Հաջողության պատմություններ

Քարտուղարուհու հանճարեղ հայտնագործությունը

Այս պատմությունը սկսվում է 1951 թվականին, երբ ամերիկուհի Բետտի Գրեմը, ամուսնուց բաժանվելուց հետո, սկսում է աշխատանք փնտրել: Աշխատանք նա գտնում է Տեխասի բանկերից մեկում` որպես քարտուղարուհի: Այդ տարիներին քարտուղարուհիների աշխատանքի ամենամեծ դժվարությունը կայանում էր գրամեքենայով աշխատելու մեջ: Եթե նրանք տեքստում տառասխալ էին անում, ապա կարիք էր լինում ողջ էջը կրկին հավաքել: Բացի այդ, գրամեքենաներում օգտագործվում էր ածխածնային ժապավեն, որից թղթի վրա հաճախ մատնահետքեր էին մնում: Դրանցից ապահովագրված չէր նաև Բետտին, որն աշխատում էր IBM-ի էլեկտրոնային գրամեքենայով և ուներ ճիշտ նույն խնդիրները: Բայց մի օր նրա գլխում հանճարեղ միտք է ծագում:

Քարտուղարուհու աշխատանքին զուգահեռ Բետտին փորձում էր վաստակել նաև նկարչությամբ և լավ գիտեր, թե ինչ են անում նկարիչները, երբ նկարի վրա ավելորդ հետքեր են հայտնվում: Նրանք պարզապես ներկում են դրանք: Հենց այդ միտքն էլ ստիպում է Բետտին նման մի լուծույթ մտածել, որը կծածկեր թղթի վրայի մատնահետքերը: Լուծույթը ստանալու առաջին փորձերը անհաջող են անցնում (լուծույթը միայն թրջում էր թուղթը): Բայց ամերիկուհին շարունակում է իր փորձերը և շուտով նրան հաջողվում է ստանալ մի լուծույթ, որը կարծես այն էր, ինչ պետք էր: Թղթի վրայից հետքերը վերանում էին այնպես, որ դրանք նույնիսկ ղեկավարությունը չէր նկատում:

Շուտով Բետտիի լուծույթից սկսում են օգտվել նաև նրա գործընկերները, իսկ լուծույթը ստանում է Mistake Out անվանումը: 1956 թվականին Բետտիի տան խոհանոցում արդեն եռում էին լուծույթով լի տարրաներ, որոնցից լուծույթը լցվում էր շշերը և բաժանվում գործընկերներին և ծանոթներին: Սակայն այդ ամենը եկամուտ չէր բերում և հաճախ Բետտի մտքով անցնում էր նույնիսկ թողնել այդ զբաղմունքը: Բայց մի օր Բետտիին աշխատանքից ազատում են և նա ստիպված է լինում եկամուտի այլ աղբյուր գտնել: Այդ ժամանակ էլ նա որոշում է ամբողջովին նվիրել իրեն իր հայտնագործությանը և իր Mistake Out Company ընկերությանը:

Բետտին իրեն երեք օգնականներ է վերցնում` քիմիայի ուսուցիչ, գրասենյակային ապրանքների վաճառող և ներկերի արտադրության մասնագետ: Աստիճանաբար նրանք սկսում են ավելի կատարելագործել լուծույթը և դրա հանդեպ պահանջարկն աճում է: Ամսվա ընթացքում սկսում է վաճառվել լուծույթի մի քանի հազար շիշ: Ընկերությունը ստանում է պաշտոնական Liquid Paper (հեղուկ թուղթ) անվանումը:

1958 թվականին Բետտի Գրեմի հայտնագործությունը հայտնի է դառնում ողջ աշխարհում: IBM ընկերությունը փորձում է նրանից գնել լուծույթի հեղինակային իրավունքները: Բայց մինչ այդ Liquid Paper-ը արդեն պայմանագիր էր կնքել General Electric ընկերության հետ` 400 շիշ լուծույթ մատակարարելու մասին:

Հաջորդ 10 տարիների ընթացքում Liquid Paper-ին հաջողվում է բացել սեփական գործարանը, իսկ հայտնագործությունը արտոնագրվում է: Լուծույթը սկսում է վաճառվել ողջ աշխարհում: Վաճառքների քանակը հասնում է րոպեում 500 շիշ: 1975 թվականին Բետտի Գրեմը բաժանվում է իր երկրորդ ամուսնուց` թողնելով նրան ընկերության ղեկավարումը: Սակայն իր հայտնագործության համար արտոնագրային վճարներով (ռոյալթի) նա բացում է կանանց օգնության երկու հիմնադրամներ, որոնց նպատակն էր աջակցել կանանց բիզնեսում և արվեստում: Բետտի Գրեմը մահանում է 1980 թվականին` 56 տարեկան հասակում: Նույն տարում էլ նրա Liquid Paper ընկերությունը վաճառվում է Gillette ընկերությանը 47,5 միլիոն դոլարով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»