« »

Ցանկանու՞մ եք հասնել հաջողության: Սկսեք մարդկանց հետ շփումից…

Մարդկանց հետ փոխարաբերություններ

Մարդկանց հետ շփում.. Վաղուց պետք է գրեի այս թեմայով, բայց չգիտեմ ինչու, անընդհատ հետաձգում էի: Հուսով եմ, որ հոդվածը ձեզ համար օգտակար կլինի: Եվ այսպես ….

Կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում այլ մարդկանց հետ, շատ դեպքերում կորոշվի այն, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում: Հավատացեք, ընդհանուր առմամբ, վերջում ամեն ինչ բերվում է մարդկային շփման: Կարողանալ հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ` դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք հասնել հաջողության: Այստեղ կքննարկենք մի քանի կանոններ, որոնք կարծում եմ, արժանի են ուշադրության:

1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով: Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: Այն, ինչը ձեզ ոգեշնչում է, դիմացինին կարող է ոչինչ չտալ: Երբեմն ձեզ համար անվնաս թվացող արտահայտությունը կամ արարքը կարող է ցավ կամ վիրավորանք պատճառել դիմացինին: Այդ պատճառով, ցանկացած իրավիճակում, ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ, փորձեք նայել դրան դիմացինի աչքերով: Ի՞նչ կզգայիք դուք, եթե նրա փոխարեն լինեիք: Կարող են լինել դեպքեր, երբ դուք իրավիճակը տեսնում եք այլ կերպ, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեք: Միգուցե կա ինչ-որ բան, որ դուք ուղղակի չգիտեք և եթե դա իմանայիք, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Այդ պատճառով, մի շտապեք եզրակացություններ անել: Դիմացինի աչքերով իրերին նայելու ունակությունը ձեզ կարող է ուժ և իմաստություն պարգևել, իսկ դրա բացակայությունը` դժվարությունների և անհաջողությունների հանգեցնել:

2. Մի շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան: Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով ուղղակի կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը: Երբեմն, նման պահերին խորհուրդներ տալով, ընդհատելով զրուցակցին, դուք կարող եք միայն զայրացնել նրան և դադարել լինել այն “ապաստարանը”, որտեղ նա կարող է թաքնվել դժվար պահերին: Կարողացեք լսել: Դա շատ ավելի կարևոր է, քան խոսելը:

3. Երբեք մի քննադատեք ուրիշներին: Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: Միգուցե դա սեփական առավելությունը դիմացինի հանդեպ ընդգծելու միջոց է կամ ուղղակի զգացմունքները զսպել չկարողանալու արդյունք, բայց պետք է այդպիսի մարդկանց օգնել հասկանալ, որ քննադատությունը երբեք չի կարող դրական արդյունք տալ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են: Դրանով կարելի է միայն թշնամանք և վիրավորվածություն ձեռք բերել սեփական անձի հանդեպ, նույնիսկ եթե այն թաքնված լինի: Ուժեղ մարդիկ չեն քննադատում: Անհրաժեշտության դեպքում նրանք ուղղակի սովորեցնում են: Եվ դա աշխատում են անել այնպես, որ դիմացինը իրեն ճնշված չզգա: Ընդհանրապես, մարդու էությունն այնպիսին է, որ նա միշտ փորձում է արդարացնել իրեն, փորձում է միշտ ճիշտ դուրս գալ ցանկացած իրավիճակից, իսկ մեղավորներին անընդհատ փնտրում է ուրիշների մեջ: Ցանկացած սխալի աղբյուրը առաջին հերթին փնտրեք ինքներդ ձեր մեջ: Միգուցե դա դժվար է, բայց միայն այդպես դուք կարող եք առաջ շարժվել ինքնազարգացման և մարդկանց հետ փոխհարաբերություններ կառուցելու ձեր ճանապարհին:

4. Ճիշտ վերաբերվեք քննադատությանը: Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և “պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար: Աշխատեք ճիշտ վերաբերվել քննադատությանը և այն մարդկանց, որոնք քննադատում են: Շրջապատում միշտ էլ կլինեն այդպիսի մարդիկ, որոնք ինչ-որ պատճառներով ձեզ կքննադատեն: Մի կենտրոնացեք դրա վրա: Ուղղակի համապատասխան հետևություններ արեք և շարժվեք առաջ:

5. Մի բողոքեք: Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել: Հիշեք, մարդիկ միշտ սիրում են շփվել դրական տրամադրված մարդկանց հետ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իր մոտ անընդհատ բողոքում են: Ժամանակի ընթացքում դա միայն վանում է մարդկանց: Անընդհատ բողոքելով` դուք կլանում եք ձեր և ձեր շրջապատի էներգիան: Բացի այդ, բողոքելով դուք ոչինչ չեք լուծում: Այսինքն, դա ոչինչ չի փոխում: Բողոքելու փոխարեն փորձեք լուծել բողոքի առարկա հանդիսացող խնդիրը: Իսկ եթե դա ձեր ուժերի սահմաններում չէ, ապա ավելի լավ է մոռանաք դրա մասին և սկսեք մտածել դրական բաների մասին:

Եվ վերջում, միշտ փորձեք մարդկանց ավելի շատ տալ, այլ ոչ թե վերցնել:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


6 մեկնաբանություն

  1. Shat lav nyut e. Hnaravorutyan sahmannerum kuzenayi masnakcel ays ogtakar nyuteri patrastman@.

  2. Հիանալի նյութ էր: Խոսքեր չկան!!!!!!!

  3. Իրոք որ հիանալի էր…..իմ կարծիքով նույնիսկ հատուկ էսպիսի դասընթացներ են պետք մեր հասարակությանը….

  4. Արժե կարդալ…հեղինակին Շնորհակալություն…

  5. Hianali nyut er,shnorhakalutyun.

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»