Հաջողության պատմություններ

Կլիֆֆ Յանգ. չկա անհնար ոչինչ

Աշխարհում վազքի ամենադժվար մրցույթներից մեկը անց է կացվում Ավստրալիայում: Վազքուղին անցնում է Սիդնեյից մինչև Մելբուռն: Դա 875 կիլոմետրանոց ճանապարհ է թեժ անապատի միջով: Մարաթոնում վազորդների ընտրություն չկա: Մասնակցելու համար ընդամենը պետք է հայտնել, որ դուք ուզում եք վազել: Սակայն պետք է խելագար լինել, որպեսզի այդպիսի բան անել: Մարաթոնը սկսվում է Սիդնեյի մարզադաշտում: Մարզիկները մոտ 3 ժամ վազում են մարզադաշտի շուրջը, որպեսզի հանդիսատեսը գոնե ինչ-որ բան տեսնի, ապա անհետանում են անապատում և 5-6 օր հետո հասնում են Մելբուռն:

Այդ օրը աշխարհի 18 լավագույն մարզիկները կանգնած էին Սիդնեյի մարզադաշտում` պատրաստ սկսելու: Հանկարծ նրանց մեջ է հայտնվում 61-ամյա տարեց մի մարդ, որի անունն էր Կլիֆֆ Յանգ: Մարզադաշտում հավաքված մարդիկ սկզբում կարծում են, որ նա ուղղակի եկել է մարզիկներին հաջողություն մաղթելու: Բայց շուտով բոլորը հասկանում են, որ նա պատրաստվում է վազել: Մարաթոնի կազմակերպիչները սկսում են անհանգստանալ նրա համար, չէ՞ որ իրենց դիմաց կանգնած է տարեց մի մարդ:

Նրան հարցնում են.
— Դուք երբևե մասնակցե՞լ եք այսպիսի մրցույթների:
-Ոչ, -պատասխանում է նա, — բայց մի օր պե՞տք է սկսել:

Բոլորը զարմացած են, նրանք չգիտեն, թե ինչպես այդ մարդուն ետ պահեն:
— Իսկ որտե՞ղ է ձեր վրանը:

Հասկանում եք, այդ վազորդները վազում են 20 ժամ անընդմեջ, ապա հասնում են իրենց վրանը, որտեղ հաց են ուտում, խմում են ինչ-որ բան, քնում են 2 ժամ և շարունակում են վազել մինչև հաջորդ վրանը:

Կլիֆֆ Յանգը պատասխանում է.
— Ես չունեմ վրան:
— Իսկ ի՞նչ եք դուք պատրաստվում ուտել:
— Ամեն ինչ իմ ուսապարկում է, — պատասխանում է նա:

Նա պատրաստվում էր տանել իր հետ այն ամենը, ինչը գտնվում էր ուսապարկում, 6 օր: Այդ ժամանակ մարդիկ սկսում են իրոք անհանգստանալ նրա համար: Բայց մարաթոնը սկսվում է և բոլորը կարծում են, որ Կլիֆֆ Յանգի համար ամեն ինչ կավարտվի հենց մարզադաշտում: 3 ժամ մարզադաշտի շուրջը վազելուց հետո` մարզիկներն անցնում են անապատ, իսկ Կլիֆֆ Յանգը դեռ վազում էր մարզադաշտում: Նա ևս 3-4 պտույտ ուներ անելու: Բայց նա դեռ վազում էր այդ շոգին: Եվ մարդիկ տպավորված էին այդ տեսարանով: Մեկնաբանը վերցնում է խոսափողը և ասում.

— Տիկնայք և պարոնայք, մեզ համար մեծ պատիվ է ծանոթանալ այս տարեց մարդու հետ: Մենք նրան թերագնահատեցինք, նա դեռ վազում է: Հնարավոր է, որ մենք նրան այլևս չտեսնենք:), բայց եկեք ծափահարենք նրան:

Ողջ մարզադաշտը ոտքի է կանգնում և սկսում է ծափահարել և Կլիֆֆ Յանգը անհետանում է անապատում:

20 ժամ անց առաջատար վազորդները քնած են իրենց վրաններում, իսկ Կլիֆֆ Յանգը դեռ վազում էր: Կես ժամ անց նա հասնում է վրաններին: Նա անցնու՛մ է վրանները:

Եվ մարդիկ նրան հարցնում են.
— Դուք չե՞ք ուզում քնել:
— Չեմ հասկանում, — պատասխանում է նա, — ես այստեղ եկել եմ վազելու, թե քնելու համար:

Եվ նա շարունակում է վազել: Նա վազում է ողջ գիշերը, և ողջ հաջորդ օրը, և դրա հաջորդ օրը, և նաև մյուս օրը: Նա երբեք չի քնում 45 րոպեից ավելի: Նա առաջ է անցնում բոլորից: Նա ՀԱՂԹՈՒ՛Մ Է մարաթոնը` 1,5 օրով առաջ անցնելով մյուս մարզիկներից:

Երբ որպես մարաթոնի հաղթող Կլիֆֆին պարգևատրում են 10,000 ավստրալիական դոլլարով, նա հայտնում է, որ չգիտեր մրցանակի մասին և վազքին չի մասնակցել փողի համար: Նա առանց մտածելու բաժանում է այդ գումարը իրենից հետո վերջնակետին հասած 5 մարզիկների միջև` յուրաքանչյուրին 2000 դոլլար: Կլիֆֆը իրեն չի թողնում ոչ մի ցենտ և ողջ Ավստրալիան սիրահարվում է նրան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»