Բիզնես և ֆինանսներ

Սովորեք ղեկավարել ֆինանսները

Կհամաձայնեք, թե ոչ, բայց այսօր բոլորիս կյանքում ֆինանսները կարևոր դեր են խաղում: Ուստի, պետք է սովորել ավելի լուրջ վերաբերվել դրանց: Մեր օրերում միայն շատ փող աշխատելը բավարար չէ: Գիտե՞ք, թե ինչով է տարբերվում հարուստ մարդը միջին մարդուց: Միջին մարդը գիտի միայն, թե որքան փող է նա աշխատում, իսկ հարուստը՝ թե որքան փող է աշխատում, որքան փող է ծախսում, որտեղ է ծախսում, ինչպես կրճատել ծախսերը, ինչպես ավելացնել խնայողությունները, ինչպես չընկնել պարտքերի ու վարկերի տակ, որտեղ ներդնել փողերը: Օրինակ, վերցնենք ձեզ: Միգուցե դուք ավելի շատ ծախսո՞ւմ եք, քան աշխատում: Կարո՞ղ եք վստահ ասել, որ դա այդպես չէ: Ցանկացած պահին դուք պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ ֆինանսական վիճակում եք գտնվում: Այսինքն` որքան գումար ունեք այս պահին, որքան պարտք ունեք, ովքեր են ձեզ պարտք, որքան վարկի մնացորդ ունեք, որքան գումար եք ակնկալում մոտ ժամանակներս:

Իսկ դա անելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ պարզ բան: Գրանցեք ձեր ամենօրյա ծախսերը և ամսվա վերջում վերլուծեք դրանք: Գրանցեք ծախսերն ըստ խմբերի: Օրինակ` ուտելիք, տրանսպորտ, ժամանց, կոմունալ, հագուստ/կոշիկ, կրթություն, նվերներ, ավելորդ ծախսեր և այլն: Յուրաքանչյուր ամսվա վերջում ամփոփեք ձեր ֆինանսական վիճակը: Հասկացեք, դուք ավելի շատ ծախսում եք ժամանցի, կոմունալ ծախսերի, թե ասենք հագուստի վրա: Եթե տեսնում եք, որ ժամանցի կամ կոմունալ ծախսերի վրա ծախսում եք ավելի շատ, քան անհրաժեշտ է, վերլուծեք, թե ինչու է դա այդպես: Դա ձեզանից կես ժամ կխլի, բայց կտա շատ ավելին, քան դուք պատկերացնում եք: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք, ձեր մոտ զգացում կառաջանա, որ դուք վերահսկում եք ձեր ֆինանսական կյանքը և այդ վստահությունը կփոխանցվի նաև ձեր կյանքի մյուս ոլորտներ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»