« »

Կրիս Գարդներ. հաջողության պատմություն

Կրիս Գարդներ

– Մի՛ լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու ինչ որ բան չես կարող, նույնիսկ ինձ: Եթե երազանք ունես, պահիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կփորձեն համոզել քեզ, որ քեզ մոտ էլ ոչինչ չի ստացվի: Եթե նպատակ ես դրել, հասիր դրան և վե՛րջ:

Այսպես է ասում “Երջանկության փնտրումներ” ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոս Կրիս Գարդներն իր 5-ամյա որդուն: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես երիտասարդ տղամարդը, ով ոչ մի տեղ չի աշխատում, ում լքում է կինը և ով, չկարողանալով վճարել վարձերը, փոքրիկ տղայի հետ հայտնվում է փողոցում և դառնում անօթևան` ունենալով երազանք և հավատալով իր ուժերին, կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել հաջողության: Չնշեցի միայն մի բան: Ֆիլմը նկարահանված է իրական պատմության հիման վրա:

Այսօր Կրիս Գարդները հաջողակ գործարար է, միլիոնատեր և բարերար: Նրա մասին գրվում են գրքեր, նկարահանվում ֆիլմեր: Նա Christopher Gardner International Holdings ընկերության հիմնադիրն է, ներդրումներ է կատարում Հարավային Աֆրիկայում և զբաղվում է բարեգործությամբ:

Նա ծնվել է 1954 թվականի փետրվարի 9-ին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում: Փոքր տարիքում նրանց լքում է հայրը: Կրիսի մայրը երկրորդ անգամ ամուսնանում է դաժան մի անձնավորություն հետ: Չնայած անհաջող ամուսնությանը՝ նա դառնում է որդու ոգեշնչման հիմնական աղբյուրը: Նա Կրիսին սովորեցնում է լինել վստահ սեփական ուժերի նկատմամբ, երբեք չկորցնել հույսը: Հետագայում Գարդները միշտ մեջբերում է մոր խոսքերը. «Դու կարող ես հույսդ դնել միայն քո վրա: Քեզ ոչ ոք օգնության չի գա»:

Դպրոցն ավարտելուց հետո Կրիսը մտնում է ԱՄՆ ռազմածովային ուժեր, քանի որ այլընտրանք առանձնապես նա չուներ էլ: Ծառայության ժամանակ նա նշանակվում է որպես սանիտար հոսպիտալում, որտեղ էլ իր վրա է գրավում Կալիֆոռնիայում ճանաչված սրտային վիրաբույժ Ռոբերտ Էլլիսի ուշադրությունը: Բժիշկն առաջարկում է Գարդներին աշխատել որպես իր օգնական Սան-Ֆրանցիսկոյի բժշկական կենտոններից մեկում, որտեղ նա զբաղվում էր նորարարական բժշկական հետազոտություններով: Գարդներն ընդունում է առաջարկը և անցնում աշխատանքի: Ծառայությունից դուրս գալու հաջորդ 2 տարիների ընթացքում նա բավական մասնագիտանում է լաբորատորիայում իր աշխատանքի մեջ և բժիշկ Էլլիսի հետ համատեղ դառնում բժշկական ամսագրերում տպագրված տարբեր հոդվածների համահեղինակ: Բժշկության մեջ իր գիտելիքներով, փորձով և կապերով, թվում էր, թե Գարդներին փայլուն բժշկական ապագա է սպասվում: Բայց 26 տարեկան հասակում նա որոշում է, որ մինչև ունենա սեփական բժշկական փորձ, այդ մասնագիտությունն այլևս ոչ ոքի պետք չի լինի և որոշում է թողնել բժշկությունը:

1981 թվականի հունվարի 28-ին ծնվում է Գարդների առաջնեկը` Քրիստոֆերը: Նա սկսում է իր ողջ ուժերը ներդնել գումար վաստակելու և ընտանիքն ապահովելու համար: Նա աշխատում էր վետերանների խնամքի հոսպիտալում և միաժամանակ փորձում գումար վաստակել այլ աշխատանքներում: Կուտակած գումարով Գարդները կարողանում է մեկնել Լուիզիանա նահանգ, որտեղ ծանոթանում է իր կենսաբանական հոր հետ: Այնտեղից Սան Ֆրանցիսկո Կրիսը վերադառնում է բիզնեսում հաջողության հասնելու մեծ վճռականությամբ:

Օրերից մի օր փողոցում նա հանդիպում է կարմիր ֆերրարիով, կոկիկ հագնված մի տղամարդու: Գարդները հետաքրքրությունից հարցնում է, թե ինչպես է նա գումար վաստակում: Անցորդը պատասխանում է, որ ինքը բրոքեր է: Այդ մարդը Գարդների վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա որոշում է ընդունում, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվի և սկսում ծանոթանալ ֆինանսների աշխարհին: Այդ ժամանակ էլ Գարդներից հեռանում է կինը` իր հետ վերցնելով տղային: Իսկ ինքը` Գարդները, 10 օրով հայտնվում է բանտում` ավտոկայանատեղի համար իր պարտքը չվճարելու համար: Բանտից վերադառնալով տուն` նա տեսնում է, որ բնակարանը ամբողջությամբ դատարկ է. չկան կինը, տղան, ունեցվածքը, շորերը: Չունենալով փորձ, կրթություն, կապեր և անընդհատ կրելով նույն հագուստը, որով նա բանտ էր ընկել, Կրիսը դասընթացների է անցնում Dean Witter Reynolds ներդրումային ընկերությունում:

Գարդները քրտնաջան աշխատում էր, որպեսզի դառնա դասընթացների լավագույն մասնակիցը: Նա գրասենյակ էր գալիս բավականին շուտ և աշխատում մինչև մութն ընկնելը` անընդհատ զանգահարելով հաճախորդներին: Նրա նպատակը օրեկան 200 զանգն էր: Նրա համառությունը վարձատրվում է, երբ 1982 թվականին նա հանձնում է որակավորման քննությունը և անցնում մշտական աշխատանքի ընկերությունում: Հետագայում Գարդները տեղափոխվում է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Bear Stearns ընկերություն:

Ամուսնուն լքելուց 4 ամիս հետո վերադառնում է կինը և ամուսնու խնամակալությանը հանձնում որդուն: Գարդները մեծ պատրաստականությամբ ընդունում է տղայի միակ խնամակալը լինելու պատասխանատվությունը: Սակայն այնտեղ, որտեղ նա ապրում էր, չէր թույլատրվում պահել երեխաներին: Նաև 1000 դոլար ամսեկան թոշակով, առանց որևէ խնայողությունների, նա չէ կարող հոգալ իր և տղայի բոլոր ծախսերը: Եվ շուտով, չունենալով բավարար միջոցներ տուն վարձակալելու համար, նա տղայի հետ հայտնվում է փողոցում և դառնում անօթևան: Սակայն Գարդների աշխատանքային ընկերներից ոչ ոք անգամ չէր էլ կասկածում, որ մոտ մեկ տարի նրանք տղայի հետ թափառաշրջիկներ էին: Գարդներն ամեն անգամ կռիվ էր տալիս երեխային մանկապարտեզում տեղավորելու համար: Նրանք այլ անօթևան մարդկանց հետ անվճար ուտելիքի հերթեր էին կանգնում և քնում այնտեղ, որտեղ ինչ որ ապահով տեղ էին գտնում` այգիներում, հանրակացարաններում և նույնիսկ կայարանների փակ զուգարաններում: Որոշ ժամանակով Գարդներին հաջողվում է որդուն տեղավորել եկեղեցական մանկատանը:

1987 թվականից սկսվում է Կրիս Գարդների վերելքը: Նա Չիկագոյում հիմնում է Gardner Rich & Co բրոքերական ընկերությունը` ունենալով սկզբնական 10000 դոլար և գրասենյակի միակ կահույքը` փայտե սեղան, որը ծառայում էր նաև որպես ընտանեկան ճաշասեղան: Հետագայում, 2006 թվականին, բազմամիլիոնանոց գործարքի արդյունքում նա վաճառում է իր ընկերությունը և հիմնում Christopher Gardner International Holdings ընկերությունը: Այցելելով Աֆրիկա` Գարդները հանդիպում է Նելսոն Մանդելլայի հետ և միասին քննարկում Հարավային Աֆրիկայում հնարավոր ներդրումային տարբերակները: Նա տարբեր ներդրումային ծրագրեր է մշակում, որոնց արդյունքում երկրում ստեղծվում են հարյուրավոր աշխատատեղեր և ավելանում արտասահմանյան գումարների ներհոսքը այդ երկիր: Նա նաև հանդիսանում է տարբեր բարեգործական կազմակերպությունների հովանավոր: Միացյալ նահանգներում նա ֆինանսավորում է 50 միլիոն դոլար արժողությամբ մի ծրագիր, որն ապրելու տեղեր և զբաղվածություն է ստեղծում եկամուտի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար քաղաքի այն մասում, որտեղ ժամանակին ինքն անօթևան է եղել:

Նա նաև իրեն նվիրել է երեխաների բարեկեցության խնդիրներին, հանդիսանում է National Fatherhood Initiative ընկերության և մի շարք այլ հիմնադրամների անդամ: 2002 թվականին Միացյալ Նահանգներում նա ստանում է Father of the Year մրցանակը: Այսօր նրա մասին նկարահանված «Երջանկության փնտրումներ» ֆիլմը ցուցադրվում է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում` որպես ոգեշնչում անապահով և անօթևան քաղաքացիներին: Այն հանդիսանում է ֆինանսական ազատության և հաջողության հասնելու վառ օրինակ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Ով ֆիլմը չի դիտել, անպայման դիտեք: Հիանալի ֆիլմ է:

  2. Pingback: Երբեմն պետք է ոչ ոքի չլսել | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»