Արժեթղթեր

Բաժնետոմսեր. ինչո՞ւ են ընկերությունները թողարկում դրանք

Բաժնետոմսը դա արժեթուղթ է, որը վկայում է իր սեփականատիրոջ իրավունքը բաժնետոմս թողարկող ընկերության մի մասի նկատմամբ: Օրինակ, եթե դուք ձեռք եք բերել Google ընկերության 30 բաժնետոմս, որը կազմում է ընկերության բոլոր բաժնետոմսերի 0.0001%-ը, ապա դուք հանդիսանում եք Google ընկերության 0.0001%-ի սեփականատերը: Այսինքն, ձեզ են պատկանում Google ընկերության շահույթի, գրասենյակների, գույքի, մի խոսքով, այն ամենի 0.0001%-ը, ինչ Google ընկերությունն ունի:

Ինչո՞ւ է ընկերությունը թողարկում բաժնետոմսեր

Իսկ ո՞րն է ընկերության օգուտը: Ինչո՞ւ է ընկերությունը թողարկում բաժնետոմսեր և վաճառում իր «ունեցվածքի» մի մասը բոլոր ցանկացողներին: Պատճառը շատ պարզ է: Ընկերությանը նույնպես փող է պետք: Օրինակ, Google ընկերությունը որոշում է բացել Google Shops խանութների ցանցը աշխարհում: Դրա համար նրան անհրաժեշտ է լրացուցիչ 2 միլիարդ դոլար, որը նա այս պահին չունի: Նախագիծը թվում է շատ խոստումնալից և կարող է կրկնապատկել ընկերության շահույթները, բայց արի ու տես, որ ազատ դրամական միջոցներ դրա համար չկան: Ի՞նչ տարբերակներ կան: Ընկերությունը կարող է ինչ-որ մեկից պարտք անել կամ բանկից 20%-ով վարկ վերցնել: Բայց քանի որ նման գումարները պարտքով վերցնելը մի քիչ ծիծաղելի է թվում, ապա միակ խելամիտ տարբերակը մնում է վարկ վերցնելը: Բայց չէ՞ որ այդ դեպքում ընկերությունը պետք է վճարի նաև բանկի տոկոսները, այսինքն մոտ 400 միլիոն դոլար ավելի: Իսկ եթե հանկարծ Google Shops-ը հաջողություն չունեցա՞վ: Այդ դեպքում ինչպես նա պետք է վերադարձնի իր ահռելի պարտքերը կամ ինչպես պետք է վճարի վարկի տոկոսները:

Ի՞սկ ուրիշ ինչ տարբերակներ կան

Այդ պատճառով ընկերությունը որոշում է գնալ այլ ճանապարհով: Քանի որ այդ պահին ընկերության արժեքը գնահատվում է 50 միլիարդ դոլար, նա թողարկում է 50 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, դրանց հսկիչ փաթեթը ընկերության հիմնադիրները պահում են իրենց մոտ, որպեսզի Google-ը ամբողջությամբ չանցնի «այլ մարդկանց» ձեռքը, իսկ բաժնետոմսերի մի մասը` 2 միլիարդ դոլարի, նրանք հանում են ազատ վաճառքի: Վաճառքից ստացված գումարներով Google Shops-ը սկսում է գործել: Խանութներ են բացվում աշխարհի տարբեր երկրներում: Նախագիծը հաջողություն է ունենում և ընկերության արժեքը աճում է` դառնալով 80 միլիարդ դոլար: Արդյունքում, ընկերությունը շահում է շատ ավելին, քան այն 2 միլիարդ դոլարի բաժնետոմսերն էին, որոնք նա վաճառքի էր հանել և որոնք, ցանկության դեպքում, կարող է ետ գնել: Այս դեպքում կրճատվում են նաև ռիսկերը: Եթե հանկարծ Google Shops-ը անհաջողության է մատնվում, ապա ընկերությունը ոչ ոքի պարտք չէ, չունի վճարելու տոկոսներ և շարունակում է իր կայուն աշխատանքը:

Եզրակացություն

Փաստորեն, ի՞նչ հասկացանք: Ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր, այսինքն վաճառում է իր «մի մասը», որպեսզի այդ գումարներով ավելի զարգանա, բարձրանա նոր մակարդակի վրա և ավելի շատ շահույթ ստանա: Դա ընկերության կողմից խելացի քայլ է, քանի որ այդ դեպքում նա չի ընկնում պարտքերի տակ, չի վճարում ավել գումարներ (վարկի տոկոսները) և հաջողության դեպքում` բազմապատկում է իր շահույթները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

    • Օգուտն այն է, որ ընկերության գործերը կարող են լավ գնալ, ընկերության արժեքը կարող է աճել և բաժնետոմսերի գինը համապատասխանաբար նույնպես կաճի: Եվ այդ ժամանակ կարող եք վաճառել բաժնետոմսերը ավելի թանկ:

  • Մի հարց, ես լավ չհասկացա, եթե հանկարծ ընկերության գործերը վատ գնացին, մեր բաժնետոմսերի հետ ի՞նչ է լինում․ մեզ շարունակու՞մ է գալ ընկերության հասույթի 0.0001%-ը (օրինակ),թե՞ մեր գումարը, որով գնել ենք բաժնետոմսերը կորում է։

    • Եթե շահաբաժիններ եք ստանում ընկերությունից, դա արդեն ընկերությունն է որոշում նման պայմաններում վճարել, թե ոչ: Եթե ընկերությունների գործերը վատանում են, դուք դեռ ցանկացած պահի կարող եք վաճառել ձեր բաժնետոմսերը, ուղղակի դրանց գինը ցածր կլինի: Իսկ եթե ընկերությունը սնանկ ճանաչվի, դուք ամենայն հավանականությամբ ձեր բաժնետոմսերը կկորցնեք:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»