Հաջողության գաղտնիքներ

Մի կենտրոնացեք բացասականի վրա

Շատ հաճախ, երբ գրում եմ մտածեք դրական և մի կենտրոնացեք բացասականի վրա, որոշ մարդիկ արձագանքում են` «իսկ ինչպե՞ս կարող ենք չկենտրոնանալ բացասականի վրա, չէ՞ որ այդ բացասականը իրականում կա, մենք չենք կարող ջայլամի պես գլուխներս մտցնենք ավազի մեջ»: Համաձայն եմ, բայց դրա իմաստը կայանում է նրանում, որ եթե ձեզ հետ ինչ-որ բացասական բան է լինում կամ ինչ-որ խնդիր եք ունենում, ոչ թե կենտրոնանաք դրա վրա, ձեզ խղճաք, «դժբախտանաք» ու բոլորին մեղադրեք, այլ ուղղակի առանց ընկճվելու, բողոքելու, քննադատելու` այդ բացասականը վերացնեք: Երբ դուք դրական եք տրամադրված, ձեր ուղեղն ավելի լավ է աշխատում և դուք ավելի հեշտությամբ կարող եք վերացնել բացասական հետևանքները: Շրջապատում ես հաճախ եմ նկատում, որ մարդիկ, որոնց հետ ինչ-որ բացասական բան է լինում (հիմնականում մանրուքներ), կարող են ժամերով կենտրոնանալ դրա վրա, խոսել դրա մասին, քննադատել, նյարդայնանալ, բայց կոնկրետ խնդիրը լուծելու համար ոչինչ չանել:

Մի դեպք պատմեմ: Մի օր առավոտյան, մնացած բոլոր օրերի պես, զարթնեցի, հագնվեցի ու գնացի բաղնիք, որպեսզի լվացվեմ: Երբ մտա բաղնիք, տեսա, որ այնտեղ ամենուր թափված են գաջի ու ցեմենտի մեծ կտորներ, ավազ ու կեղտ: Երբ նայեցի վերև, հասկացա, որ վերևի տանից ինձ վրա ջուր է թափվել ու հոսքը երևի այնքան ուժեղ էր եղել, որ առաստաղի մի կտոր չէր դիմացել ու թափվել էր ներքև: Եթե նույն բանն ինձ հետ լիներ մի քանի տարի առաջ, հավանաբար ես միանգամից բացասական կտրամադրվեի, կխառնվեի իրար, կջղայնանայի ու վերևիս հարևանին կքննադատեի: Բայց այդպես չեղավ: Ես ուղղակի շատ հանգիստ` որպեսզի շորերս չկեղտոտեմ, անցա այդ «ավերակների» միջով այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել, հանգիստ լվացվեցի, դուրս եկա բաղնիքից ու շարունակեցի մնացած գործերս, որոնք ես պետք է անեի, նույնիսկ եթե ոչինչ եղած չլիներ: Այդ պահին տրամադրությունս չընկավ և ներսումս ոչ մի բացասական զգացմունք չառաջացավ: Ուղղակի դա այն չէր, ինչի վրա ես պետք է կենտրոնանայի` թափվել-թափվել է, ինչ անեմ, երբ գործերս ավարտեմ` այդ հարցով էլ կզբաղվեմ:

Այդպես դուրս եկա տանից, գնացի իմ գործերով և երեկոյան, երբ վերադարձա տուն, բարձրացա վերևիս հարևանի մոտ և առանց ինչ-որ մեղադրական տոնի հայտնեցի, որ իմ վրա գիշերը ջուր է հոսացել: Երբ նա ինձ հետ իջավ ներքև և տեսավ առաստաղս, մի քիչ շփոթվեց ու ասեց, որ ինքն ամեն ինչ կվերանորոգի: Բայց ես ժպտալով ասեցի, որ ամեն ինչ լավ է, բոլորի հետ էլ պատահում է, որ նա մեղք չունի, ես ինքս վերանորոգման հարցերով կզբաղվեմ: Այդ պահին ոչ մի լարվածություն չառաջացավ, որովհետև մենք չէինք մտածում, թե ինչու է այդպես եղել: Մենք մտածում էինք, թե ինչպես դա կարելի է ուղղել: Հարևանս մի քանի օրից վերացրեց բոլոր պատճառները, իսկ ես վերանորոգեցի իմ առաստաղը և մենք մինչև հիմա էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Ինչո՞ւ: Որովհետև, նախ, ոչ մի թափված առաստաղ, ոչ մի այլ իր, չի կարող լինել ավելի կարևոր, քան մարդկային հարաբերությունները և երկրորդը, դա այն դեպքը չէր, որի համար ես պետք է ուղեղս բացասականով լցնեի: Ես ուղղակի լուծեցի խնդիրը և վերջ:

Հուսով եմ` հասկացաք, թե ինչ էի ուզում ասել: Բացասականի վրա չկենտրոնանալ չի նշանակում, որ բացասական իրականում չկա կամ դուք պետք է դա շրջանցեք: Ուղղակի պետք է դրա վրա չկենտրոնանալ, այլ կենտրոնանալ լուծման վրա: Ցանկացած իրավիճակին, որը մեր կյանքում լինում է, կան մարդիկ, որոնք վերաբերվում են մի կերպ, իսկ կան մարդիկ, որոնք լրիվ այլ կերպ: Եվ կյանքը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ փորձում են տեսնել դրականը և չեն կենտրոնանում բացասականի վրա, շատ ավելի երջանիկ են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Լիովին համաձայն եմ ձեզ հետ: Ցանկացած բացասական իրավիճակներից ելք կա, իսկ մենք երբեմն խոշորացույցով ենք նայում դրանց դրանց:

  • Միանշանակ համաձայն եմ: Նույնիսկ այդիպիսի ֆիլմ եմ դիտել, որը բացատրում էր, թե ինչպես է մեր տրամադրվածությունը ազդում մեր գործունեության վրա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»