« »

Մեկ միլիոն դոլար` ընդամենը 6 ամսում

Մեկ միլիոն դոլար

Այս պատմության մասին լսած կլինեն շատերը: Բրիտանացի ուսանող Ալեքս Տյուի հաջողության մասին պատմող բազմաթիվ հոդվածներ են գրվել տարբեր թերթերում և կայքերում, բայց մենք նույնպես ցանկանում ենք անդրադառնալ դրան: Երիտասարդ տղայի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց այն, որ միլիոններ աշխատել կարող է ցանկացած մարդ: Դրա համար պետք չէ ունենալ փայլուն կրթություն, լավ կապեր կամ նախնական մեծ գումար: Պետք չէ մեծ հայտագործություն անել կամ ողջ կյանքը քրտնաջան աշխատել: Ընդամենը մեծ ցանկությունն ու մեկ նոր միտքը կարող են փոխել ամեն ինչ: Կարևորը համառությունն է, երևակայությունը և ինչ-որ նոր բան ստեղծելու ձգտումը:

2005 թվականին բրիտանացի ուսանող Ալեքս Տյուն, ցանկանալով օգնել ծնողներին վճարել իր կրթության վարձը, ստեղծում է MillionDollarHomepage.com կայքը: Կայքի միտքը շատ պարզ էր: Դատարկ գլխավոր էջ` մեկ միլիոն դատարկ պիքսելներով: Տյուն որոշում է վաճառել պիքսելներից յուրաքանչյուրը ընդամենը 1 դոլարով: Նա նախատեսել էր, որ կայքում գնորդները կգնեն հատվածներ և կտեղադրեն իրենց լոգոն կամ գովազդը, որի միջոցով հնարավոր կլիներ անցում սեփական կայքի վրա: Բայց քանի որ պիքսելի չափսը շատ փոքր էր, Ալեքսը միավորում է դրանք 10×10 չափսի հատվածներում` սահմանելով այդպիսի հատվածի գինը 100 դոլար: Նախագիծը սկսելու համար Ալեքսի ծախսերը կազմում էին ընդամենը 50 եվրո, որը նա վճարում է կայքի անվանումը գնելու համար:

Կայքը սկսում է գործել 2005 թվականի օգոստոսի 26-ին: Ալեքսի գլխավոր նպատակն էր վաճառել կայքի բոլոր պիքսելները, որի արդյունքում նա կաշխատեր մեկ միլիոն դոլար: Պիքսելների առաջին խումբը նա վաճառում է ընկերներից մեկին` աշխատելով առաջին 100 դոլարը: Կայքի գործարկումից ևս 3 օր անց Ալեքսի մեկ այլ ընկեր ևս գնում է 400 պիքսել և տեղադրում այնտեղ երաժշտական կայքի իր գովազդը: Արդեն երկու շաբաթ անց գնված էր ընդհանուր 4700 պիքսել տարածք: Սեպտեմբերի վերջին Ալեքսն արդեն վաճառել էր 250 000 դոլարի պիքսելներ, իսկ կայքի այցելուների թիվը հասել էր օրեկան 65 000-ի: Հոկտեմբերի սկզբին կայքի այցելուների թիվը հասնում է 100 000-ի, իսկ հոկտեմբերի 26-ին` նախագիծը սկսելուց ընդամենը 2 ամիս անց, ավելի քան 500 900 պիքսելներ արդեն վաճառված էին 1400 հաճախորդների:

Վերջին 1000 պիքսելը վաճառվում է 2006 թվականի հունվարին, eBay ինտերնետային աճուրդում` 38 100 դոլարով: Աճուրդը տևում է 10 օր և չնայած որ 10×10 պիքսելանոց հատվածի գինը հասնում է մինչև 160 դոլար, մասնակիցներից շատերը հրաժարվում են վճարել իրենց պատվերների համար: Կես տարվա ընթացքում կայքը բերում է իր հիմնադրին 1 037 100 դոլար: Ծախսերը հանելուց, հարկերը վճարելուց և նվիրատվություն անելուց հետո, Ալեքսին մնում է 700 000 դոլար մաքուր եկամուտ:

Կայքում պիքսելներ ձեռք բերողների շարքում էին` Bonanza Gift Shop, Book of Cool, Panda Software, British Schools Karting Championship, Wal-Mart, ինչպես նաև The High Cost of Low Price, The Times, Cheapflights.com, Orange, Schiffer Publishing, Tenacious D, Rhapsody, GoldenPalace.com, 888.com և այլ առցանց-խաղատներ, Independiente Records, Yahoo! և տարբեր այլ մասնավոր ընկերություններ և նույնիսկ առցանց ծանոթությունների կայքեր:

Ալեքսը խոստանում է իր հաճախորդներին, որ կայքը համացանցում կմնա նվազագույնը հինգ տարի, այսինքն մինչև 2010 թվականի հոկտեմբերի 26-ը: Սակայն 2006 թվականի հունվարի 7-ին, աճուրդում վերջին 1000 պիքսելը վաճառելուց 3 օր առաջ, Ալեքսի էլեկտրոնային փոստին սպառնալիքներով նամակ է գալիս, որտեղ ասվում էր, որ կայքը «կջարդվի», եթե նա չվճարի 5000 դոլար: Նա անտեսում է այդ պահանջները, համարելով դա ինչ-որ մեկի չար կատակ, սակայն պարզվում է, որ իզուր: Շուտով սպառնալիքը իրականացվում է և կայքը մեկ շաբաթ մնում է անհասանելի այցելուների համար: Կայքի աշխատանքը վերականգնելուց անմիջապես հետո, Ալեքսը սպառնալիքներով նոր նամակ է ստանում, բայց այս անգամ պահանջվող գումարի չափսը հասնում է 50 000 դոլարի: Շորթման գործի հետաքննությանը միանում են բրիտանական ոստիկանության բաժինները և ՀԴԲ-ն: Սպառնալիքներ ուղարկողների գտնման վայրը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվում, բայց քննիչների կարծիքով հարձակումները տեղի էին ունենում Ռուսաստանից:

Հետագայում աշխարհի շատ կայքերի հեղինակներ են սկսում գովազդ վաճառել պիքսելներով, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում կրկնել Ալեքս Տյուի հաջողությունը:

P.S.
Այս հոդվածը գրելիս հիշեցի հանճարեղ Թոմաս Էդիսոնի խոսքերը. «Շատ մարդիկ պատրաստ են անընդհատ աշխատել, միայն թե ազատվեն մի փոքր մտածելու անհրաժեշտությունից»:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. SHAT SNORHAKALUTYUN

  2. Այսօր պատահական տեսա կայքի հայկական տարբերակը` 1000000.am:
    Ապրեն ստեղծողները!!!

  3. իրոք որ լավն էր թե անգլերեն և թե հայերեն տարբերակները,,,,մի հարց,շատ հետաքրքիր է ինչպես են կայքեր բացում,այսինքն դոմեններ գնում?

    • Գագիկ ջան օրինակ .am դոմեյն կարող ես գնել այստեղից, տարեկան 12 000 դրամ: .com, .net և մնացած դոմեյններն էլ տարբեր այլ կայքերից, օրինակ` godaddy.com.

  4. պարզա շնորհակալություն շատ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»