Հաջողակ ընկերություններ

Google` նա գրավում է աշխարհը:

Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google ընկերության հիմնադիրներն են: Այս երկու ընկերների պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղանդը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Նրանք տաղանդավոր երիտասարդներ են, որոնք Միացյալ Նահանգներում հանդիսանում են «ամերիկյան երազանքի» մարմնավորում:

Սերգեյ Բրինը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 21-ին, Մոսկվայում: 1979 թվականին նաընտանիքի հետ տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Նրա հայրը Մերիլենդի համալսարանում մաթեմաթիկայի պրոֆեսոր էր, մայրը` NASA-ի գիտական աշխատակից: 19 տարեկանում նա գերազանց է ավարտում Մերիլենդի համալսարանը, ստանում է բակալավրի կոչում և շարունակում ուսումը Սթենֆորդի համալսարանում, որտեղ էլ ծանոթանում է ապագա գործընկերոջ հետ:

Լարի Փեյջը նույնպես կրթական թեքում ունեցող ընտանիքից էր: Նրա հայրը համակարգչային գիտությունների պրոֆեսոր էր, դասավանդում էր Միչիգանի համալսարանում, մայրը` նույն համալսարանում դասավանդում էր ծրագրավորում: Փեյջը բակալավրի կոչում ստանում է Միչիգանի համալսարանում և ուսումը շարունակում Սթենֆորդի համալսարանում:

Նրանց հանդիպումը տեղի է ունենում 1995 թվականին, երբ Փեյջը ժամանում է Սթենֆորդ: Այդ ժամանակ Բրինին կարգադրված էր ուղեկցել նոր ուսանողներին համալսարանի տարածքում: Իրենց ծանոթության սկզբնական շրջանում նրանք բավականին հաճախ բանավիճում էին տարբեր թեմաների շուրջ, լուրջ քննարկումներ իրականացնում, սակայն շատ շուտով ընկերանում են: Այդ բանավեճերի արդյունքում հայտնի է դառնում, որ երկուսն էլ հետաքրքրվում են տվյալների մեծ զանգվածներից ինֆորմացիայի դուրսբերման խնդրով: Այդ միտքն է հետագայում սկիզբ հանդիսանում նրանց հանճարեղ մտահաղացմանը և 1998 թվականին ընկերները հիմնում են Google ընկերությունը:

Այսօր Google-ը ինտերնետի աշխարհում ամենահաջողակ ընկերություններից մեկն է: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն աշխարհի ամենահայտնի ինտերնետային որոնողական համակարգը, որը միլիոնավոր մարդկանց օգնում է գտնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ցանցում, այլ նաև զբաղվում է գովազդի առք ու վաճառքով, առաջարկում Gmail փոստային համակարգը, ինչպես նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Google Maps-ը, Google Calendar-ը, Google Docs-ը և Google Book Search-ը: Google-ին է պատկանում նաև բոլորի կողմից սիրված YouTube-ը: Եվ սա դեռ ամենը չէ: Նա շարունակում է գրավել աշխարհը:

Google տերմինը առաջացել է googol բառից, իսկ googol-ը դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Դրանով ընկերության հիմնադիրներն ուզում են հասկացնել, որ իրենց նպատակն է ստեղծել որոնման համար անվերջ մեծ տվյալների բազա:

Լեգենդներ են պտտվում այն մասին, թե ինչպիսի պայմաններ է առաջարկում Google-ն իր աշխատակիցներին: Շատերը երևի լսել են ռեստորանների, մերսման սենյակների և Segway’ах անհատական փոխադրամիջոցների մասին, որոնցով աշխատակիցները տեղափոխվում են հենց գրասենյակում: Ըստ Fortune ամսագրի, 2007 թվականին Google ընկերությունը 1-ին տեղն է զբաղեցնում իր աշխատակիցների համար ստեղծած աշխատանքային պայմաններով:

Ընկերության կենտրոնական գրասենյակը աշխատում է 24 ժամ և աշխատակիցներն իրենք են որոշում` օրվա որ ժամին աշխատել: Սակայն պետք է նշել, որ գիշերային ժամերին լիարժեք չի աշխատում Google-ի «ռեստորանային» ճաշարանը: Այդ ժամանակ աշխատողները կարող են օգտվել սրճարաններից, սակայն իրական համեղ «ռեստորանային» ուտելիքի նրանք կարող են հավակնել միայն ճաշի ժամին: Ընդ որում, այդ ամենը աշխատակիցները ստանում են անվճար: Ավելին, նրանցից յուրաքանչյուրը կարող է բերել իր ծանոթներից որևէ մեկին, որին նույնպես անվճար կկերակրեն: Ընկերության օրենքներից մեկի համաձայն, օֆիսում աշխատողների աշխատանքային տեղերը պետք է լինեն մոտակա սրճարանից 30 մետր շառավղով տարածքում, որպեսզի նրանք օգտվեն դրանից, երբ ցանկանան: Այդ պատճառով էլ գրասենյակում այդքան շատ են այդ մինի-սրճարանները:

Google ընկերությունը ողջունում է իր աշխատակիցների ինքնուրույն մտածելու և ակտիվություն ցուցաբերելու ունակությունը: Այդ պատճառով էլ շաբաթական մեկ օր նրանք կարող են ծախսել սեփական նախագծերի և մտահաղացումների իրականացման վրա: Սովորաբար, եթե այդպիսի պրոյեկտները վերածվում են արժեքավոր ինչ-որ բանի, ընկերությունը ուշադրություն է դարձնում դրանց վրա, ֆինասավորում դրանք և բարձրացնում աշխատակցին աշխատանքային աստիճանով:

Ինչքան էլ զարմանալի է, Google-ում ընդունված չեն մեքենաները: Աշխատակիցների մեծ մասը աշխատանքի են գալիս իրենց հեծանիվներով: Մինչև այդ ավելի տարածված էին սկուտերները: Ընկերությունում ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի աշխատակիցներին հարմար լինի աշխատել, իրենց աշխատատեղը նրանք կարող են կարգավորել ինքնուրույն, հագուստի ոչ մի սահմանափակում այնտեղ չկա: Նույնիսկ ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջն են սիրում հագնվել ազատ ոճով:

Ծրագրավորողների համար, որոնց աշխատանքը հիմնականում նստակյաց է, ամենավտանգավոր հիվանդություններ են հանդիսանում նրանք, որոնք կապված են ողնաշարի հետ: Ո՛չ մի խոչընդոտ: Google-ում աշխատակիցները ցանկացած ժամանակ կարող են օգտվել մերսման սրահից: Բացի այդ, ընկերությունում կան հատուկ «կարդալու» սենյակներ, որտեղ աշխատակիցները հանգիստ մթնոլորտում կարող են ավելացնել իրենց գիտելիքները` աշխատանքի վերաբերյալ, իհարկե:

Այս ամենից բացի աշխատակիցների համար գործում են ժամանցի այլ ձևեր` խաղասեղաններ, սեղանի ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ: Մի խոսքով ձանձրալի չի լինի, կարևորը լավ աշխատելն է: Ժամանակ առ ժամանակ Google-ը վարձում է կինոթատրոն, որտեղ իր աշխատակիցները կարող են անվճար ֆիլմեր դիտել: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իր հետ նույնիսկ մեկ ծանոթ վերցնել:

Քանի որ Կալիֆոռնիայում Google-ի գրասենյակը բավականին մեծ է, ապա տեղաշարժվելու համար աշխատակիցները կարող են օգտվել անհատական փոխադրամիջոցներից: Դա թույլ է տալիս նաև խնայել այն ժամանակը, որը պետք է ծախսել քայլելու վրա: Աշխատանքային օրվա ավարտից հետո աշխատակիցները կարող են անվճար օգտվել սպորտային դահլիճից, լողավազանից, վոլեյբոլի կամ ֆուտբոլի դաշտերից: Ցանկության դեպքում նրանք կարող են աշխատել` նույնիսկ գտնվելով լողավազանում: Google ընկերությունում նշվում են բազմաթիվ տոներ, սակայն ամենագլխավորը բոլոր աշխատակիցների համար ապրիլի 1-ն է, որը նշվում է մեծ շուքով:

Այս ամենին կարելի է ավելացնել միայն այն, որ Google-ը ոչ միայն լավագույն պայմաններ է ապահովում իր աշխատակիցների համար, այլ նաև հանդիսանում է աշխարհում ամենաարագ զարգացող IT-ընկերություններից մեկը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Google-ը իրոք որ գրավում է աշխարհը: Ինտերնետում նրա մատուցած ծառայությունները բարձրակարգ են: Կարելի է նշել օրինակ Gmail-ը կամ Google Translate-ը:

  • Բարև բոլորին.
    նախ ասեմ ,որ շատ հետաքրքիր և ակտուալ թեմա է և ինձ մոտ ծագեց այսպիսի հարցեր.
    1. Ընդունենք ես ձեռք եմ բերել Google 30 բաժնետոմս :Ցանկալի է իմանալ որքան ժամանակից հետո այն կարող եմ վաճառել,ինչպես է կատարվում այդ գործընթացը.
    2. Տարվա վերջում շահութի բաշխումը ինչպես է կատարվում և ինպես կարող եմ իմանալ ես դրա մասին:Եվ առհասարակ խնդրում եմ մանրամասնեք շահույթի մասին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»