Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ չեն նկատում իրենց թերությունները

Անխելքն ամեն ինչում մեղադրում է ուրիշներին, խելոքն` ինքն իրեն, իսկ իմաստունը` ոչ ոքի չի մեղադրում:

Շատ հաճախ լինում է այնպես, որ մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում: Այդ ժամանակ պատճառները մենք սկսում ենք փնտրել մեզանից դուրս: Մենք սկսում ենք մեղադրել հանգամանքները, սկսում ենք մեղադրել ուրիշներին, եղանակի տեսությանը, մի խոսքով, բոլորին-բոլորին, բացի մեզանից: Դրանից մենք մեզ լավ ենք զգում և խորը շունչ ենք քաշում` չէ՞ որ մենք ոչնչում «մեղավոր» չենք: Արդյունքում, այն, ինչը մեզ մոտ չէր ստացվում, կրկին շարունակում է չստացվել և ոչինչ չի փոխվում:

Այն, որը մարդը չի նկատում իր թերությունները, կարծում եմ, ներդրված է նրա մեջ բնությամբ: Դա ինքնապաշտպանական ռեակցիա է: Երիտասարդը, որի վրա աղջիկները ուշադրություն չեն դարձնում, պատճառը ման չի գալիս իր մեջ, այլ փնտրում է շրջապատում: Նա չի տեսնում այն, որ չի կարողանում հակառակ սեռի հետ շփվել, որ իր արած կատակները տեղին չեն, որ իր արած հաճոյախոսությունները միայն իրեն են գեղեցիկ թվում, որ նա անընդհատ խոսում է միայն իր մասին, որ իր անընդհատ զանգերով նա զայրացնում է աղջկան: Բայց նա շատ գոհ է իր պահվածքից և հետո էլ անկեղծորեն զարմանում է` ինչո՞ւ իմ վրա ուշադրություն չեն դարձնում:

Ամեն ինչի պատճառը փնտրեք ձեր մեջ: Միգուցե դուք իրականում ոչնչում էլ մեղավոր չեք, բայց սկզբում փնտրեք ձեր մեջ: Դա չպետք է հարվածի ձեր ինքնավստահությանը և դուք չպետք է սկսեք մտածել` «ես լավը չեմ», «ես խեղճ եմ», «ինձ մոտ ոչինչ չի ստացվում» և այլն և այլն: Ընդհակառակը, դուք պետք է ավելի լավ զգաք ձեզ, քանի որ գտաք ձեր մեջ մի բան, որը կարելի է բարելավել, իսկ այդպես` դուք կարող եք աճել: Ուղղակի շատ մի կենտրոնացեք դրա վրա, այլ մի պահ ֆիքսեք դա, ապա մոռացեք դրա մասին և կենտրոնացեք լուծման վրա: Թող դա ձեզ համար լինի օգտակար «խաղ», այլ ոչ թե մտածմունքների տեղիք և ճնշվածության պատճառ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»