Ժամանակի կառավարում

Սովորեք պլանավորել

Եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, ապա սովորեք պլանավորել: Ես հասկանում եմ, որ ձեզ համար միգուցե խորթ է անգամ պլանավորում գաղափարը, բայց դա շատ կարևոր է անել: Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում պլանավորել: Առաջին պատճառն այն է, որ պլանավորումն իրենից ներկայացնում է գործընթաց և բավական մանրակրկիտ գործընթաց: Շատ մարդկանց այդ գործընթացը դուր չի գալիս` այն նյարդայնացնում է նրանց: Եվ երկրորդը, մարդիկ կարծում են, որ ինչ-որ բան պլանավորելով, նրանք ամեն ինչ պետք է անեն ճիշտ նույն ձև, ինչպես պլանավորված է եղել: Բայդ դա այդպես չէ: Ինչ-որ բան պլանավորելով դուք 3 բան եք հաշվի առնում: Առաջինը` այն, թե որտեղ եք դուք հիմա գտնվում, երկրորդը` որտեղ եք ուզում հայտնվել և երրորդը` բոլոր այն միջանկյալ քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեզ առաջին կետից երկրորդը հասնելու համար:

Հասկացեք, որ պլանավորման գլխավոր իմաստը այդ միջանկյալ քայլերի ճշգրիտ պահպանումը չէ, այլ այն, որ դուք թողնում եք այն տեղը, որտեղ այժմ գտնվում եք և շարժվում եք այն ուղղությամբ, որում պետք է հայտնվեք, իսկ միջանկյալ քայլերը տարբեր հանգամանքներից կախված կարող են փոխվել:

Ինչո՞ւ է պլանավորումն այդքան կարևոր: Շատ մարդկանց մոտ բացակայում է առաջ շարժվելու վստահությունն ու համարձակությունը, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Այսինքն, եթե դուք չեք պլանավորել ձեր կյանքը, ձեր օրը, առաջիկա տարին կամ ծախսերը, ապա այնպիսի տպավորություն է, որ դուք թղթե նավակ եք գետի մեջ և այն կքշի ձեզ այնպես, ինչպես ցանկանա և դուք ոչինչ չեք կարող անել: Բայց երբ դուք ինչ-որ բան եք պլանավորում, ստեղծում եք փոքր հաջորդական քայլերով պլան և ժամանակ եք հատկացնում դրան պատրաստվելուն, ապա դուք վերցնում եք պատասխանատվությունը ձեր վրա: Դուք ավելի ինքնավստահ եք դառնում, քանի որ այլևս այն թղթե նավակը չեք, որն ուղղակի հոսում էր գետի հունով: Դուք արդեն «թիեր» ունեք, որոնց օգնությամբ կարող եք շարժվել այնպես, ինչպես ինքներդ ցանկանաք` նույնիսկ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ: Դա է տալիս պլանավորումը: Այն ժամանակը, որը դուք հիմա կծախսեք պլանավորման վրա, հետագայում շատ ավելի անգամ կփոխհատուցվի: Այնպես որ, մի զլացեք և կատարեք առաջին քայլերը պլանավորման գործում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»