանակ, Ինգվարը մտածում էր այն մասին, թե ինչպես ընդլայնել «բիզնեսը»: Իր խնայած գումարներին ավելացնելով հոր կողմից նվեր ստացած գումարը` 17 տարեկանում նա հիմնում է IKEA ընկերությունը: Ընկերությունը սկսում է զբաղվել տարբեր ապրանքների վաճառքով և փոստային առաքմամբ: Գործի մեջ Ինգվարը ներդնում է իր ողջ ուժերը: Որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկ առաջանալուն պես, նա միանգամից ձգտում էր առաջարկել նույն ապրանքն ավելի էժան գնով: Եվ այդ միտքը հաջողություն է ունենում: Հետագայում, Կամպրադը գնում է տեղի ոչ մեծ, հին գործարաններից մեկը և սկսում զբաղվել էժան կահույքի արտադրությամբ, որն էլ հետագայում դառնում է IKEA ընկերության հիմնական ուղղվածությունը:

1951 թվականին լույս է տեսնում IKEA-ի կողմից արտադրվող կահույքի առաջին կատալոգը: Հետագայում, այս միտքը դառնում է իսկական ձեռքբերում ընկերության համար: 1953 թվականին շվեդական Էլմկուլտ քաղաքում բացվում է IKEA-ի առաջին խանութը: Եվս երկու տարի անց, հերթական կահույքի առաքման ժամանակ, Ինգվարի մոտ պայծառ միտք է ծագում` կահույքը առաքել քանդված վիճակում: Նա իր մասնագետների հետ միասին սկսում է աշխատել մի պարզ սխեմայի վրա, որը հնարավորություն կտար կահույքը արտադրել առանձին կտորներով և վաճառել քանդված վիճակում: Կամպրադի նորամուծությունը գնորդների շրջանում հանդիպում է մեծ արձագանքի: Այդուհետ IKEA-ի խանութներում հաճախորդները կարող էին ձեռք բերել մատչելի գնով կահույք, որն էլ իրենք կարող էին հավաքել: Մեկ տարի անց IKEA-ի եկամուտները կրկնապատկվում են: Ընկերության հերթական ժողովներից մեկի ժամանակ Կամպրադը հայտարարում է` «Էժան վաճառված 600 աթոռները ավելի շատ եկամուտ են բերում, քան 60 թանկ վաճառվածները»:

IKEA-ի խանութները գնալով շատանում են, իսկ գները` իջնում: Այսօր IKEA-ին են պատկանում ավելի քան 180 խանութներ աշխարհի ավելի քան 30 երկրներում: Ընկերության կատալոգները կանոնավոր կերպով ձեռք են բերում աշխարհի տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ: Դրանք արտադրվում են տարեկան ավելի քան 100 միլիոն քանակությամբ և թարգամանված են 34 լեզուներով: Այսօր IKEA-ի կողմից մշակված ռազմավարությունները կիրառվում են աշխարհի տարբեր ընկերություններում և ուսումնասիրվում են Եվրոպական մի շարք ուսումնական հաստատություններում:

Իր հաջողությունների մասին Կամպրադը նշում է հետևյալը.
– Իմ կարծիքով բիզնեսում ես որոշ չափով տարբերվել եմ մնացածից, քանի որ ամեն ինչ սկսեցի շատ վաղ հասակից: Մինչև հիմա հիշում եմ այն հաճելի զգացումը, երբ ունեցա իմ առաջին եկամուտը: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի: Մինչև հիմա էլ, ես մեծ հաճույք եմ ստանում բիզնեսով զբաղվելուց: Բայց ավելի հաճախ ինձ հաճույք պատճառում է այն, երբ իմ մոտ նոր մտքեր են ծնվում և ես կարողանում եմ համոզել ուրիշներին, որ դրանք հնարավոր է իրագործել: Դա ինձ ստիպում է անընդհատ նոր հնարավորություններ փնտրել և մտածել այն մասին, թե ինչից կարելի է եկամուտ ստանալ: Իմ լավագույն հաղթանակները նրանք են, որոնք կապված չեն անհաջողությունների հետ: Ցավոք, անհաջողություններ իմ կյանքում շատ են եղել: Իսկ ինչ վերաբերվում է IKEA-ի ղեկավարման կանոններին, ապա մեր միակ ոսկե կանոնն ասում է` ցանկացած խոչընդոտի մեջ տես նոր հնարավորություն: Խոչընդոտները` դրանք թաքնված հնարավորություններ են:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Pingback: Պլանավորեք ձեր ժամանակը | Հաջողության բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»