Հաջողության գաղտնիքներ

Հաջողություններ 2011-ում. խորհուրդներ Success.am-ից

Առջևում 2011 թվականն է: Բոլորս էլ ինչ-որ նպատակներ ունենք գալիք տարում, երազանքներ, կիսատ գործեր, նոր նախագծեր: Սպասում ենք, որ 2011-ը նոր լիցքեր կհաղորդի մեր կյանքին, ամեն ինչ կփոխվի դեպի ավելի լավը, իսկ բոլոր վատ հիշողություններն ու անհաջող պահերը կմնան նախորդ տարում: Այդպիսի տրամադրություն է ներշնչում նոր տարին:

Ընդհանրապես, եթե հաշվի առնենք, որ մարդու կյանքի միջին տևողությունը մոտ 75 տարի է, ապա 1 տարին բավական երկար ժամանակաշրջան է յուրաքանչյուրիս համար: Եվ անհրաժեշտ է լինում տարեվերջին ամփոփել, թե ի՞նչ ենք հասցրել անել նախորդ տարվա ընթացքում, ի՞նչ ենք փոխել մեր կամ ուրիշների կյանքում, ու՞մ ենք օգնել, ու՞մ ենք երջանկացրել, ի՞նչ ենք ստեղծել և ինչքա՞ն ենք առաջ շարժվել: 2011 թվականը հնարավորին չափ արդյունավետ անցկացնելու համար տալիս ենք հետևյալ խորհուրդները:

  • Ամփոփեք նախորդ տարին: Հասկացեք, թե ի՞նչ եք հասցրել անել նախորդ մեկ տարվա ընթացքում, ի՞նչ չեք հասցրել անել և եթե որոշ բաներ չեք հասցրել, որո՞նք են պատճառները: Մտածեք, թե ինչպես կարելի է վերացնել այդ պատճառները գալիք տարում:

  • Հասկացեք վերջնական կետը: Հստակ պատկերացրեք, թե ուր եք շարժվելու 2011 թվականին, ինչի՞ եք ցանկանում հասնել: Եթե դուք գիտեք վերջնական կետը, ապա ձեր բոլոր քայլերն այնպես են դասավորվում, որ տանեն ձեզ այդ ուղղությամբ: Գրեք ամեն ինչ թղթի վրա: Հիշեք, մտքում պլանավորումը արդյունավետ չէ: Եթե դուք չեք գրում այդ ամենը թղթի վրա, ապա վաղ թե ուշ ինչ-որ բան բաց կթողնեք, ինչ-որ բան կմոռանաք: Մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը, ամեն ինչ թղթին հանձնեք: Բոլոր հաջողակ մարդիկ ունեն նշված սովորությունը:

  • Հաղթահարեք ձեր վախերը: Յուրաքանչյուր մարդ ունի թուլություններ և վախեր: Եթե ցանկանում եք առաջ շարժվել, ապա պետք է հաղթահարեք դրանք: Նախ հասկացեք ձեր հիմնական թուլություններն ու վախերը և սկսեք պայքարել դրանց դեմ: Մարդու և հաջողության միջև կանգնած թուլություններից ու վախերից կարելի է առանձնացնել հետևյալները` ուրիշներին մեղադրելու, բողոքելու, անընդհատ ինչ-որ բանից դժգոհ լինելու սովորությունը, բոլորից տարբերվելու, քննադատության արժանանալու վախը, անհամբերությունը, ագահությունը, եսասիրությունը, սովորությունը ծախսել ավելի շատ, քան աշխատում եք:

  • Մտածեք գլոբալ: Մի վախեցեք ձեր առջև դնել մեծ նպատակներ, որոնք այս պահին անհնարին են թվում: Ցանկացած նպատակ անհասանելի է, քանի չես հասնում դրան: Դրանից հետո այն դառնում է պարզ ու հասարակ և ինքդ էլ ես զարմանում, ինչպե՞ս կարելի էր դրանից վախենալ: Ամենադժվարը առաջին քայլը կատարելն է: Սովորեք միշտ կատարել այդ քայլը:

  • Մի դադարեք սովորել: Ձեր նպատակին հասնելու համար ձեզ ինչ-որ գիտելիքներ են անհրաժեշտ: Անընդհատ զարգացրեք դրանք, գրքեր կարդացեք, ինտերնետում նյութեր ուսումնասիրեք, սեմինարներ հաճախեք, զրուցեք այնպիսի մարդկանց հետ, որոնք համապատասխան փորձ ունեն: Որպեսզի առաջ շարժվեք, գիտելիքների առումով դուք պետք է անընդհատ աճեք:

  • Հավատացեք ձեր նպատակներին: Վստահ եղեք ձեզ վրա: Վստահ եղեք, որ կհասնեք այն ամենին, ինչ ցանկանաք: Զգացեք ձեզ այնպես, կարծես դուք արդեն հասել եք դրան: Թույլ մի տվեք, որ ընթացիկ անհաջողությունները հիասթափեցնեն ձեզ: Հիշեք, որ դրանք կյանքի անփոխարինելի փորձ են, որոնք հետագայում կարող եք օգտագործել: Եթե դուք անկեղծ հավատաք ձեր նպատակներին և պարբերաբար որոշակի քայլեր ձեռնարկեք դրանց հասնելու ուղղությամբ, ապա համոզված եղեք, ոչինչ չի կարող կանգնեցնել ձեզ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»