Հաջողության գաղտնիքներ

Զբաղվեք Ձեր սիրած գործով

Հաճախ մարդիկ զարմանում են, թե ինչու իրենց գործնական կյանքում ոչինչ չի ստացվում: Նրանք անընդհատ աշխատում-աշխատում-աշխատում են, բայց կարծես ոչինչ չի փոխվում և նրանք մնում են նույն տեղում: Մյուսների մոտ էլ իրավիճակն այլ է: Նրանք նույնպես անընդհատ աշխատում են, բայց ընթացքում գրանցում են հաջողություններ, բարձրանում են իրենց կարիերայի աստիճանով, սկսում են ավելի բարձր եկամուտներ ստանալ, բայց կրկին կարծես ինչ-որ բան այնպես չէ: Նրանց ներսում չկա այն հանգստությունն ու հոգեկան բավարարվածությունը, որն ասում է.«Քեզ մոտ ամեն ինչ լավ է, դու գտնվում ես ճիշտ ճանապարհի վրա, դու անպայման կգտնես քո տեղը կյանքում և երջանիկ կլինես»:

Իսկ պատճառն այն է, որ մարդիկ չեն անում այն, ինչն իրենց իրոք հաճույք է պատճառում և ինչից իրենք հոգեկան մեծ բավարարվածություն են ստանում: Յուրաքանչյուր մարդու համար էլ կա ինչ-որ բան, որով զբաղվելը լցնում է նրա հոգու դատարկ մասերը: Մեկի համար դա գրելն է, մյուսի համար՝ երգելը, երրորդի համար՝ միջոցառումներ կազմակերպելը, չորրորդի համար էլ միգուցե ֆինանսական գործարքներ կնքելը: Ամեն մարդ յուրովի է և ամեն մեկին մի բան է հաճույք պատճառում և ամեն մեկը մի տեղ է իրեն կարևոր մարդ զգում: Իսկ դա շատ կարևոր է, որպեսզի այն, ինչով մարդը զբաղվում է, ստիպի նրան իրեն կարևոր մարդ զգալ և զգալ, որ նա անում է նշանակալից ինչ-որ բան: Բայց ցավոք, շատերն այսօր զբաղվում են նրանով, ինչով ստիպված են զբաղվել, այլ ոչ թե նրանով, ինչ իրենք ուզում են անել, որովհետև «կյանքն է այդպես դասավորվել»: Բայց նման մարդկանց կտանք մի քանի խորհուրդներ:

Նույնիսկ, եթե կյանքն է այդպես դասավորվել, Դուք կարող եք փոխել դա: Զբաղվեք Ձեր սիրելի գործով: Զբաղվեք նրանով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում: Անպայման ժամանակ գտեք դրա համար: Օրինակ, եթե Դուք սիրում եք ստեղծագործել և բանաստեղծություններ գրել, բայց աշխատում եք բանկում և դրա համար ժամանակը չի հերիքում, անպայման ժամանակ հատկացրեք դրան: Արեք դա երեկոյան, կամ հանգստյան օրերին, կամ թեկուզ աշխատանքի վայրում, բայց անպայման արեք դա: Եթե սիրում եք ակտիվ գործեր, սիրում եք հանդիպել մարդկանց հետ, բանակցություններ վարել և գործարքներ կնքել, բայց աշխատում եք որպես ուսուցիչ, ապա անպայման ժամանակ հատկացրեք նրան, որպեսզի գոնե ինչ-որ ժամանակ անց սկսեք զբաղվել նրանով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում: Քայլեր ձեռնարկեք, այլապես Դուք ողջ կյանքը ստիպված կլինեք զբաղվել նրանով, ինչը Ձերը չէ: Դա շատ կարևոր է Ձեր ներքին ներդաշնակության համար: Դա շատ կարևոր է նաև այն պատճառով, որ սովորաբար մարդիկ հաջողության են հասնում այն ժամանակ, երբ զբաղվում են իրենց սիրած գործով: Մի վախեցեք Ձեր ցանկություններից և հետևեք Ձեր սրտին: Հնարավոր չէ բացատրել թե ինչպես, բայց այն կարծես միշտ էլ գիտի, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Իմ կարծիքով աշխատանքի մեջ հաջողության և առավելագույն արդյունքի հասնել կարելի է միայն այն դեպքում, երբ մարդը զբաղվում է սիրած գործով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»