Մտորումներ

Ցրում ենք բոլոր պատկերացումները հարուստների մասին. մաս 1

Ես համոզված եմ, որ մարդկանց մեծ մասի մոտ տարածված է այն կարծիքը, որ հարուստ մարդիկ դրանք վատ մարդիկ են, որոնք իրենց կարողությունները ձեռք են բերել խաբեությամբ, թալանելով, օրենքները խախտելով: Նրանք մտածում են միայն սեփական շահերի մասին և սիրում են ավելորդ ճոխություններ: Նրանք ժլատ են և չեն օգնում ուրիշներին: Նրանք այնքան ագահ են, որ երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով: Նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն փողի… Մի խոսքով, հարուստ մարդու կերպարը բոլոր ժամանակներում էլ ներկայացվել է որպես բացասական կերպար: Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը հարուստ մարդկանց մասին և ցրել նման բոլոր պատկերացումները: Գնացինք:

Հարուստները խաբեբա են և հանցագործ

Միանգամից նշեմ, որ անկասկած հարուստ մարդկանց մեջ էլ կլինեն մարդիկ, ովքեր խաբեբա են կամ հանցագործ, ինչպես և մնացած մյուս բոլոր մարդկանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ բոլոր հարուստ մարդիկ են այդպիսին: Դա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն: Այստեղ մարդու գործոնն է դեր խաղում, այլ ոչ թե հարուստ լինելու: Չէ՞ որ օրենքներն ավելի հաճախ խախտում են աղքատ ու միջին խավի մարդիկ: Բայց մենք չենք համարում նրանց խաբեբա և հանցագործ: Իսկ պատճառն այն է, որ հարուստները միշտ էլ փոքրամասնություն են կազմել և «առանձնացված» են եղել հասարակությունից, այդ պատճառով էլ նրա կողմից արժանացել են նման պիտակավորման:

Իսկ ովքե՞ր են հարուստներն իրականում

Իրականում հարուստները խելացի և ստեղծագործ մարդիկ են, որոնք կարողանում են ստեղծել: Նրանք սովորական մարդիկ են, որոնք ունեցել են ձգտումներ, նպատակներ, երազանքներ, անընդհատ աշխատել են այդ ուղղությամբ և արդյունքում հասել են այն ամենին, ինչին հասել են: Հարուստ մարդկանց մեծ մասն ունի մեծ երևակայություն: Այդ երևակայության արդյունքները դուք կարող եք տեսնել ամենուր: Նրանք ստեղծում են այն ամենը, ինչը դուք օգտագործում եք առօրյայում: Այն մեքենան, որը դուք վարում եք, այն հագուստը, որը դուք կրում եք, այն հեռախոսը, որը դուք բռնում եք, այն ժամացույցը, որը դուք կապում եք և այն համակարգիչը, որի դիմաց դուք հենց հիմա նստած եք, այդ ամենը ստեղծվել են նրանց կողմից: Նրանց հարուստ դարձնում է ոչ թե փողի հանդեպ ձգտումը, այլ, ավելի հաճախ, ստեղծելու, ինչ-որ բան փոխելու և ինքնահաստատվելու մեծ ցանկությունը: Իսկ փողը որպես արդյունք հայտնվում է հետագայում:

Շարունակելի…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»