Հաջողակ մարդիկ

Ջոան Ռոուլինգ. հաջողության պատմություն

«Եթե ինչ-որ մեկը հարցնի ինձ հաջողության հասնելու իմ եղանակի մասին, ապա ես կպատասխանեմ, որ նախ պետք է հասկանալ, թե ինչով է ձեզ ամենաշատը դուր գալիս զբաղվել կյանքում, ապա գտնել նրան, ով կվճարի ձեզ դրա համար: Ես մեծ հաջողություն եմ համարում այն, որ զբաղվում եմ իմ սիրած գործով»: Ջոան Ռոուլինգ:

Այսօր Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում: Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում: Նա արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների, այդ թվում հեղինակավոր OBE (Order of the British Empire) մրցանակին:

Միջազգային հռչակ ունեցող հեքիաթների հեղինակի հաջողության պատմությունը հիշեցնում է Մոխրոտիկի մասին հեքիաթը: Ջոան Ռուլինգը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին, Անգլիայում: Մանուկ հասակում Ջոանը փոքրիկ, կլորադեմ աղջիկ էր, որն ակնոցներ էր կրում: Այդ պատճառով հասակակիցները նեղացնում էին նրան: Նա ստիպված էր լինում անընդհատ զսպել շրջապատի ծաղրանքներն ու վիրավորանքը: Չնայած դրան` Ջոանը մեծանում էր մեծ երևակայությամբ: Նա շատ էր սիրում հեքիաթներ պատմել: Իր առաջին հեքիաթը նա գրում է 6 տարեկանում:

9 տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվում է Տատսխիլլ: Դա փոքրիկ քաղաք էր Լոնդոնի մերձակայքում: Նա սկսում է հաճախել նոր դպրոց, որտեղ առաջ են գալիս նոր խնդիրներ: Դպրոցն իրենից ներկայացնում էր փոքրիկ, հնաոճ մի շենք: Ջոանի նոր ուսուցչուհու անունն էր միսսիս Մորգան և Ջոանը նրանից շատ էր վախենում: Միսսիս Մորգանը նստեցնում էր Ջոանին վերջին շարքի աջ կողմում գտնվող նստարանում: Այդտեղ էին նստեցնում «ամենահիմարներին»: Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը որոշում է ընդունվել Էկզետեր քաղաքի համալսարան` ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, որտեղ խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն:

Մի անգամ գնացքը, որով նա գնում էր, հանկարծակի խափանվում է ճանապարհին և երկար կանգնում դաշտի մեջտեղում: Պարապությունից Ջոանը սկսում է դուրս նայել պատուհանից: Այդ պահին նրա երևակայությունում հայտնվում է սևամազ տղայի պարզ պատկերը` կլոր ակնոցներով և սպիով ճակատի վրա: Ջոանը պարզ հասկանում էր, որ այդ տղան հրաշագործ է, որ շուտով նրան կհրավիրեն հրաշագործների դպրոց և այդտեղ ամեն ինչ կսկսվի:

«Ես 4 ժամ անցկացրեցի գնացքում: Իրականում պետք է ավելի քիչ լիներ, բայց գնացքը երկար կանգնեց: Եվ հայտնվեց Հարրին: Այնտեղ էին նաև ամրոցի այլ բնակիչները` Գրեթե Անգլուխ Նիկը և Պիվզը: Կար նաև Հարրիի սպին և ես մոտավորապես գլխի էի ընկնում դրա ծագման մասին: Դա տարօրինակ է, բայց ես գիտեմ, որ շատ գրողների մոտ է այդպես լինում: Կարծես ինձ տվեցին ինֆորմացիայի մի մասը, իսկ մնացածը ես ինքս պետք է գտնեի: Ընդ որում, ես այնպիսի զգացողություն չունեի, որ ինչ-որ բան եմ հորինում»:

Տուն վերադառնալուն պես նա նստում է սեղանի մոտ և սկսում գրել: Այդ նույն տարի մահանում է Ջոանի հիվանդ մայրը, որը ընդամենը 45 տարեկան էր: Բնակարանը, որտեղ ապրում էր Ջոանը, թալանում են և նա որոշում է տեղափոխվել ընկերոջ մոտ, բայց նրանց հարաբերությունները վատանում են, ապա ընդհատվում: Նա ստիպված տեղափոխվում է քաղաքի ծայրամասում գտնվող ոչ մեծ հյուրանոց: Նոր բնակավայրը ցուրտ էր և ոչ հարմարավետ: Միակ բանը, որ ուրախացնում էր, որ այնտեղ հանգիստ էր և ոչ ոք չէր խանգարում գրել:

Մեկ տարի անց Ջոանը տեղափոխվում է Պորտուգալիա` դասավանդելու անգլերեն լեզու: Այնտեղ էլ նա ծանոթանում է ապագա ամուսնու հետ: 1992 թվականին տեղի է ունենում նրանց հարսանիքը: Շուտով ամուսնուն կանչում են զինվորական հավաքների և մի քանի ամիս նա բացակայում է: Ամուսնու բացակայության ժամանակ Ջոանը գրում է «Փիլիսոփայական քար»-ի առաջին 3 գլուխները: 1993 թվականի հուլիսի 27-ին ծնվում է նրանց աղջիկը` Ջեսիկան: Իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինը վռնդում է Ջոանին երեխայի հետ միասին: Նրան ոչինչ չէր մնում անել, քան վերադառնալ քրոջ մոտ` Էդինբուրգ:

Քրոջ մոտ երկար մնալ Ջոանը չէր կարող, այդ պատճառով էլ նա վարձակալում է փոքրիկ բնակարան և աղջկա հետ տեղափոխվում այնտեղ: Դառնալով միայնակ մայր` նա ապրում էր պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար:

Ջոանի համար դժվար էր անընդհատ գտնվել տանը, քանի որ մռայլ մտքերը սկսում էին նրան տանջել: Որպեսզի ինչ-որ ձև շեղվի, նա ամեն օր աղջկա հետ դուրս էր գալիս զբոսնելու: Նա երեխային ման էր տալիս անվասայլակով այնքան ժամանակ, մինչև նա կքնի: Ապա տեղավորվելով ոչ մեծ «Նիկոլսոնս» սրճարանի սեղաններից մեկի մոտ` նա մի բաժակ սուրճով սկսում էր երևակայել: Երբեմն անձրևային երեկոներով, երբ գնալու տեղ չկար, նա նստում էր տանը: Աղջիկը հանգիստ քնած էր, հատակի տակից լսվում էր մկների ձայնը, իսկ Ջոանը գրում էր: Այդ ժամանակ նրան թվում էր, որ իր կյանքի աղքատ ու դժբախտ այդ հատվածը երբեք չի ավարտվի: Բոլոր այդ խնդիրները, որ միանգամից հայտնվեցին նրա կյանքում, անընդհատ ճնշում էին: Մոռանալ դրանց մասին Ջոանը կարողանում էր միայն գրասեղանի մոտ:
«Դա մարտահրավեր էր և եթե ես չսկսեի գրել, ես հաստատ կգժվեի», — հիշում է Ջոանը:

Հինգ տարվա ընթացքում Ջոանը սցենար է մտածում Հարրի Փոթթերի 7 գրքերի համար: Վերջին գիրքն ավարտելուց հետո` նա պատմում է այդ մասին կրտսեր քրոջը: Քրոջ հետ խոսալուց հետո Ջոանը ձեռք է բերում հին տպագրական մեքենա և տպագրում է «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» ձեռագիրը: Ապա նա ուղարկում է գրքի նմուշը գրական գործակալի մոտ: Ջոանը դրական արձագանքի էր սպասում գրքի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց գալիս է պատասխանը` «շատ երկար է»: Մերժումները հաջորդում էին մեկը մյուսին:

1995 թվականին գիրքը հայտնվում է «Բլումբերգ» հրատարակչական ընկերությունում, որը զբաղվում էր մանկական գրքերի հրատարակչությամբ: Գրական գործակալ Քրիստոֆեր Լիտտելը խորհուրդ է տալիս գիրքը փոխանցել հատուկ մանկական փորձագետների խորհրդին, որը կազմված էր տարբեր տարիքի երեխաներից: Կարդալուց հետո երեխաները հիացմունքի մեջ էին: Գիրքը որոշում են հրատարակել: 1997 թվականին դուրս է գալիս Ջոանի առաջին գիրքը և այն միանգամից մրցանակ է ստանում: Ստացած գումարով նա իրեն համակարգիչ է գնում: 2000 թվականին նրա առաջին երեք գրքերը վաճառվում են 35 միլիոն քանակությամբ, թարգմանվում 35 լեզուներով և բերում առաջին 480 միլիոն դոլար եկամուտը: Բոլոր գրքերի սցենարներով նկարահանված են հայտնի ֆիլմեր:

Այսօր Ջոան Ռոուինգի գրքերը մեծ հեղինակություն են վայելում ընթերցողների շրջանում: Նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողն է: Հարրի Փոթթերի մասին պատմությունները բերում են նրան բազմաթիվ մրցանակներ և անհավատալի հաջողություն: Արքայազն Չարլզը արժանացրել է նրան Բրիտանական Կայսրության Ասպետի շքանշանի` մանկական գրականությունում ունեցած հեղինակավոր ներդրման համար:

P.S.
Գրել կարող է յուրաքանչյուրը: Միգուցե՞ դուք նույնպես փորձեք հասնել հաջողության:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»