Հաջողակ մարդիկ

Աշխարհի ամենահարուստ կանայք

Միշտ համարվել է, որ կնոջ հիմնական առաքելությունը ընտանեկան օջախի պահպանումն է և սերնդի շարունակումը: Եվ դա այդպես է մինչև օրս: Սակայն դա չի նշանակում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Այսօր շատ կանայք նուրբ, բայց նաև ուժեղ և անկախ անհատներ են, որոնք ոչ միայն կարողանում են մեծ հաջողությունների հասնել իրենց մասնագիտական կյանքում, այլ նաև հիմնում են ընկերություններ, ղեկավարում դրանք և աշխատում միլլիարդներ: Նրանց մոտ զարգացած է սեփական արժանապատվության զգացումը և նրանք բարձր են գնահատում իրենց ունակություններն ու տաղանդները: Այդպիսի կանայք չեն բավարարվում թույլ կին կամ կին — օջախի պահապան դերով և չեն համարում, որ միայն տղամարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, գումար վաստակեն և ընտանիք պահեն: Նրանք ցանկանում են մեծ հաջողությունների հասնել:

Այս հոդվածում ձեր ուշադրության ենք ներկայացնում աշխարհի 10 ամենահարուստ կանանց: Եվ չնայած նրանց մեծ մասը իր կարողությունը և իշխանությունը ստացել է ժառանգության շնորհիվ, սակայն պահել և բազմապատկել հարստությունը նույնպես պետք է կարողանալ:

Կրիստի Ուոլտոն ($20 միլլիարդ)
Միացյալ Նահանգներում հայտնի Wal-Mart խանութների ցանցի հիմնական սեփականատերն է: Կարողությունը մնացել է նրան ամուսնու ողբերգական մահից հետո: Ջիմ Ուոլտոնը մահացել է ավիավթարում 2005 թվականի հունիսին: Այդ ժամանակ Կրիստին ժառանգեց ամուսնու հսկայական կարողությունը և դարձավ Միացյալ Նահանգների ամենահարուստ կինը: Wal-Mart ընկերությունը ստեղծվել է 1962 թվականին Ջիմ և Սեմ Ուոլտոնների կողմից: Այսօր դա աշխարհում խոշորագույն առևտրային ցանցերից մեկն է, որն ունի ավելի քան 700 խանութներ աշխարհի 14 երկրներում: Դրանցում աշխատում են մոտ 1,9 միլլիոն մարդ: Յուրաքանչյուր օր Wal-Mart-ի խանութներում սպասարկվում է ավելի քան 176 միլլիոն հաճախորդ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 315 միլլիարդ դոլլար: Ուոլտոնների ընտանիքին է պատկանում ընկերության արժեթղթերի 40%-ը: Այսօր Կրիստի Ուոլտոնը մեծ հաջողությամբ առաջ է տանում ամուսնու բիզնեսը:

Էլիս Ուոլտոն ($19,5 միլլիարդ)
Wal-Mart առևտրային ցանցում 2-րդ անձն է, հանգուցյալ Ջիմ Ուոլտոնի քույրը: Կարողությունը և բիզնեսը նույնպես անցել են նրան ժառանգությամբ: Նա ակտիվ մասնակցում է Միացյալ Նահանգների մշակույթային կյանքին, հովանավորում է հայտնի պոետների և նկարիչների: 2005 թվականին Էլիսը ձեռք է բերում աշխարահռչակ նկարիչ Աշեր Բրաունի նկարների հավաքածուն: Նրան են պատկանում նաև հայտնի նկարիչներ Վինսել Հոմերի և Էդվարդ Հոպպերի կտավները, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի բոլորին հայտնի նկարը: Այդ ամենը և այլ հայտնի նկարիչների գործերը նա պատրաստվում է ցուցադրել սեփական Կրիստալլ թանգարանում և կազմակերպել երեխաների շրջագայություններ այնտեղ: Դա նրա ամենահաջող նախագծերից մեկն է:

Լիլիան Բետանկուր ($15 միլլիարդ)
Ֆրանսիայի ամենահաջողակ և զարգացող կոսմետիկական ընկերություններից մեկի` L´Oreal-ի ժառանգն է: Նա ոչ միայն մտնում է աշխարհի ամենահարուստ կանանց մեջ, այլ նաև իր երկրի ամենահարուստ կինն է: Լիլիանը ծնվել է 1922 թվականին, ֆրանսիացի քիմիկ Էժեն Շուլերի ընտանիքում: 1907 թվականին Շուլերը ստանում է մազերի ներկման նոր քիմիական բանաձև և առաջարկում այն գեղեցկության մրցույթներից մեկի մասնակիցներին: Դա նրանց այնքան է դուր գալիս, որ նրանց հիացմունքը ոգեշնչում է Շուլերին ամբողջությամբ տրվել մազերի ներկի արտադրությանը: Արդյունքում, 1909 թվականին գրանցվում է L`Oreal ընկերությունը:

Սուզաննա Կլատտեն ($12 միլլիարդ)
Նա համարվում է գերմանիայի ամենահարուստ կինը: Նրան են պատկանում Altana խոշոր դեղագործական ընկերության արժեթղթերի մոտ 51%-ը և BMW ընկերության արժեթղթերի 12%-ը: Որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրի ավտոմեքենաշինական արդյունաբերության առանձնա-հատկությունները, նա 80-ականների կեսերին աշխատում է BMW ընկերությունում որպես ինժեներ, որտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու հետ, որից այժմ երեք երեխա ունի: Այսօր Սուզաննան հանդիսանում է խոշոր գործարար: Նա և նրա ընտանքիը վարում են հանգիստ կյանք` նախընտրելով գոլֆն ու Ավստրիայում դահուկներով սահելը խոշոր և աղմկալի միջոցառումներից:

Բիրգիտ Ռաուզինգ ($11 միլլիարդ)
Բնակվում է Շվեցարիայում: Միլլիարդատերը արդեն 85 տարեկան է և նրան հազվադեպ են տեսնում իր Tetra Laval ընկերությունում, որը զբաղվում է փաթեթավորումների արտադրությամբ: Ընկերության գլխավոր աթոռները արդեն զբաղեցնում են նրա երեխաները: Ընկերությունը Բիրգիտին ժառանգել է հանգուցյալ ամուսինը` Գոդա Ռաուզինգը: Աշխարհահռչակ Tetra Laval ընկերության պատմությունը սկսվում է 1952 թվականին, երբ Ռուբեն Ռաուզինգը աշխարհին է ներկայացնում կաթի առաջին քառանիստ փաթեթավորման տարբերակը: Այդ ժամանակից սկսած երկրագնդի բնակչության մեծ մասը արդեն ծանոթ է քառանիստ փաթեթավորման հետ, իսկ ընկերությունը արտադրում է մոտ 70 միլլիարդ փաթեթավորում տարեկան:

Ժակլին Մարս ($9,5 միլլիարդ)
Ամերիկյան Mars շոկոլադային ընկերության ժառանգն է: Դեռ նրա պապիկն է սկսել շոկոլադային սալիկների արտադրությունը, իսկ նրա հայրը աշխարհին է նվիրել բոլորին հայտնի M&Ms-ը: Մարսերի ընտանիքը ամենահայտնիներից և հարուստներից մեկն է Միացյալ Նահանգներում: Mars ընկերության պատմությունը սկսվում է 1911 թվականին, երբ Վաշինգտոնում Ֆրանկ Մարսը և նրա կին Էդելը պատրաստում և վաճառում են իրենց առաջին կոնֆետը: Այսօր ընկերության արժեթղթերը գնահատվում են ավելի քան 14 միլլիարդ դոլլար:

Էնն Կոկս Չեմբերս ($9 միլլիարդ)
Էնն Կոկսը բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա 90 տարեկան է: Կարողությունը ստացել է հորից: Նրա հայրը, որը ժամանակին լրագրող էր աշխատում, 1898 թվականին գնում է Dayton Daily News թերթը, իսկ 1950 թվականին ձեռք է բերում Atlanta Constitution-ը: Այսօր Էննը և նրա քույր Բարբարան հանդիսանում են Cox Newspapers մեդիա-ընկերության արժեթղթերի 98%-ի սեփականատերը: Ընկերությունը ընդգրկում է բազմաթիվ հեռուստաալիքներ, ռադիոալիքներ, ինչպես նաև թերթեր: Էննը հասարակական գործունեությամբ երբեք չի զբաղվել, իսկ նրա քույր Բարբարան նախագահ Կարտերի ժամանակ եղել է ԱՄՆ-ի դեսպանը Բելգիայում:

Աբիգայլ Ջոնսոն ($8,5 միլլիարդ)
Նա հոր` Էդվարդ Ջոնսոնի հետ միասին ղեկավարում է Fidelity Investments ընկերությունը Բոստոնում: Հանդիսանում է ամերիկյան հայտնի բիզնես անձնավորություն ֆինանսների աշխարհում: Ունի փայլուն ֆինանսական կրթություն: Նրանց պատկանող Fidelity Investments ընկերությունը համարվում է աշխարհում խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը, որտեղ Աբիգայլը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը:

Սավիտրի Ջինդալ($6 միլլիարդ)
Սավիտրին ապրում է Հնդկաստանում և զբաղվում է մետաղագործական արդյունաբերությամբ: Նրա O.P. Jindal Group հոլդինգը հայտնի է ողջ աշխարհում: Ժառանգությունը ստացել է ամուսնու` Օմա Պրակաշայի մահից հետո: Հանդիսանում է 9 երեխաների մայր: Ավիավթարում ամուսնու մահից հետո նա իր շուրջն է միավորում բոլոր երեխաներին և շարունակում ամուսնու գործը: Նրա 4 տղաներից յուրաքանչյուրը հանդիսանում է O.P. Jindal Group-ի բաժնետեր: Իսկ նրանց համատեղ ընկերությունը հանդիսանում է մետաղագործության ոլորտում խոշորագույնը աշխարհում:

Շարլին Դե Կարվալո-Հայնեկեն ($5,5 միլլիարդ)
Ազգությամբ հոլանդուհի Շարլինը արդեն վաղուց ապրում է Լոնդոնում: Նրան է պատկանում Heineken գարեջրային ընկերության արժեթղթերի հսկիչ փաթեթը: Ընկերությունը հանդիսանում է աշխարհում 3-րդ խոշորագույն գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը:

Եթե դուք կին եք և կարծում եք, որ ձեր բոլոր նպատակների իրականացման համար ձեզ հարուստ ամուսին և կապեր են անհրաժեշտ, դուք ուղղակի չեք հավատում սեփական ուժերին: Մի մտածեք դրա մասին, այլ ուղղակի վստահ շարժվեք առաջ: Ձեր գլխավերևում անպայման կվառվի հաջողության աստղը: Երեխաները և ընտանիքը դեռ պատճառ չեն հանձնվելու համար: Դա պետք է միայն ձեզ ոգևորի և ավելի շատ ուժ տա: Աշխարհի բոլոր ամենահարուստ կանայք ունեն երեխաներ: Եվ չնայած դրան, նրանք կարողանում են աճել և հաջողությունների հասնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»