«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մի բողոքեք: Բողոքները ոչինչ չեն փոխում:

Հոդվածի միտքը ծնվեց միանգամից: Գիտեի, որ այսօր տեղի է ունենալու Առաջնորդության Դպրոցի կազմակերպած «Նոր հնարավորություններ» խորագրով երիտասարդական քննարկումը: Թեման շատ հետաքրքիր էր: Քննարկվելու էին տարբեր նախաձեռնություններ իրականացնելու, սեփական բիզնես սկսելու և նորարարության թեմաները: Չնայած ոգևորությանը` հենց սկզբից մասնակցել չկարողացա: Հաշվապահության սեմինարի էի: Բայց վերջացնելուն պես վազեցի այնտեղ: Հասա այն պահին, երբ քննարկման մասնակիցները հարցեր էին տալիս հանդիպման հյուրերին և կազմակերպիչներին: Երեք հարց հասցրեցի լսել: Եվ կրկին նույն բանը: Մարդիկ բողոքում են…

Մոտ մեկ տարի առաջ կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե մեզանից մեկը մյուսի մոտ ինչ-որ բանից բողոքի, մյուսը նրան անմիջապես ուղղի: Այսինքն, երբ առօրյայում մենք ինչ-որ բանից խոսում էինք և մեզանից մեկը մի բան էր ասում, որն իր մեջ բողոքի ինչ-որ նշույլ էր պարունակում, մյուսը միանգամից կանգնեցնում էր նրան և մատնանշում դա: Եվ դա դարձավ սովորություն: Այսօր խոսելիս` մենք իրար ուղղելու կարիք գրեթե չենք զգում: Մենք աշխատում ենք երբեք ոչնչից չբողոքել, եթե նույնիսկ ամեն ինչ շատ վատ է, նույնիսկ, եթե պատճառներ իրոք կան: Իմաստը կայանում էր հետևյալում: Բողոքելով մենք ոչինչ չենք փոխում: Բողոքը բացասական մեծ էներգիա է իր մեջ պարունակում: Այն թուլացնում է մարդուն: Բողոքելով մենք մեղավորներին շրջապատում ենք փնտրում: Իհարկե, այդ պահին մենք մեզ լավ ենք զգում, քանի որ պատասխանատվությունը ուրիշների վրա ենք գցում: Բայց դա ոչինչ չի փոխում: Ինձ ճիշտ հասկացեք: Հնարավոր է բողոքելու պատճառներ իրոք կան: Բայց հարցը ոչ թե այդ պատճառներն են, այլ վերաբերմունքը դրանց հանդեպ: Ցանկացած խնդրի միայն 10%-ն է ներկայացնում իրական խնդիրը, մնացած 90%-ը դա այն է, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Պետք չի կենտրոնանալ բացասականի վրա: Եթե ինչ-որ խոչընդոտի եք հանդիպում` կա՛մ հաղթահարեք դա, համարելով կյանքի լավ փորձ, և հաստատուն քայլերով շարժվեք առաջ, կա՛մ էլ, եթե չեք կարողանում ոչինչ փոխել, մի բողոքեք, մի փոխանցեք այդ էներգիան ուրիշներին: Հիշեք, մարդիկ միշտ սիրում են շփվել դրական տրամադրված, դրական էներգիա ճառագայթող մարդկանց հետ: Իսկ բողոքող ու բացասական տրամադրված մարդիկ հաճախ վանում են այլ մարդկանց: Ամեն ինչի մեջ լավը փնտրեք: Ցանկացած խոչընդոտ նոր հնարավորության սկիզբ կարող է լինել: Մենք բոլորս ապրում ենք նույն պայմաններում: Ինչու՞ են որոշ մարդիկ հասնում մեծ հաջողությունների և անընդհատ շարժվում են առաջ, իսկ մյուսները կանգնած են նույն տեղում և շարունակում են բողոքել: Խնդիրները կդադարեն հայտնվելուց, եթե դուք ներքուստ պատրաստ լինեք դրան: Դուք իվիճակի եք հաղթահարել ցանկացած խնդիր և խոչընդոտ, եթե ցանկանաք դա: Անհնար ոչինչ չկա: Անհնարը հաղթահարվում է ձեր ուղեղում և մտքերում: Այնպես որ, մի կենտրոնացեք բացասականի վրա, մի փնտրեք պատճառները ձեզանից դուրս, վերցրեք ողջ պատասխանատվությունը ձեզ վրա և արեք այն, ինչ պատրաստվում եք անել: Իսկ եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, մի բողոքեք: Մեծ հաջողություններ եմ ձեզ մաղթում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Իհարկե այդ ամենը ճիշտ է, սակայն ինձ թվում է հայերիս մոտ բողոքելը պաշտպանական մեխանիզմ է, ինչպես ասենք իսպանացիների կամ լատինամերիկացիների մոտ մեր համար զարմանալի էմոցիոնալիզմը: Մեր այն հայերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրենց թույլ տալ լացել ու լիաթոք ծիծաղել, նրանք էլ հենց ամենից շատն են բողոքում:

  • Ես համամիտ եմ այս պոստի հետ, իսկապես կյանքում ամենասխալ բանը բողոքելն է: Եկեք մտածենք` մինչ այժմ, որ ապրել ենք դժգոհ ու բողոքելով արդյոք դա մեր կյանքում ինչ որ բան է փոխել, համոզված եմ, որ ոչ: Դե ուրեմն եկեք կյանքին նայենք ուրիշ աչքերով, լինենք լավատես ու ամեն ինչում փնտրենք ու տեսնենք միայն լավը, և կյանքը անպայման կժպտա մեզ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»