Օգտակար խորհուրդներ

Խմիչք, ծխախոտ, հեռուստացույց (մաս 1)

Բոլոր մարդիկ ունեն սովորություններ: Այն, թե ինչպես մենք կապրենք և ինչ արդյունքների կյանքում կհասնենք, շատ դեպքերում որոշում է այն, թե ինչ սովորություններ մենք ունենք: Պատճառներից մեկը, թե ինչու միջին մարդը չի կարողանում հաղթահարել «միջին մարդու» այդ սահմանը և ողջ կյանքը մնում է այդպիսին, կայանում է նրանում, որ նա ցանկանում է անել դա` չազատվելով միջին մարդու իր սովորություններից: Հիշեք` կյանքում մեծ հաջողությունների հասած մարդիկ չունեն այն սովորությունները, որոնք ունեն սովորական, միջին մարդիկ: Իրենց սովորություններով նրանք տարբերվում են մարդկանց մեծ մասից: Այսինքն, եթե դուք ուզում եք հասնել հաջողության, ստացվելու է այնպես, որ դուք տարբերվեք մարդկանց մեծ մասից: Այսպիսով, հաջողակ մարդ դառնալու համար անհրաժեշտ է ձեռք բերել հաջողակ մարդկանց սովորություններ:

Հաջողակ մարդկանց սովորությունների մասին ավելի մանրամասն կխոսեմ հաջորդ հոդվածներում: Այժմ կխոսեմ 3 սովորությունների մասին, որոնք կարող են անէական թվալ, բայց իմ կարծիքով դրանք կարևոր են: Այդ սովորությունները անմիջական կապ չունեն հաջողության հասնելու հետ, բայց դրանց բացակայությունը շատերին կարող է օգնել այդ հարցում:

Հեռուստացույց

Հաշվել եք դուք, թե որքան ժամանակ եք ծախսում ամեն օր հեռուստացույց դիտելիս` 1 ժա՞մ, 2 ժա՞մ, 4 ժա՞մ: Եթե դուք հեռուստացույց եք դիտում օրեկան թեկուզ 2 ժամ, ապա տարվա մեջ 1 ամիս դուք անց եք կացնում հեռուստացույցի առջև: Եվ դա լավագույն դեպքում: Ես գիտեմ մարդկանց, ովքեր օրեկան 5-6 ժամ, այսինքն տարվա մեջ 3 ամիս հեռուստացույց են դիտում: Իսկ ի՞նչ է տալիս ձեզ հեռուստացույցը: Նորություննե՞ր: Ինչն է փոխվում ձեր կյանքում, երբ իմանում եք, որ Լիբիայում պատերազմ սկսվեց, Միացյալ Նահանգներում ինքնաթիռ ընկավ կամ Սանդրա Բալոկը «Օսկարի» արժանացավ: Ինչպե՞ս է դա ազդում ձեր կյանքի վրա: Ինչպե՞ս է դա ազդում ուրիշների կյանքի վրա: Հավատացեք, եթե լինեն նորություններ, որոնց մասին դուք պետք է իմանաք, դրանց մասին դուք հաստատ կիմանաք: Հեռուստասերիալնե՞ր: Մի օր քայլում եմ փողոցում, իսկ դիմացովս երկու կին են քայլում ու բարձրաձայն խոսում: Ինչ-որ անուններ եմ լսում, ինչ-որ մեկը կնոջից բաժանվել է ու երեխային չեն թողնում, որ հորը տեսնի: Խոսում են շատ զգացմունքային: Բարկանում են տղայի վրա, հետո ժպտում են, ասում են` հաստատ էլի կմիանան: Մտածում եմ խեղճ կին, երևի տղան ու հարսը բաժանվել են ու մայրը անհանգստանում է որդու համար: Բայց հետո նոր հասկացա, որ խոսքը սերիալի մասին է գնում: Ուղղակի այդ ամենը այնքան բնական էր, որ կարծես իրական կյանքի մասին էին խոսում: Հիշում եմ` այդ ժամանակ մտածեցի` ինչ ցավալի է այդ ամենը: Մարդիկ տարբեր անձնական խնդիրներ ունեն, բայց գոնե իրենց ժամանակը տրամադրեն այդ խնդիրները լուծելու ու իրենց կյանքը բարելավելու համար, կյանքի մի մեծ հատված անց են կացնում հորինված աշխարհում, ուրախանալով հորինված հերոսների հաջողություններով և տխրելով նրանց դժբախտություններով: Ինչքան կուզեի, որ մարդիկ հասկանային ու հավատային, որ իրենք անձամբ կարող են լինել այդ «հերոսները»:

Շարունակելի…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

9 մեկնաբանություն

  • Շատ ճիշտ ա, այնքան են մարդիկ խորանում սերիալների մեջ, որ մոռանում են կարևորը, նամանավանդ հիմիկվա հեռուստաեթերը, որ ուղղակի զոմբիացնում ա մարդկանց

  • Օրինակ ես էլ եմ եղել այն մարդկանցից, որոնք իրենց կյանքի մեծ մասը վատնում են հեռուստացույց դիտելու վրա: Բայց ես հասկացա, որ նորություններ դիտելով, մենք միայն տխրում ենք, մեր տրամադրությունը ընկնում է:
    Իսկ հեռուստասերիալների մասին էլ չեմ էլ ասում:(
    Ես ամբողջ օրը սպասում էի կոնկրետ ժամին, թե երբ է սկսելու այս կամ այն հեռուստասերիալը, թե արդյոք այս կամ այն հերոսները կմիանան իրար, թե չէ:)
    Վերջերս այնպես էր ստացվել, որ ես ստիպված էի հեռուստացույց չդիտել ու հասկացա ինչքան շատ գործ եմ ես հասցնում անել:)

  • Ցավալին այն է, որ երբեմն մարդկանց կյանքը այնքան ձանձրալի կամ տգեղ է լինում, որ նրանք նախընտրում են ամեն կերպ կտրվել իրական կյանքից` հաճախ դիմելով սերիալների, հեռուստացույցի օգնությանը… Համաձայն եմ, որ պետք է ազատվել նման սովորություններից, կյանքի ղեկը իրենց ձեռքը վերցնել և գեղեցկացնել ու հարստացնել հենց ԻՐԱԿԱՆ կյանքը:)

  • Սերիալներ դիտում են այն մարդիկ, ովքեր չեն բավարարվում իրենց կյանքի հետաքրքրություններով, ու փոխանակ վեր կենան գնան Անունք գյուղից հետո Հատիսի լանջին գտնվող հրաշք տեղերը ու մի քիչ հետաքրքրվեն պատմությամբ, զարմանան իմ պես ու գոնե լավ, ամեն ամսվա վերջին շաբաթը անվճար գնան ժամանակը գոնե թանգարաններում անցկացնելու, սրա-նրա ոսկորներն են ծամում: Ուզում եմ, որ մարդիկ չվատնեն իրենց ժամանակը: Վատնել..մի հատ հասկանանք էլի այս բառի իրական կոնոտացիան: Ասենք այո օրական 30 րոպե հեռուստացույցին տրամադրելուն, և 1 ժամ զբոսանքին հատկացնելուն հեյ-հեյ

  • Ես համաձայն եմ ձեր կարծիքների հետ, որ վատ սովորությունները` տվյալ դեպքում հեռուստացույցները, կապում են մարդկանց ոտքերն ու ձեռքերը, այսինքն մեր կյանքը անցնում է հեռուստացույցի առջև նստած, իսկ ես կավելացնեմ, որ մի քանի անգամ ավելի վատ է, երբ համակարգչի առջև է մեր կյանքը անիմաստ անցնում (անիմաստ խաղեր, անիմաստ կայքեր, երբ թեկուզ ոչինչ չունես անելու բայց շարունակում ես մնալ կայքում …), ճիշտ է ես էլ եմ մտնում նման մարդկանց ցուցակը, բայց ես հազվադեպ եմ առանց նպատակի համակարգչի առջև նստում, սակայն արդեն շատ մարդիք կան որոնք համակարգչում են “ապրում”, նույնիսկ հացը ուտում են համակարգչի մոտ և իրենց իրական կյանքը չի հետաքրքրում, նրանք արդեն զոմբիացված են, և սա ավելի հզոր մասսայական ոչնչացման զենք է հանդիսանում քան Ատոմային ռումբը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»