Հաջողակ մարդիկ

Ուոլտ Դիսնեյ. մանկական երազանքից մինչև միլիոններ

Հաճախ հայտնի և հաջողակ մարդիկ ունենում են ոչ երջանիկ մանկություն: Միգուցե դա է պատճառը, որ չնայած բոլոր դժվարություններին, նրանք հետագայում ձգտում են հասնել հաջողության, որպեսզի լրացնեն իրենց կյանքի սկզբնամասում բաց թողնվածը: Ուոլտ Դիսնեյը բացառություն չէ: Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր: Ուոլտի հայրը խիստ մարդ էր և անընդհատ ծեծում էր երեխաներին: Ընտանիքը աղքատ էր ապրում և երեխաները միշտ էլ խաղալիքների պակաս էին զգում: Փոքրիկ Ուոլտը սիրում էր նկարել, որի համար նրան հաճախ պատժում էր հայրը, քանի որ բոլոր նկարիչներին համարում էր “անբաններ”: Բայց ցանկությունն ու երազանքը ամենից ուժեղն են: Այդ պատճառով, չունենալով թուղթ և մատիտ, 4-ամյա Ուոլտը փայտով և ածուխով տուն է նկարում իրենց տան պատին: Դա միգուցե նրա առաջին նկարն էր:

Ավելի շատ Ուոլտը ցանկանում էր նկարել այնպիսի նկարներ, որոնք հանդիպում էին ծաղրանկարներում: Սակայն դրա համար նրա մոտ ազատ ժամանակ չէր մնում: Բայց մի անգամ, երբ նա ժամանակ է գտնում թղթի կտորի վրա նկարել հարևանի ձիուն, նմանությունը այնքան մեծ է լինում, որ հարևանը 25 ցենտ է վճարում նկարի համար: Իսկ արդեն 40 տարի անց նրա նկարները հազարավոր դոլարներով վաճառվում էին աճուրդներում: Բացի այդ Դիսնեյը մանկուց ուներ ևս մեկ երազանք: Նրանց ֆերմայի հարևանությամբ, ցանկապատից այն կողմ, գտնվում էր գեղեցիկ մի առանձնատուն: Այդ ժամանակ էլ Ուոլտը որոշում է, որ անպայման կկառուցի մի մեծ տուն, որտեղ կլինեն տարբեր զվարճանքներ երեխաների համար: Ինչպես արդեն գիտեք, իր այդ երազանքը Ուոլտը իրականացրեց:

Ուոլտ Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին, Չիկագոյում: Աշխատել սկսել է մանուկ հասակում: Ութ տարեկանից սկսած նա արթնանում էր առավոտյան 3:30 և թերթեր բաժանում, իսկ ստացած ողջ գումարը տալիս էր հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Հենց դրանով էր զբաղվում նրա հայրը, որը երկար ժամանակ գտնվում էր աղքատության մեջ: Ուոլտը մեծ հաճույքով էր անում իր գործը: Բայց նրա ամենամեծ հոբին մնում էր ամենատարբեր նկարներ նկարելը: 1920 թվականին նա ավարտում է Չիկագոյի արվեստի համալսարանը: Այդ ժամանակ էլ սկսնակ նկարիչ Ուոլտի առջև հարց է ծագում` որտե՞ղ աշխատել: Սկզբում նա աշխատանք է գտնում ռեստորաններից մեկում, որտեղ պահանջվում էին ուրախ գովազդային նկարներ: Տնօրենը դժվարությամբ է աշխատանքի ընդունում Ուոլտին և բացի այդ վճարում էր ընդամենը 50 դոլար շաբաթական:

Սկսելով լրջությամբ հետաքրքրվել անիմացիաներով` Ուոլտը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ է ընկնում դեպի Հոլլիվուդ: Սակայն գալով Հոլլիվուդ` նա բախվում է բազմաթիվ այլ խնդիրների: Ընդհանրապես տեղեր չկային սկսնակ կինոգործիչների համար, էլ ինչ ասել սովորական նկարիչ-անիմատորի մասին, որը նոր էր եկել համաշխարհային կինոարտադրության կենտրոն և ինչ-որ բան էր պահանջում: Բայց Ուոլտը չէր պատրաստվում հանձնվել: Նա սկսում է այցելել տարբեր Հոլիվուդյան “գործակալություններ” և ընկերություններ, անում ամեն ինչ, միայն թե գտնի նորմալ աշխատանք: Եվ մի անգամ, լրիվ պատահական, նա հանդիպում է անկախ գործակալ Մաքս Ֆլեյշերին, որը զբաղվում էր տարբեր ֆիլմեր հոլիվուդյան “առաջին շարքեր” դուրս բերելով: Ուոլտը նրան առաջարկում է փոխշահավետ համագործակցություն, բացատրելով, որ նրանից պահանջվում է միայն այնպես անել, որ իր մուլտիպլիկացիոն նկարները հասանելի դառնա հասարակությանը: Ընդ որում, եկամուտի հիմնական բաժինը ստանալու էր գործակալը:

Ուոլտը, հետաքրքրվելով Մաքս Ֆլեյշերի մուլտիպլիկացիոն նկարներով, նկատում է, որ Ֆլեյշերը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում` համատեղելով մուլտիպլիկացիան իրական նկարահանումների հետ: Այսինքն, մուլտիպլիկացիոն հերոսը ասես հայտնվում էր իրական աշխարհում: Բայց նա չի օգտագործում Ֆլեյշերի նորարարական միտքը: Ուոլտը ամեն ինչ այլ կերպ է անում` նա մտցնում է ԻՐԱԿԱՆ հերոսին մուլտիպլիկացիոն աշխարհ, որն իրականում ավելի դժվար էր:

Առաջին հերթին պետք էր ընտրել սցենար: Ուոլտը մանկուց սիրում էր “Ալիսան հրաշքների աշխարհում” գիրքը, այդ պատճառով էլ որոշում է նկարահանել մուլտֆիլմ այդ կերպարի մասնակցությամբ` փոքրիկ աղջնակ Ալիսայի: Մուլտֆիլմի ստեղծումը պահանջում էր անընդհատ լարված աշխատանք: Ուոլտը չէր կարողանում գիշերները երկար քնել, այդ պատճառով էլ վարձում է երկու սկսնակ նկարիչների: Դա նրա ընկերներն էին, որոնք սովորել էին նույն գեղարվեստի դպրոցում, որտեղ ժամանակին Ուոլտը: Հետագայում նրանք դառնում են “Բոսկոյի արկածները”, “Բարնի արջը” և “Բերկրալի հարմոնիա” մուլտիպլիկացիոն շարքերի հեղինակները: Դիսնեյը բացատրում է տղաներին իր պահանջները մուլտիպլիկացիոն կինոնկարի վերաբերյալ և աշխատանքը սկսում է եռալ: Ալիսայի մասնակցությամբ մուլտիպլիկացիոն կինոնկարները սկսում են ճանաչվածություն ձեռք բերել հանդիսատեսների շրջանում:

1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ Մորտիմերին, ապագա Միկկի Մաուսին: Նրա մասին առաջին մուլտֆիլմը ձայնային մուլտֆիլմ էր, բայց մուլտֆիլմի ֆոնի վրա ուղղակի հնչում էր սովորական երաժշտություն և վերջ: Սակայն Միկկի Մաուսի մասին հաջորդ մուլտֆիլմը փոխում է բոլոր պատկերացումները ձայնային մուլտիպլիկացիոն նկարների մասին:

1928 թվականին, մուլտիպլիկացիոն վարպետ Ուոլտեր Էլիաս Դիսնեյի գլխավորությամբ, դուրս է գալիս առաջին իսկական ձայնային մուլտֆիլմը: Մուլտֆիլմը ընդունվում է հասարակության կողմից: Սկսվում է Դիսնեյի հաջողության ճանապարհը: Սակայն նա անընդհատ շարունակում էր ինչ-որ նոր բաներ հորինել: Որոշ ժամանակ անց նա ստեղծում է իր առաջին մուլտիպլիկացիոն շարքը: Ապա ստեղծվում է նաև առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը: 1953 թվականին Դիսնեյը որոշում է կառուցել Դիսնեյլենդը` ինքնատիպ զբոսայգի երեխաների համար, որտեղ կլինեին նաև Միկկի Մաուսը, նրա կին Միննին և այլ տիկնիկ-կերպարներ: Դիսնեյլենդի բացումը տեղի է ունենում 1958 թվականին: Հազարավոր երեխաների համար այն դառնում է ամենասիրելի վայրը: Այն հարցին, թե ինչու՞ եք դուք բացել այս զբոսայգին, Դիսնեյը պատասխանում է. “Ես ուզում եմ ապացուցել, որ մանկությունը մեր կյանքի ամենահիանալի հատվածն է”: Պատճառներից մեկն էլ, որի համար Դիսնեյը կառուցում է զվարճանքների քաղաքը այն էր, որ նա չէր ունեցել երջանիկ մանկություն և որոշում է այնպես անել, որ մնացած երեխաների մանկությունը չլինի այնպիսին, ինչպես իրենը:

Իր գործունեության ընթացքում Դիսնեյը աշխատել է միլիոններ, սակայն փողը նրա կյանքում միշտ էլ եղել է ընդամենը երազանքներն իրականացնելու միջոց, այլ ոչ թե նպատակ: Նա ֆիլմեր էր ստեղծում ոչ թե դրանց բերած եկամուտի, այլ դրանց բովանդակության համար: Ուոլտ Դիսնեյը կարող էր ողջ միջոցները ներդնել որևէ նախագծի մեջ և անհաջողության մատնվել: Նրա Wolt Disney ընկերությունը շատ անգամ է եղել սննկացման եզրին: Նա 8 անգամ նյարդային ցնցումներ է տարել: Բայց ամեն անգամ նրան կյանքի էր բերում երազանքը և նա շարունակում էր ստեղծագործել` ստեղծելով իր կատարյալ հեքիաթային աշխարհը: Ուոլտ Դիսնեյը վտանգում էր ամեն ինչ իր երազանքներին հասնելու համար: Դիսնեյի հաջողությունը դա նրա կամքի ուժն էր, խիզախությունը և համառությունը: Նա չէր հանձնվում նույնիսկ, երբ պարտությունը անխուսափելի էր թվում: Նա հավատում էր իր գաղափարներին և ընդունում էր խելամիտ որոշումներ: Նրա ստեղծագործությունները միշտ չէ որ հաջողություն էին բերում, սակայն երբ դա լինում էր, արդյունքը լինում էր ցնցող:

Ուոլտ Դիսնեյի մանկական երազանքի իրականացումը «Walt Disney Productions» ընկերության հիմնումն էր, ավելի քան 100 ֆիլմերի ծնունդը, 26 “Օսկար” մրցանակները, աշխարհում առաջին հսկայական “Disnayland” զվարճանքների քաղաքը և նրա մուլտֆիլմների միլիոնավոր երկրպագուները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»