Հաջողության գաղտնիքներ

Ինչպես է մարդը մտածում

Մարդու ուղեղը նման է այգու: Կամ այն խնամված է և մաքուր, կամ մատնված է անտերության և գտնվում է լքված վիճակում: Անկախ նրանից, խնամում եք դուք այգին, թե ոչ, այնտեղ ինչ-որ բան հաստատ կաճի: Աճ միշտ էլ լինում է: Բայց եթե այգում տնկված չեն օգտակար սերմեր, ապա այն ամբողջությամբ պատվելու է մոլախոտերով, որոնք շարունակելու են աճել և բազմանալ:

Այգեպանը հոգատարությամբ խնամում է իր այգին և պաշտպանում է այն մոլախոտերից` աճեցնելով միայն այն ծաղիկները, որոնք նա ուզում է ունենալ: Ճիշտ նույն ձևով, մարդը պետք է հոգ տանի իր ուղեղի «այգու» մասին` հեռացնելով բոլոր անիմաստ և կեղտոտ մտքերը, միաժամանակ` աճեցնելով օգտակար և մաքուր մտքերի «ծաղիկները»: Հիշեք, ամեն մարդ ինքն է հանդիսանում իր կյանքի «այգեպանը»: Նա է իր մտքերի տերն ու տիրակալը, իր արարիչը, իր կյանքը կերտողը:

Մարդիկ դեպի իրենց են ձգում ոչ թե այն, ինչ իրենք ուզում են, այլ այն, ինչին նրանք ներքուստ տրամադրված են: Մարդը հայտնվում է բանտում կամ աղքատանում է ոչ թե ճակատագրի չար կատակի բերումով, այլ նրան այնտեղ են տանում սեփական ոչ մաքուր մտքերն ու ցանկությունները: Պարզ գիտակցություն ու մաքուր մտքեր ունեցող մարդը երբեք չի կատարում հանցագործություն` նույնիսկ սթրեսի կամ այլ ազդեցության տակ: Հանգամանքները չեն ձևավորում մարդուն: Դրանք միայն «ջրի երես» են հանում նրա բնավորությունը:

Լավ մտքերը երբեք չեն կարող հանգեցնել վատ հետևանքների: Նույն կերպ, վատ մտքերը երբեք չեն կարող հանգեցնել լավ հետևանքների: Այս պնդում ճիշտ է այնքան, որքան և այն, որ ցորենի սերմերից միայն ցորեն է աճում, իսկ եղինջի սերմերից` միայն եղինջ: Գրեթե բոլոր մարդիկ էլ հասկանում են դա և կիրառում են առօրյա կյանքում: Բայց շատ քչերն են գիտակցում և կիրառում դա մտավոր և հոգևոր կյանքում (չնայած օրենքը գործում է նույն կերպ):

Մարդը լիարժեք սկսում է ապրել այն ժամանակ, երբ դադարում է տրտնջալ և բողոքել ճակատագրից, երբ որոշում է գտնել այն թաքնված պատճառը, որը իրոք ձևավորում է իր կյանքը: Բերելով իր գիտակցությունը դրան, նա դադարում է մեղադրել ուրիշներին իր անհաջողություններում: Նա ուղղակի ղեկավարում է իր մտքերը` հեռացնելով վատն ու կեղտոտը, պահելով` մաքուրն ու բարին: Երբ նա արմատապես փոխում է իր մտքերը, ապա ապշում է` տեսնելով իր շրջապատի փոփոխությունները:

Որոշ մարդիկ կարծում են, որ իրենց ներքին աշխարհը կարող է գաղտնի մնալ: Բայց դա այդպես չէ: Մտքերը արագ են վերափոխվում սովորությունների: Եթե մարդը հրաժարվի իր վատ մտքերից, ապա ամբողջ աշխարհը կդառնա ավելի մեղմ նրա հանդեպ և կգա նրան օգնության: Երբ նա հեռացնի իր թույլ և հիվանդ մտքերը, նրա համար ամենուրեք կբացվեն ուժ և վճռականություն ցուցաբերելու հնարավորություններ: Երբ նա իր ուղեղում պահի միայն լավ մտքերը, այլևս ոչ մի «չար ճակատագիր» չի կարող պահել նրան դժբախտության մեջ:

P.S.
Մտքերը մեջբերված են Ջեյմս Ալլենի «Ինչպես է մարդը մտածում» գրքից: Գիրքը գրված է 1902-1912 թվականներին: Այն կարող եք ներբեռնել կայքի Գրքեր բաժնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»