Հետաքրքիր է

Ամերիկայի «ամենահաջողակ հիմարը». Տիմոտի Դեքստեր

Այս հոդվածում ձեզ կպատմեմ մի մարդու մասին, որին անվանում են Ամերիկայի «ամենահաջողակ հիմարը»: Խոսքը Տիմոտի Դեքստերի մասին է, որը ծնվել է 1747 թվականին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մադլեն քաղաքում: Լինելով անկիրթ, հասարակ և միամիտ մարդ, նրան հաջողվում է դառնալ իր ժամանակների ամենահաջողակ գործարարներից մեկը:

Սկզբում նա աշխատում է որպես ֆերմեր հոր ֆերմայում, ապա նաև որպես կաշվեգործի օգնական: Սակայն երբ լրանում է նրա 23 տարին, նա իր հետ վերցնում է իր 8 դոլար 20 ցենտ խնայողությունները և մեկնում է զարգացած Նյուբիրպորտ քաղաք: Այնտեղ հայտնվելու հենց առաջին ամսվա ընթացքում նա ծանոթանում և ամուսնանում է մեծահարուստ այրի՝ 31-ամյա Էլիզաբեթ Ֆրոթինգեմի հետ:

Ամուսնությունից հետո նա սկսում է մտածել, թե որտե՞ղ կարելի է ներդնել կնոջ փողերը: Ընտրությունը կանգնում է արժեթղթերի վրա: Առանց երկար-բարակ մտածելու, թե ինչ արժեթղթեր կարելի է գնել, նա ուղղակի սկսում է գնել նրանք, որոնք ավելի էժան են: Բայց դրանց գինը սկսում է անհասկանալի ձևով աճել և Դեքստերը շահող է դուրս գալիս: Աշխատած գումարներով նա կառուցում է իր առաջին նավը:

Նրա շրջապատում հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են նախանձել նրան՝ «հայտնվեց չգիտես որտեղից, ամուսնացավ մեծահարուստ կնոջ հետ, հիմա էլ հաջողակ բիզնես է անում»: Մրցակիցները որոշում են զվարճանալ կիսաանգրագետ Դեքստերի վրա և սկսում են նրան «հիմար» խորհուրդներ տալ: Առևտրականներից մեկը նրա ականջին «շշնջում է», որ Վեստ Ինդիայի կղզիներում մարդկանց շատ անհրաժեշտ են թավաներ, ձեռնոցներ և Աստվածաշնչեր: Առանց հասկանալու, թե ինչ եղանակ է Վեստ Ինդիայում և ինչ է այնտեղ անհրաժեշտ, Դեքստերը էժան գնով ձեռք է բերում այդ բոլոր ապրանքները, բեռնում է մի քանի նավ և ճանապարհ է ընկնում:

Նրա բախտն անհավատալիորեն բերում է: Երբ նրա նավերը հասնում են Վեստ Ինդիա, պարզվում է, որ կղզում սկսվել են կրոնական շարժումներ և բոլոր Աստվածաշնչերը գնվում են տեղի կրոնական առաջնորդների կողմից՝ մի քանի անգամ ավելի թանկ գնով: Նրա բախտն էլ ավելի է բերում, երբ Վեստ Ինդիայի ափերին են մոտենում ռուսական առևտրական նավերը: Դեքստերին հաջողվում է բանակցություններ սկսել նրանց հետ և վաճառել իր մոտ գտնվող բոլոր ձեռնոցները՝ մինչև վերջին զույգը: Ցրտաշունչ Ռուսաստանի համար դա հենց այն էր, ինչ պետք էր: Իսկ թավաները երկար ժամանակ մնում են պահեստում, քանի դեռ ֆերմերներից մեկի մտքով չի անցնում, որ դրանք կարելի է օգտագործել որպես շերեփներ՝ ձուկը տակառների մեջ լցնելու համար: Այդպես Դեքստերը վաճառում է նաև իր բոլոր թավաները: Այս անհավատալի գործարքների արդյունքում նա աշխատում է 150 000 դոլար և դառնում է շատ հարուստ:

Որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը համոզում է Դեքստերին՝ իր ողջ միջոցները ներդնել ածխի մեջ և այնուհետև վաճառել այն Անգլիայի Նյուքասլ քաղաքում: Միամիտ Դեքստերը չգիտեր, որ Նյուքասլը Անգլիայի ածխաարդյունաբերական կենտրոնն է, որտեղ ածուխ վաճառելը համարժեք է պաղպաղակ վաճառել էսկիմոսին կամ կաթ՝ կովին: Նա վարձում է մի քանի նավեր, ամբողջությամբ բեռնում է դրանք Վիրջինիայի փափուկ ածխով և ուղարկում է Անգլիա: Բայց երբ նավերը հասնում են ածխային քաղաք, պարզվում է, որ տեղի հանքափորները գործադուլ են հայտարարել և ածուխ չկա ոչ Նյուքասլում, ոչ էլ այլ քաղաքներում: Ամբողջ ածուխը վաճառվում է միանգամից և Դեքստերը դառնում է կրկնակի հարուստ:

Դեքստերի միամտության գագաթնակետը հասնում է այն ժամանակ, երբ նա որոշում է հրատարակել իր նոթերը «Անհեթեթություն խելոքների համար կամ ամբողջ ճշմարտությունը կոպիտ հագուստով» անվանվան տակ: Գիրքն իրենից ներկայացնում էր սկզբից մինչև վերջ առանց կետադրական նշանների, իրար հետ չկապակցված բառերի հաջորդականություն: Նա հրամայում է տպագրել գրքի հազարավոր օրինակներ և ուղարկել դրանք տարբեր քաղաքներ: Գիրքը սկսում է վաճառվել մեծ հաջողությամբ: Գրքի արդեն երկրորդ համարում ավելանում են ևս 13 լրացուցիչ էջեր՝ ամբողջությամբ կազմված միայն կետադրական նշաններից, որտեղ ընթերցողին կոչ էր արվում տեղադրել դրանք իրենց հայեցողությամբ: Ընդհանուր առմամբ, գիրքը վերահրատարակվում է 8 անգամ: Եվ եթե առաջինը հրատարակվել էր հենց Դեքստերի կողմից, ապա մյուսները հրատարակվում են հայտնի հրատարակիչների կողմից — այդպես լավ էին վաճառվում զարմանահրաշ հարուստի արկածները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Հոդվածը կարդալիս ես լիաթոք ծիծաղեցի: Այս պատմությունն ինձ հիշեցրեց հայտնի քաջ Նազարի հեքիաթը: Շատերը գուցե պատմության « հերոսի» հաջողությունները վերագրեն բախտին և արտաքին գործոններին: Սակայն բոլոր դեպքերում մարդն ինքն է ընտրում իր ճանապարհը: Չէ՞ որ դեռևս մանկուց Դեքստերը հետաքրքրվել է բիզնեսով, փորձել է իր կյանքում ինչ-որ բան փոխել, եղել է համարձակ և հաճախ ռիսկի է դիմել: Եթե նա այդ ամենը չաներ, գուցե այսօր չխոսվեր նրա մասին: Լինել խելացի մարդ, չի նշանակում ունենալ լավ կրթություն և շատ գիտելիքներ: Հիմարը չի կարող հասնել այդպիսի հաջողությունների: Նա կարողացել է ճիշտ կողմնորոշվել, արագ գործել և դառնալ հաջողակ: Կարծում եմ, որ մենք այդ անկիրթ ու միամիտ մարդուց շատ բան ունենք սովորելու:

  • Իսկ իմ կարծիքով նրա բախտն ուղղակի բերել է: Ասում են Աստված սիրում է միամիտ մարդկանց: Չգիտեմ, կարծում եմ` եթե նրա բախտը չբերեր, ապա նա չէր հարստանա: Հարստանալու համար պետք է գոնե մի քիչ խելացի լինես և տեղեկացված: Իսկ նա գործում էր առանց մտածելու: Իհարկե, երբեմն մեր տրամաբանությունը մեզ խանգարում է, սակայն իմ ճանաչած բոլոր հարուստ և հաջողակ մարդիկ (բացառությամբ որոշ հայ օլիգարխների) եղել են կիրթ, տեղեկացված և խորամանկ, նաև ունեցել են հիանալի “հոտառություն”:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»