Ժամանակի կառավարում

Պլանավորեք ձեր ժամանակը

Բոլորս էլ գիտենք, թե ինչ արագ է երբեմն «թռնում» ժամանակը: Թվում է, թե հենց նոր զարթնեցինք, բայց չենք էլ հասցնում ինչ-որ բան անենք, երբ արդեն մթնում է: Դա կրկնվում է նաև հաջորդ օրը, մյուս օրը, դրա հաջորդ օրը: Եվ այդպես անցնում են օրեր, ամիսներ, տարիներ:
 Կան մարդիկ, որոնք իրենց ժամանակը պլանավորում են ամիսներով կամ տարիներով, կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պլանավորում, իսկ կան նաև այնպիսինները, որոնք իրենց ժամանակը պլանավորում են օրերով կամ ժամերով: Արդեն չեմ հիշում թե որտեղ, բայց մի տեղ կարդացել եմ, որ հայտնի շվեդ գործարար, միլիարդատեր Ինգվար Կամպրադը իր օրը պլանավորում է 15-ական րոպեներով:
  Այս հոդվածում կփորձեմ օգնել ձեզ հասկանալ ժամանակի պլանավորման կարևորությունը և տալ պրակտիկ խորհուրդներ` ինչպես պլանավորել ժամանակը:

Հիշեք, որ ժամանակի պլանավորումը թույլ է տալիս ավելի արդյունավետ դարձնել ձեր կյանքը: Ինչպե՞ս: Առաջինը, դուք հասցնում եք ավելի շատ գործ անել օրվա ընթացքում: Երկրորդը, դուք բացառում եք այն տարբերակը, որ ինչ-որ գործ կարող եք մոռանալ, քանի որ այդ ամենն արդեն գրված է մի տեղ: Եվ երրորդը, պլանավորելով ձեր ժամանակը, դուք առանձնացնում եք կարևոր գործերը ոչ կարևորներից: Իսկ դա շատ կարևոր է: Հակառակ դեպքում, դուք ողջ օրվա ընթացքում կարող եք զբաղվել ինչ-որ բանով, որն ընդհանրապես կարևոր չէ` նույնիսկ առանց այդ մասին գիտակցելու: Իսկ ժամանակի պլանավորման դեպքում, դուք որպես կանոն սկզբում անում եք կարևոր գործերը և վերջում միայն, եթե ժամանակ է մնում, անցնում եք ոչ կարևորներին:

«Շատ լավ», -կասեք դուք,- «ժամանակը պլանավորել պետք է, բայց ինչպե՞ս անել դա»: Տալիս եմ ընդամենը 1 խորհուրդ, որն ինձ շատ է օգնում:

  1. Ամեն օր պլանավորեք ձեր հաջորդ օրը: Այսինքն, ի՞նչ կիսատ գործեր ունեք, որոնք պատրաստվում եք անել վաղը: Վերցրեք թղթի մի կտոր և նշեք բոլոր այդ գործերը դրա վրա: Հնարավոր է, որ դրանք բոլորը միանգամից չհիշեք: Ոչի՛նչ: Եթե ինչ-որ պահի ինչ-որ պակաս բան հիշեք, միանգամից ավելացրեք դա թղթի վրա: Մի՛ հետաձգեք, քանի որ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ մի քանի վայրկյան հետո դրա մասին կարող եք մոռանալ:

    Հաջորդ օրը առավոտյան վերցրեք թղթի այդ կտորը և պարզեք, թե ինչ ունեք անելու այսօր: Օրվա ընթացքում միշտ պահեք այդ թուղթը ձեզ մոտ: Ժամանակ առ ժամանակ նայեք այն, որպեսզի ոչինչ բաց չթողնեք: Եթե ինչ-որ գործ եք անում, ջնջեք այն թղթի վրայից: Եվ թուղթը գցեք միայն այն ժամանակ, երբ բոլոր գործերը ջնջված կլինեն: Իսկ եթե այնուամենայնիվ օրը վերջանում է, բայց դեռ կիսատ գործեր ունեք, տեղափոխեք դրանք հաջորդ օր` գրելով հաջորդ օրվա թղթի վրա: Այդպես, դուք երբեք բաց չեք թողնի ոչ մի գործ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»