«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Աշխարհի ամենահաջողակ վեբ բիզնեսի պատմությունը. Amazon.com

Amazon.com ընկերությունը փոխեց առևտրի մասին բոլոր պատկերացումները աշխարհում, հանրահայտ դարձնելով ինտերնետի միջոցով առք և վաճառքը: Ընկերության հիմնադիր Ջեֆֆրի Բեզոսը այդպես էլ չեղավ Հարավային Ամերիկայում և չտեսավ Ամազոնը, սակայն նրա Amazon.com “Էլեկտրոնային խանութը” գտնվում է աշխարհի ամենաշատ այցելվող կայքերի լավագույն տասնյակում: Իսկ ինքը` Ջեֆֆրի Պրեստոն Բեզոսը, արդեն 11 տարի է անընդմեջ ընդգրկվում է Forbes-ի վարկածով աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում, իսկ 2010-ին այդ ցուցակում նա 43-րդն էր: Եվ հաշվի առնելով, որ 1999 թվականին հեղինակավոր “Time” ամսագիրը նրան ճանաչեց տարվա մարդ, դժվար թե Բեզոսը համաձայն լիներ ավելի պակաս ինչ-որ բանի: Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես Ջեֆֆրի Բեզոսը ստեղծեց իր Amazone.com-ը: Դա ներկայիս խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի հետաքրքրաշարժ պատմությունն է:

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Ծնվել է Ջ. Բեզոսը 1964 թվականի հունվարի 12-ին, ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում: Ի դեպ, մայրական գծով նրա բարեկամները Տեխասի առաջին բնակիչներից էին: Դպրոցական դիպլոմում գերազանց գնահատականներն ու գիտական նախագծերի հանդեպ հետաքրքրությունը թույլ են տալիս Բեզոսին 1982 թվականին ընդունվել Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր համալսարաններից մեկը` Փրինսթոն:

Ավարտելուց հետո իր առաջին աշխատանքը Բեզոսը գտնում է Ուոլ Սթրիթում, որտեղ նա սովորական համակարգչային մասնագետ էր: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվում է Fitel ընկերություն: Այստեղ նրան սպասվում էր ավելի հետաքրքիր աշխատանք: Նրա պարտականությունների մեջ էր մտնում խոշոր ցանցի տեղակայման հետ կապված աշխատանքներ: Աշխատելով Fitel-ում երկու տարի` Բեզոսը տեղափոխվում է Bankers Trust ընկերություն: Արդեն 26 տարեկան հասակում տաղանդավոր պատանին դառնում է ընկերության փոխնախագահ: Դա բացառիկ կարիերայի աճ էր: Երիտասարդը, որը ընդամենը 26 տարեկան է, շատ քիչ փորձ ունի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Սակայն Բեզոսին դա չէր վերաբերվում, քանի որ նա միշտ էլ եղել է արտասովոր անձնավորություն: Դրանով Բեզոսը չի դադարում փոխել աշխատանքի վայրերը: Արդեն 1990 թվականին նա աշխատում էր Shaw ընկերությունում` զբաղեցնելով ավագ փոխնախագահի պաշտոնը: Շատերի համար խոշոր ընկերությունում այդպիսի կարիերան ողջ կյանքի երազանքն է, իսկ Բեզոսը մի գեղեցիկ օր ուղղակի հեռանում է … հայտնաբերելով իր համար ինտերնետը:

Առջևում 1994 թվականն էր: Աշխարհում ինտերնետով հետաքրքրվում էր միայն մոտ 38 միլլիոն մարդ: “Ցանցերի ցանցը” առայժմ չէր դարձել առօրյա տերմին միլլիոնավոր մարդկանց համար և օգտագործում էին այն հիմնականում տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսանողները և մարդիկ, որոնք իվիճակի էին ինքնուրույն հավաքել համակարգիչը և գիտեին, թե ինչպես պետք է աշխատել մոդեմի հետ: Բեզոսը այնուամենայնիվ հասկանում է Ցանցի ներուժը: Նա դեռ հիշում է, թե ինչպես օրերից մի օր կարդում է թերթում, որ մեկ տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվը աճել է 2300%-ով!:

Բեզոսը սկսում է ուսումնասիրել “փոստով վաճառքի” բիզնեսի 20 ոլորտներ և հարց է տալիս ինքն իրեն, թե այդ ուղղություններից ո՞ր մեկն ավելի շատ կշահի Ցանց տեղափոխվելուց հետո: Ընտրությունը կանգնում է գրքերի վրա: Տպագիր կատալոգ դրանց համար գոյություն չուներ, քանի որ այն շատ մեծ կլիներ և չէր կարող առաքվել փոստով, իսկ ինտերնետում այդ խնդիրը ինքնստինքյան կլուծվեր: Բեզոսը թռչում է Լոս Անջելես, մասնակցելու Ամերիկյան առաջատար գրավաճառների ֆորումին, որտեղ ցանկանում էր իմանալ այդ բիզնեսի բոլոր մանրամասները:

Նա սկսում է կազմել իր նախագծի բիզնես պլանը: Նոր ընկերությունը կանվանվի Ամազոն` ի պատիվ աշխարհի ամենաջրառատ գետի և կտեղակայվի Սիեթլում, քանի որ հենց այնտեղ էին գտնվում Ingram գրքերի խոշորագույն մատակարարի պահեստները: Ստեղծելով կայքի նախատիպը` Ջեֆֆը խնդրում է մոտ 300 իր ընկերներին և ծանոթներին փորձարկել այն: Համոզվելով, որ կայքը աշխատում է տարբեր համակարգչային միջավայրերում, 1995 թվականի հուլիսի 16-ին Բեզոսը Ցանցում բացում է amazon.com անվանումով էջը և խնդրում իր ընկերներին` դրա մասին տեղեկացնել իրենց ընկերներին և ծանոթներին: Կայքի առանձնահատկությունը որոնողական հարմարավետ համակարգն էր, որը թույլ էր տալիս հարցում անել հեղինակի անունով, գրքի վերնագրով կամ միջազգային ISBN կոդով:

Կայքը սկսում է աշխատել: Պատվերներ են արվում ոչ միայն ինտերնետի միջոցով, այլ նաև փոստով, ֆաքսով և նույնիսկ հեռախոսով: Հաճախ զանգերին և էլեկտրոնային նամակներին պատասխանում էր հենց Ջեֆֆը: Արդյունքները երկար չեն սպասեցնում: Բացումից ընդամենը մեկ ամիս անց խանութը գրքեր էր վաճառում ոչ միայն Հյուսիսային Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ նաև 45 այլ երկրներում: Արդեն 1995 թվականի սեպտեմբերին Amazon-ի վաճառքի շաբաթական ծավալը կազմում էր 20 000 ամերիկյան դոլլար:

Amazon.com-ի վերելքը

Ի սկզբանե, Բեզոսի մոտ հստակ նկատվում էր շուկայում առավելագույն բաժինը ձեռք բերելու ձգտում, այդ թվում բարձր շահույթից հրաժարվելու հաշվին: Բայց երբ Ջեֆֆրին հայտարարում է “աշխարհի ամենամեծ գրախանութը” և “մոլորակի ամենամեծ խանութը” ստեղծելու իր մտադրության մասին, նույնիսկ նրա տաղանդի երկրպագուներն են համարում այդ պլանը “ոչ կոռեկտ”: Միայն որոշ փորձագետներ են արտահայտում իրենց հիացմունքը Բեզոսի մարտավարության հանդեպ, անվանելով այն ամենամտածվածներից մեկը բիզնեսի պատմության մեջ: Եվ ինչպես պարզվեց, նրանք ճիշտ էին:

Չնայած դրան, Ջեֆֆը հայտնում է ներդրողներին, որ ընկերության զարգացման նոր մակարդակին անցնելիս հնարավոր է ողջ կապիտալը կորցնելու 70%-անոց վտանգ: Նախագծի այդ փուլին միանում են նաև նրա ծնողները` վտանգելով 300 000 դոլլարի հասնող իրենց խնայողությունները: “Մենք չենք ներդնում ինտերնետում”, – հայտարարում է Ջեֆֆրիի մայրը, մեկնաբանելով իր ներդրումը, – “Մենք ներդնում ենք Ջեֆֆում”: Եվ նրանք չեն սխալվում: Amazon-ի բաժնետոմսերի ընդամենը 6%-ի առկայությունը 90-ական թվականների վերջում դարձնում է նրանց միլլիարդատեր:

Amazon.com-ի հաջողության պատճառների մասին խոսելիս կարելի է նշել դրանցից մի քանիսը: Նախ ընկերությունը կենտրոնացած է երկարաժամկետ նպատակների վրա: Նաև Amazon-ը միշտ կատարելագործվում է: Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում իր հաճախորդների համար բոլոր հարմարությունները ստեղծելու վրա: Ընկերության հաջողության կարևոր պայմաններից մեկն էլ այն էր, որ նա չսահմանափակվեց միայն գրքերի առք ու վաճառքով:
“Մեր նպատակն է”, – հայտարարում է Բեզոսը, – “աշխարհի ամենագնորդա-կողմնորոշված ընկերությունը ստեղծելը` մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել մտքին եկած ցանկացած ապրանք, որը հնարավոր է գնել օնլայն:”
Արդեն նոր հազարամյակի սկզբում Amazon-ը սկսում է վաճառել նաև երաժշտական սկավառակներ, ֆիլմեր, խաղեր և էլեկտրոտեխնիկա: 2002 թվականին այդ ցանկը համալրվում է հագուստով, իսկ 2003 թվականին` սպորտային ապրանքներով: Արդյունքում ընկերությանը հաջողվում է ոչ միայն դիմակայել հայտնի “դոթ-քոմերի” ճգնաժամին, այլ նաև բազմապատկել կապիտալը:

Մի քանի բառ էլ հիմնադրի մասին

Amazon.com

Ինչպե՞ս է անցնում ամենահաջողակ ինտերնետ-ընկերություններից մեկի գլխավոր տնօրենի և միլլիարդատիրոջ կյանքն այսօր: Չնայած հսկայական կարողությանը և ընկերության արժեթղթերի խոշոր փաթեթի սեփականատեր լինելուն` Ջեֆֆրին փոխակերպել է իր արժեթղթերը կանխիկի ընդամենը մեկ անգամ, վաճառելով 23 միլլիոն դոլլար արժողությամբ բաժնետոմսեր: Դրանից հետո ընտանիքը տուն է ձեռք բերում Վաշինգտոն լճի ափին և թարմացնում է մեքենաների շարքը: Իսկ ինքը` Ջեֆֆրին, ավելի շատ ժամանակ է հատկացնում բարեգործությանը: Ինչպես երբեմն սիրում է կատակել նրա կինը, “ծախսել փողերը երբեմն ավելի դժվար է լինում, քան աշխատելը”:

Հ.Գ.
Ահա և ևս մեկ հաջողության պատմություն: Հուսով ենք, որ ընթերցողներից յուրաքանչյուրը հստակ հասկանում է, որ Ջեֆֆրի Բեզոսը ինչ-որ ոչ երկրային ունակություններ չուներ, որ նա այդ ամենին հասել է մեծ ձգտման, վստահության, աշխատասիրության և համառության շնորհիվ, որը կարող եք անել նաև Դուք: Եվ թող չլինեն մարդիկ, որ կմտածեն, որ դա տեղի է ունեցել ինտերնետի զարգացման սկզբնամասում և որ նման բան այլևս հնարավոր չէ կամ պետք է երկար սպասել հարմար պահը որսալու համար: Դա ինքնախաբեություն է: Դրա հակառակը ապացուցում են մեր կայքի մնացած բոլոր հաջողության պատմությունները: Երազանքից է սկսվել Բիլլ Գեյթսի, Հենրի Ֆորդի, Ռիչարդ Բրենսոնի, Սերգեյ Բրինի, Սթիվ Ջոբսի, Մարկ Ցուկերբերգի, Ինգվար Կամպրադի, Մայքլ Դեյլի, Էնդրյու Կառնեգիի, Ակիո Մորիտայի, Քըրք Քըրքորյանի, Ուոլտ Դիսնեյի և հազարավոր այլ սովորական մարդկանց հաջողության ճանապարհը: Անկախ նրանից, թե որտեղ եք դուք ապրում, որ ժամանակաշրջանում եք ապրում և ինչով եք զբաղվում, ձեր շրջապատում միշտ էլ կան բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, որոնք սպասում են իրենց նվաճողին: Ուղղակի պետք է սովորել դրանք նկատել: Նայելով “այսբերգին”, դուք պետք է տեսնեք դրա չերևացող մասը: Ինչպես հանճարեղ Թոմաս Էդիսոնն է ասել` մարդիկ բաց են թողնում իրենց ընձեռնված հնարավորությունները, քանի որ դրանք կրում են “սովորական հագուստ”: Պետք չէ սպասել ինչ-որ արտասովոր մտքի կամ հարմար պահի: Սկսեք զբաղվել նրանով, ինչը ձեզ դուր է գալիս և անընդհատ զարգացրեք դա, ընդլայնեք ձեր գիտելիքները և ժամանակի ընթացքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ կասեն շրջապատի մարդիկ կամ ինչ անհաջողություններ դուք կունենաք: Գլխավորը այրիչ ցանկությունն է, վերջնական նպատակի հանդեպ հավատը, վստահությունը և մինչև վերջ գնալու և չհանձնվելու պատրաստակամությունը: Եվ հուսով ենք, որ մի օր էլ Ձեր մասին պատմող հոդվածը կհայտնվի այս կայքի էջերից մեկում, այլապես ինչի՞ համար է այս ամենը:
ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՁԵԶ ՄԱՂԹՈՒՄ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»