« »

Հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ

Մարդիկ

Մարդիկ, մենք բոլորս մեկ ընդհանուրի մասնիկներն ենք՝ հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ: Հիշեք, որ ամեն մի մարդ էլ ունի իր հոգսերը, խնդիրները, անելիքները, նպատակները: Մի փորձեք յուրաքանչյուր մարդուց սպասել այն, ինչին դուք եք սովոր: Մի նյարդայնացեք նրանից, որ մարդիկ չեն պահում իրենց այնպես, ինչպես դուք եք նրանցից սպասում: Մարդն, ով հանդուրժող չէ ուրիշների նկատմամբ, և՛ իր նյարդերն ու տրամադրությունն է փչացնում և՛ շրջապատինը: Նա իր մտքերը դարձնում է բացասական, չնայած դրա փոխարեն կարող էր մտածել ավելի դրական ու կարևոր բաների մասին: Փորձեք թեթև ապրել ու հասկանալ դիմացի մարդկանց: Եվ կյանքը կպարգևատրի ձեզ նույն կերպ: Բերեմ երեք օրինակ առօրյայից:

Երթուղային տաքսիներ

Երթուղային տաքսիներում վարորդները երբեմն ծխում են: Չծխող ուղևորներին դա նյարդայնացնում է: Ես նույնպես ծխող չեմ և այդ ծուխն ինձ վրա էլ է ազդում, բայց ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ծխող մարդու համար չծխելը: Է՞լ երբ պետք է ծխի խեղճ վարորդը, եթե ամբողջ օրը նա ճանապարհին է: Չի կարող չէ նա կանգնեցնել մեքենան, սպասեցնել ուղևորներին, դուրս գալ ծխել և վերադառնալ: Թո՞ղ չծխի: Թող… Բայց քանի դեռ նա ծխում է, եկեք մի քիչ նեղություն տանք մեզ և չմեղադրենք: Հանդուրժող եղե՛ք:

Մշակույթային կյանք

Հայկական երգարվեստում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր երգիչ-երգչուհիներ: Նրանցից շատերի համար երգելն իրենց նպատակն է: Բայց միշտ չէ, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է և շատ հաճախ նրանց կատարումները մարդկանց դուր չեն գալիս: Եվ այստեղ էլ սկսվում է… «Ես նրանից լավ կերգեի», «Ով պարապ է մնում, երգիչ է դառնում», «Չի էլ ամաչում, երգել չգիտի, բեմ է դուրս գալիս» և նման այլ բաներ: Բարեկամներս, շատ հեշտ է ուրիշներին քննարկել ու քննադատել: Բայց ամեն մարդ իր նպատակներն ունի: Դուք կենտրոնացեք ձերի վրա, իսկ մնացածը թող անեն այն, ինչ իրենք են ճիշտ համարում: Եթե մարդու երազանքը երգելն է, ապա նա պետք է երգի, նույնիսկ եթե նրա մոտ ոչինչ չի ստացվում: Իհարկե, սկզբնական շրջանում կարող է ինչ-որ բան չստացվել: Բայց ժամանակի ընթացքում նա այնքան կաշխատի իր վրա, այնքան կերգի, որ կգա մի օր, երբ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Հեշտ չէ կատարյալ լինել: Հավանաբար դուք էլ հասել եք նրան, ինչին այժմ հասել եք, ոչ միանգամից: Հանդուրժող եղե՛ք:

Ինտերնետ

Մի երևույթ, որին հաճախ եմ սկսել հանդիպել վերջերս: Երբ Հայաստանում սկսեց զարգանալ բլոգոսֆերան, սկսեցին հայտնվել նոր բլոգերներ: Նրանցից յուրաքանչյուրը գրում է այն մասին, ինչն ինքն է կարևոր համարում և ուզում է, որ այլ մարդիկ էլ իմանան: Եվ տարբեր կայքերում, հիմնականում ավելի հին բլոգերների մոտ, սկսեցի հանդիպել նման գրառումներ՝ «Երկու տող բանա գրում, իրեն բլոգերա անվանում», «Ամեն երկրորդը բլոգերա դառնում», «Թող ուղղագրություն սովորի, նոր գրի»: Ցավալի է… Չէ որ բոլորն էլ ինչ-որ ժամանակ սկսնակ են լինում: Իհարկե, սկզբնական շրջանում կարող է ինչ-որ բան չստացվել, բայց դա չի նշանակում, որ մարդը պետք է դադարի գրել: Կգա ժամանակ, երբ այդ «սկսնակ» բլոգերներից շատերը կանցնեն մնացածից: Ավելի լա՞վ չէ, որ ամեն մեկս մեր գործով զբաղվենք, փորձենք օգուտ տալ մարդկանց և երբ նորերը հայտնվեն, որոնց մոտ ինչ-որ բան չի ստացվում, քննադատելու փոխարեն ոգևորենք նրանց և օգնենք, որ իրենք էլ իրենց տեղը գտնեն համացանցում: Հանդուրժող եղե՛ք:

Օրինակներ շատ-շատ են: Վարորդները չեն հանդուրժում անցորդներին, անցորդները՝ վարորդներին: Զինվորները չեն հանդուրժում սպաներին, սպաները՝ զինվորներին: Աղքատները չեն հանդուրժում հարուստներին, հարուստները՝ աղքատներին: Հիվանդները չեն հանդուրժում բժիշկներին, բժիշկները՝ հիվանդներին: Հաշվապահները չեն հանդուրժում հարկային աշխատողներին, վերջիններս էլ՝ հաշվապահներին: Մի խոսքով… Չեմ ուզում, որ հոդվածս երկար պատմվածք դառնա: Հանդուրժող եղե՛ք միմյանց նկատմամբ: Չէ որ ձեր դիմաց կանգնած են ձեր պես մարդիկ: Եթե հանդուրժող չլինեք ուրիշների նկատմամբ, չեք կարող սպասել նրանցից, որ նրանք էլ այդպիսին լինեն ձեր նկատմամբ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


12 մեկնաբանություն

  1. apres,shat lavn er

  2. Erbemn handurjoxakanutyun@ antarberutyun e hishecnum, isk antarberutyun@ voxjyuneli che…

    • Կախված է, թե ինչ ենք հանդուրժում Նվարդ ջան: Կոնկրետ արարքների մասին է խոսքը: Մենք ավելի շատ հանդուրժում ենք ավելի լուրջ, գլոբալ բաները, որոնք պետք չի հանդուրժել, իսկ մանրուքների վրա կենտրոնանում ենք, սկսում ենք քննադատել, խոսել ու ուղեղներս ծանրաբեռնել:

  3. «Ներիր և քեզ պիտի ներվի….»
    Շատ ճիշտ ես, երգում են թող երգեն, ուղղակի եթե իրանց մի բան լավնա թվում թող չփաթաթեն ժողովրդի վզին, իրոք էսօր մշակութային բռնության ենք ենթարկվում:))

    • Չգիտեմ Արա ջան … Օրինակ ես ոչ մի բռնության էլ չեմ ենթարկվում, որովհետև հեռուստացույց չեմ նայում 🙂 Ամեն ինչ մեր ձեռքերում է:

  4. Ինչպես կասեր կլասսիկը՝ Ребята, давайте жить дружно !!! Լավ գրառում է, էդ ամեն ինչ ու ամենուր քննադատող, բայց ինքնուրույն ոչինչ չանող մարդիկ իրոք որ հոգնեցնում են իրենց մշտական բողոք-գանգատներով !!!

    • Սկզբում ինձ էլ էին նման բաները հոգնեցնում Լեո ջան: Բայց հետո փոխվեցի ու հասկացա, որ ոչ ոքի իրավունք չունենք մեղադրել: Ամեն մարդ մի ձև է: Ես էլ չեմ սիրում, որ բողոքում են: Բայց հիմա ջղայնանալու փոխարեն փորձում եմ նման մարդկանց ինչ-որ ձևերով հասկացնել ու օգնել: Եթե ընդունում են, ավելի լավ, արդյունքը իրենք էլ են զգում, իսկ եթե ոչ, ապա դա նրանց ընտրությունն է: Նրանք կրկին մնում են մեզ պես մարդիկ:

  5. Հանդուրժող լինելը լավ բան է, չեմ վիճում, բայց չարժի ամեն ինչի նկատմամբ հանդուրժող լինել:

    Եթե ծխող վարորդի նման պահածքը հանդուրժում ենք, ուրեմն եկեք հանդուրժենք ցանկացած իրավախախտում, քանի որ հանրային տրանսպորտում ծխելը արգելվում է օրենքով: Եկեք հանդուրժենք նույն վարորդ(ներ)ի կողմից մեր քաղաքը կեղտոտելը, քանի որ չկա այնպիսի վարորդ կամ շատ-շատ քիչ են նրանք, ովքեր կօգտվեն մոխրամանից…

    Ու, եթե կողքներս անարդարություն է տիրում, եկեք հանդուրժենք ու ձեն չհանենք… Մենք մեր ճամփով, մյուսները՝ իրենց… 🙂

    • Արթուր ջան, հասկանում եմ քեզ: Ուղղակի գիտես պահը որնա: Բաներ կան, որ այնքան լուրջ չեն, որ դրանց վրա կարելի է այդքան կենտրոնանալ: Իհարկե, շատ բաներ կլինեն, որ պետք չի հանդուրժել: Խոսքը չի վերաբերվում լուրջ օրինախախտումներին: Բայց մենք ընդհանրապես սիրում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել մանրուքների վրա ու քննադատել դրանք: Բայց հանդուրժել, նշանակում է ներել: Այսինքն, դու տեսնում ես, որ դիմացինը չի անում այն, ինչ քեզ է հարմար, բայց ներում ես դա, քանի որ դա այդքան ճակատագրական չէ: Ուզում ես մարդուն լավություն անես: Հետո, շատ հաճախ մենք էլ ենք նույն բանը անում, բայց երբ ուրիշն է անում, սկսում ենք խոսել:

  6. Չհանդուրժել, չի նշանակում միայն քննադատել, խոսել, բողոքել ու ոչինչ չանել: Եթե ինչ-որ բան դուրտ չի գալիս, կամ փոխիր դա, կամ էլ եթե չես կարում փոխես, ավելի լավ է սուս մնաս:

    • Luka ջան, ախր շատ հարաբերական են հանդուրժելն ու չհանդուրժելը, որ շատ անգամ սահմանը չես էլ գտնում թե որ հանդուրժելն է բարի եւ որ չհանդուրժելն է անաստվածային:

      Ու հայերը շատ անգամ քննադատում են օդի մեջ, բայց եւ հանդուրժում են իրենց ընտանիքներից սկսած եւ փողոցներից վերջացրած տարբեր անարդարություններ ու անօրինականություններ:

      Օրինակ, մեկը կարող է քաղաքապետի կողմից Երեւանի մաքրության նախաձեռնությունը քննադատել, բայց տան պատուհանից աղբը ներքեւ թափի: Մյուսն էլ կարող է երթուղայինում հանդուրժել, որ վարորդը մեծահասակ կնոջ հետ հեգնանքով խոսի կամ էլ զզվելով վերցնի 5 հատ 20 դրամանոցը մի չունեվոր տատիկից, բայց գա տուն ու մարտի 8-ին էլ պես-պես խոսքերով կանանց կենաց մինչեւ վերջին կաթիլը խմի:

      Ամփոփելով, մի բան կարող եմ եզրակացնել՝ մենք չգիտենք, թե ինչը հանդուրժենք, ու չգտիտենք նաեւ, թե ինչը չի կարելի հանդուժել: Կարեւորը մանրուքն ու կարեւոր լինելն այնքան չէ, որքան սեփական դիրքորոշում չունենալը կամ էլ խեղաթյուրված արժեքներ ունենալը (որն էլ չի թողնում, որ տվյալ անհատը հասկանա՝ հանդուրժե՞լ, թե՞ չհանդուրժել): Այլ կերպ, դա էլ է քթի ծակ ու կրթվածություն պահանջում, որը գնալով դառնում է դիֆիցիտ 🙂

      Հ.Գ. հիմա հանդուրժե՞նք նման իրավիճակը, թե՞ ոչ 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»