Մտորումներ

Կին և աշխատանք

Ես չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնք ասում են, որ կինը պետք է չաշխատի: Աշխատանքը դա միայն փող աշխատելու միջոց չէ: Աշխատանքը նաև ինքնահաստատվելու, օգտակար լինելու և քեզ կարևոր զգալու հնարավորություն է: Կարծում եմ, որ կնոջ չաշխատելը արդարացված է միայն այն դեպքում, երբ նա ինչ-որ ֆիզիկական ծանր աշխատանք է կատարում կամ աշխատում է մի տեղ, որտեղ իրեն լավ չի զգում, իսկ աշխատելու միակ պատճառը փող վաստակելն է: Այդ դեպքում իրոք շատ գովելի է, եթե դուք անեք այնպես, որ ձեր կինը չաշխատի: Սակայն, եթե կինը հաճույք է ստանում իր աշխատանքից և ուզում է աշխատել, ապա չպետք է լինի որևէ պատճառ, որը կարող է դրան խոչընդոտել:

Անցել են այն ժամանակները (եթե դրանք եղել են) ու մտածելակերպը, որ տղամարդն ամենակարող է, իսկ կինը պետք է հանգիստ նստի տանը, տան գործերով զբաղվի և երեխաներին խնամի: Այսօր շատ կանայք ավելի մեծ հաջողությունների են հասնում իրենց աշխատանքային կարիերայում և անձնական նախաձեռնություններում, քան մի շարք տղամարդիկ: Կանայք իրենց բնավորությամբ ավելի հանգիստ են, նվիրված են իրենց աշխատանքին և հիմնականում՝ ավելի արդար են: Մի տեղ լսել եմ, որ Ռուսաստանի հարկային մարմիններում աշխատողները հիմնականում կանայք են, քանի որ նրանք հազվադեպ են կաշառք վերցնում:

Մեզանից շատերը ծառայել են բանակում և գիտեն, թե ինչ է նշանակում երկար ժամանակ չորս պատերի միջև անցկացնել: Կինը, որն ամբողջ օրը նստած է տանը, զբաղված է տան գործերով և հազվադեպ է տանից դուրս գալիս, գտնվում է գրեթե նույն իրավիճակում: Կնոջը պետք է ստեղծագործական ազատություն տալ, որպեսզի նա իրագործի իր մտքերն ու նախաձեռնությունները:

Բացի այդ, ինչը կարող է ավելի շատ օգնել և հաճելի լինել տղամարդուն, քան այն, երբ նրա կինն օգնում է նրան իր գործերում և հավասարաչափ մասնակցություն է ունենում դրանցում: Երբ կինն ու տղամարդը միավորվում են ընդհանուր նպատակների համար և ձևավորվում է թիմ, ապա համոզված եղեք, որ միասին նրանք հաջողության կհասնեն: Իհարկե, կնոջ գործն ավելի դժվար է, քանի որ անկախ ամեն ինչից նա պետք է հոգ տանի իր երեխաների և ընտանիքի մասին և զբաղվի տնային գործերով: Այդ հարցում շատ կարևոր է տղամարդու աջակցությունը: Նա պետք է ձգտի անել այնպես, որ կինը «չընկղմվի» տնային հոգսերի մեջ: Իսկ թե ինչպես անել դա, թող ամեն մեկն որոշի իր համար: Միայն հիշեք, որ ցանկացած կին ունի նույն իրավունքները հաջողության հասնելու համար, ինչ տղամարդիկ:

Իսկ բոլոր տղամարդկանց և կանանց խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը՝ ամեն ինչ հասցնող կանանց մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Իսկ երբ տղամարդը չի ուզում, որ իր կինն աշխատի, բայց միաժամանակ դեմ չի լինի, եթե կինն այդպիսի ցանկություն ունենա, կարծում եմ հարցին կատարյալ մոտեցում է.բնական է, որ չի ուզում, քաղաքակիրթ է, որ դեմ չի:
    Իսկ ես, չգիտես ինչու, հասկանում եմ էն տղամարդկանց, ովքեր չեն ուզում, որ իրենց կանայք աշխատեն 🙂

  • Չեմ հասկանում ու չեմ էլ ուզում հասկանալ նման տղամարդկանց… Այս թեմայով շատ քննարկումներ են եղել, ու միակ պատճառը նշել են, որ տղամարդը չի ուզում, որ կինն ավելի շատ վաստակի քան ինքը… կարծում եմ այս հարցը այդքան չեր սղանա,եթե մենք խելամիտ գտնվենք այս հարցում: Պարզապես պետք է միավորել երկուսի եկամուտները և ուղղել ընտանիքի կարիքներին, միաժամանակ խնայողություններ կատարել, որը պետք կգա ապագայում երեխաներին ուսում տալու և այլ հարցերում: Ամենևին տարբերություն չկա ով շատ վաստակեց, կարևորը նպատակն է, ինչպես հեղինակն է նշում թիմի ձևավորումը…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»