«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք

Ոչ հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը, հաջողակները` իրենք իրենց (Ալֆրեդ Դանիել Բրյունե):

Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը բարձր ինքնագնահատականն է: Ինքնագնահատականը դա այն է, ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, ինչպես ենք մեզ տեսնում և ում ենք մեր մեջ տեսնում: Այդ հատկանիշը ձևավորվում է մեզ մոտ փոքր տարիքից և կախված տարբեր հանգամանքներից` կյանքի ընթացքում անընդհատ կարող է փոխվել: Շատ մարդիկ իրենց ողջ կյանքն ապրում են ցածր ինքնագնահատականով և դա նրանց չի թողնում շարժվել առաջ, բայց իրականում նրանք ավելին են արժանի և նրանց հնարավորությունները շատ անգամ ավելի մեծ են, քան իրենք ենթադրում են: Պատճառներից մեկը այն է, որ մենք սովորաբար նկատում ենք բացասականը, իսկ դրականը մեր կողմից ընդունվում է որպես սովորական: Բացասականի վրա կենտրոնացումը և դրա մասին մտածելը արմատներ է գցում ենթագիտակցությունում, որն էլ ազդում է մեր ինքնագնահատականի վրա:

Ինքնագնահատականի բարձրացումը շատ կարևոր է հաջողության համար: Բարձր ինքնագնահատականը բերում է վստահ և վճռական գործողությունների, իսկ ցածրը` անվստահության և վախի զգացմունքի: Եթե դուք վստահ չեք ձեր վրա, ապա դա զգում են շրջապատի մարդիկ: Ինչպե՞ս նրանք կարող են հավատալ ձեզ, եթե դուք ինքներդ չեք կարողանում հավատալ ձեր ուժերին: Վստահ եղեք ձեզ վրա և միշտ հիշեք, որ բարձր ինքնագնահատականը ազդում է ձեր գործողությունների վրա, իսկ ձեր գործողություններից կախված է ձեր կյանքը:

ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1. Մենք ապրում ենք հասարակությունում և անընդհատ շփվում ենք բացասական տրամադրված մարդկանց հետ:
Հաջողակ մարդիկ միշտ էլ փոքրամասնություն են կազմում, բայց նրանց հաջողվում է դուրս պոկվել հասարակությունից: Դրա համար անհրաժեշտ է լինում դեմ գնալ հասարակության կողմից ընդունված կանոններին, անել այնպիսի քայլեր, որոնք շատերի համար անհասկանալի են թվում, վստահել սեփական ուժերին և շարժվել սրտի թելադրանքով: Իսկ դա բավականին դժվար է: Ամեն քայլափոխին ձեզ շեղում են և վստահեցնում, որ դուք սխալ ճանապարհով եք շարժվում: Ձեզ անընդհատ փորձում են համոզել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, որ դուք անհաջողության կմատնվեք: Ովքեր չեն դիմանում այդ ճնշմանը, ընտրում են ավելի հեշտ ճանապարհ` միանալ հասարակությանը և հրաժարվել նպատակներից: Այդպիսի մարդիկ շատ են, հասարակությունը ուղղակի գողանում է նրանց երազանքները: Բայց միշտ հիշեք, եթե դուք ուզում եք ապրել ոչ սովորական կյանքով, ապա պետք է այնպիսի քայլեր անեք, որոնք չեն անում սովորական մարդիկ:

2. Մարդու ունակությունները, արտաքին տեսքը կամ բանականությունը ծաղրանքի առարկա են դարձել կամ թերագնահատվել ծնողների, ուսուցիչների, ընկերների կամ այլ մարդկանց կողմից:
Անկախ նրանից, լավ եք դուք անում ինչ-որ բան, թե վատ, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ձեզ կքննադատեն: Կամ նրա համար, որ դուք ինչ-որ բան չեք արել, կամ էլ` որ արել եք: Ցանկացած քննադատության հիմքում ընկած է սեփական կարևորությունը բարձրացնելու զգացումը: Երբ դուք առաջ եք շարժվում, ձեր ետևում թողնում եք շատ մարդկանց և նրանցից ոմանք ցանկանում են իջեցնել ձեզ խոսքերով: Ուշադրություն մի դարձրեք քննադատություններին, մի մտածեք դրանց մասին, ուղղակի շարժվեք առաջ:

3. Մեծ նշանակություն տալ ինչ-որ իրադարձության, որում մենք ժամանակին անհաջողություն ենք կրել:
Անհաջողությունները` դրանք հաջողության բաղկացուցիչ մասն են: Չկա մի հաջողակ մարդ, որը հաջողության հասնելու իր ճանապարհին անհաջողություններ չի կրել: Եթե ձեզ մոտ անհաջողություն է լինում, պետք չէ ասել, որ դուք անհաջողակ եք: Ուղղակի դրանից հետևություններ արեք և շարժվեք առաջ: Երբեմն անհաջողությունները դրանք թաքնված հնարավորություններ են: Պետք չէ ինչ-որ մի անգամ պատահած անհաջողությունը դարձնել ողջ կյանքի անհաջողություն` դա ճիշտ չէ: Դուք կորցնում եք վստահությունը ձեր հանդեպ և ձեռք եք բերում մեղավորության կեղծ զգացում: Մոռացեք անցյալը` կենտրոնացեք ապագայի վրա:

4. Ուրիշ մարդկանց հետ համեմատվելը:
Պետք չէ համեմատվել այլ մարդկանց հետ, քանի որ դուք տարբեր եք: Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է և ունի սեփական արժեքներ: Սովորաբար մարդիկ համեմատում են իրենց թերությունները ուրիշների ուժեղ կողմերի հետ: Իհարկե նրանք դրանում առավել են ձեզանից, չէ որ դա նրանց հաջողությունն է: Ձգտեք նմանվել հաջողակ մարդկանց, բայց հասկացեք, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

5. Այնպիսի նպատակների ընտրություն, որոնց հասնելը իրական չէ:
Երբեմն մարդիկ այնպիսի մեծ նպատակներ են իրենց առջև դնում, որ դրանց հասնելը կարճ ժամանակում գրեթե անհնար է: Իհարկե նրանք չեն հասնում այդ նպատակներին, որի արդյունքում էլ ինքնագնահատականը գնում է սխալ ուղղությամբ` դեպի ներքև: Եվ նրանք դադարում են հետագայում այլ նպատակներ դնել, քանի որ դա արդեն կապված է բացասական փորձի հետ: Չկան անհնար նպատակներ, կան անհնար ժամկետներ:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն մեթոդներից մեկը ինքնաներշնչումն է: Դուք պետք է անեք դա, քանի որ մարդիկ միշտ չէ, որ արդար են լինում: Եթե դուք աշխատանքը վատ եք անում, ձեզ կշտամբում են դրա համար: Լավ անելու դեպքում նույնպես գտնվում են մարդիկ, որ գտնում են ինչ-որ բան, որի համար ձեզ կարելի է կշտամբել: Դուք պետք է գիտակցաբար ձևավորեք ձեր ինքնագնահատականը, հակառակ դեպքում դա ձեզ չի հաջողվի: Իսկ դրա համար ձեզ կօգնեն ինքնաներշնչման սկզբունքները:

Առաջարկում ենք ձեզ մի քանի եղանակներ ինքնագնահատականը բարձրացնելու, ձեր դրական կերպարը ստեղծելու և պահելու համար: Դրանք բավականին պարզ են, բայց շատ արդյունավետ:

1. Հայելի
Ավելի հաճախ նայեք ձեզ հայելում: Եվ երբ նայում եք, դրական խոսքեր ասեք ձեր մասին, ինչն է ձեզ ձեր մեջ դուր գալիս: Օրինակ` “դու հաջողակ մարդ ես”, “ես քեզ հավատում եմ”, “քո մոտ ամեն ինչ կստացվի”, “դու շրջապատված ես մարդկանցով, որոնք քեզ սիրում են”, “դու միշտ ընդունում ես ճիշտ որոշումներ”, “դու ծնվել ես, որպեսզի հաջողակ լինես”, “դու կօգնես այլ մարդկանց նույնպես հաջողության հասնելու” և այլն: Գտեք ձեր բոլոր դրական կողմերը: Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք: Եթե ինչ-որ բան ձեր արտաքինում ձեզ դուր չի գալիս, սկսեք նկատել դրանում միայն հիասքանչը: Ուղղակի չի կարող այնպես լինել, որ դուք միայն թերություններ ունենաք: Կենտրոնացեք ձեր առավելությունների վրա: Եվ ժամանակի ընթացքում ձեր կերպարը կփոխվի, ինքնաներշնչումը կտա անհավատալի արդյունքներ:

2. Հաջողության օրագիր
Վերցրեք մաքուր տետր և մեծ տառերով դրա կազմի վրա գրեք “Հաջողության օրագիր”: Դրանում ամեն օր լրացրեք այն բոլոր հաջողություններն ու փոքրիկ հաղթանակները, որոնք դուք ունեցել եք օրվա ընթացքում: Պետք է գրել միայն դրականը, օրինակ թե ինչպես հիանալի դուք լուծեցիք ինչ-որ խնդիր կամ հաղթահարեցիք ինչ-որ խոչընդոտ: Բացասականը ամբողջությամբ մոռանում եք և բաց թողնում: Ցանկալի է, որ ձեր օրագրում դուք անեք օրեկան գոնե 5 գրառում: Դրանք կարող են լինել շատ փոքր գործեր: Դա կարող է լինել օրինակ ինչպես դուք օգնեցիք տատիկին անցնել փողոցը, ինչպես գործընկերը ձեզ հաճոյախոսություն արեց, ինչպես ձեզ հաջողվեց հիանալի գործարք կնքել, ինչպես դուք նոր գիրք կարդացիք և այլն: Սկզբում կարող է բավականին դժվար լինել: Դուք անընդհատ հարցնելու եք ձեզ, իսկ արժի՞ սա էլ գրել: Կանոնը պարզ է` եթե կասկածում եք, միշտ ընդունեք դրական որոշում: Ավելի լավ է ձեզ մոտ վստահության ավելցուկ լինի, քան պակաս: Եվ եթե ձեր կյանքում առաջ գան դժվար ժամանակներ, ինչ-որ խնդիրներ լինեն, երբ ձեզ չի խանգարի լրացուցիչ վստահությունը, ուղղակի բացեք “Հաջողության օրագիրը” և կարդացեք: Դա կօգնի բարձրացնել ձեր ինքնագնահատականը:

3. Ստեղծեք ձեր կերպարը և պահեք այն ձեր գլխում
Բոլոր նշված մեթոդներից սա ամենադժվարն է, բայց այն տալիս է զգալի արդյունքներ: Դրա իմաստը այն է, որ պետք է ձեր գլխում ստեղծեք սեփական նոր կերպարը: Փորձեք ստեղծել այդ կերպարը հնարավորինս չափ մանրամասն: Ինչքան հստակ այն լինի, այդքան շուտ դուք կհասնեք դրան: Նկարագրեք, թե ինչպես եք դուք ձեզ տեսնում տարբեր իրավիճակներում, նկարագրեք ձեր բնավորությունը, հագնվելու ոճը: Եվ օրեկան մի քանի անգամ մտածեք այդ նոր կերպարի մասին այնքան, մինչև այն կներծծվի ձեր ենթագիտակցությունում:

Ընդհանուր առմամբ ամեն ինչ բերվում է հետևյալին` պետք է չմտածել բացասականի մասին և կենտրոնանալ դրականի վրա: Եթե հեռուստացույցով վատ լուրեր ու պատահարներ են անընդհատ ցուցադրում` մի նայեք հեռուստացույց: Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք միշտ բացասական են տրամադրված` խուսափեք նրանց հետ շփումներից, գոնե ժամանակավոր: Եթե ձեր աշխատանքի վայրում ձեզ լավ չեք զգում` փոխեք աշխատանքի վայրը: Դուք պետք է հստակորեն հասկանաք, թե ինչ եք ուզում կյանքում, ինչ մարդ եք ցանկանում դառնալ, ինչի եք ցանկանում հասնել: Գլխում ստեղծեք ձեր այն կերպարը, որն իվիճակի է հասնել այդ ամենին: Պետք է անընդհատ մտածեք այդ կերպարի մասին և ժամանակի ընթացքում այնպիսի զգացողություն ձեռք բերեք, որ այդ ամենը կարծես թե արդեն տեղի է ունեցել: Դուք պետք է զգաք ձեզ ձեր կերպարի պես: Դա ձեզ հնարավորություն կտա ձեռք բերել անհրաժեշտ սովորույթներ: Երբ որ դա տեղի ունենա, երևի թե դուք ինքներդ էլ կհասկանաք, թե ինչ է ձեզ մնում անել: Հիշեք, անհնար բան չկա, ուղղակի պետք է ցանկանալ և աշխատել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Այս ամբողջը կարդալով` ես հասկացա, որ իմ մեջ լիքը բան պետք է փոխել: Ու ես այսօրվանից կայացնում եմ որոշում, որ փոխվեմ դեպի այնպիսի կերպարի, որը ես ինձ պատկերացրի: Ու ես վստահ եմ, որ իմ մոտ ամեն ինչ կստացվի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»