«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Մահաթմա Գանդի. միլիոնների առաջնորդը

2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Դա Վինչին, երրորդը` Հիսուս Քրիստոսը: Գանդիի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել տասնյակ գրքեր: Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր, նրանք եկել են այլ աշխարհից: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:

Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա “չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:

Մի անգամ Գանդիին հարցնում են. «Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»:
«Իհարկե, ոչ», – պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:

Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև` նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա` չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: “Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

«Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ` Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն` իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան` մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:

Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ` նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի` մինչև չի հասնում հաջողության:

Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն` որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:

Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»