Հաջողակ մարդիկ

Աշխարհի ամենահարուստ հրեան. Շելդոն Ադելսոն

Ասում են, որ հրեաները աշխարհի ամենախելացի ազգերից մեկն են, որ նրանք զբաղեցնում են ամենաբարձր պաշտոնները տարբեր երկրներում և որ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից շատերը հրեաներ են: Կարծում եմ, ձեզ հետաքրքիր կլինի՝ իսկ ո՞վ է աշխարհի ամենահարուստ հրեան:

Աշխարհի ամենահարուստ հրեան Շելդոն Ադելսոնն է՝ «խաղային ինդուստրիայի թագավորը», բոստոնցի հասարակ տաքսիստի տղան: Ծնվել է 1933 թվականին, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից ոչ հեռու գտնվող Դորչեսթր քաղաքում: Հայրը լիտվիացի էր, մայրը՝ ուկրաինուհի: Այդ տարիները ամերիկյան մեծ դեպրեսիայի և «չոր օրենքի» վերացման տարիներն էին և երկրի բնակչության մեծ մասը աղքատ էր ապրում: Բացառություն չէր նաև Ադելսոնների ընտանիքը:

Շելդոնը սկսում է աշխատել 12 տարեկան հասակում: Սկզբում նա թերթեր էր վաճառում, բայց արդեն կարճ ժամանակ անց նա վարձում է մի քանի դեռահասների, որոնց կանգնեցնում է քաղաքի ամենաբանուկ մասերում և տոկոսներ է ստանում նրանց վաճառքներից: Թերթեր վաճառելուց բացի իր կյանքի ընթացքում նա շատ մասնագիտություններ է փոխում՝ վաճառող, առաքիչ, բրոքեր, ներդրումային փորձագետ, ֆինանսական խորհրդատու և այլն: 23 տարեկան հասակում ընկերների հետ միասին նա բացում է տուրիստական գործակալություն: Իսկ ընդհանրապես, իր ողջ կյանքի ընթացքում, նա հիմնել է 50-ից ավելի ընկերություններ:

1979 թվականին նրա ձեռքն է ընկնում Computer Systems News ամսագիրը: Ամսագիրը հրապարակվում էր համակարգիչ արտադրողների համար: Այդ ժամանակ է երիտասարդ գործարարը հասկանում, որ չկա համակարգիչների և դրանց բաղկացուցիչ մասերի համար նախատեսված որևէ ցուցահանդես: Հասկանալով համակարգչային տեխնոլոգիաների զարգացման մեծ պոտենցիալը՝ նա ստեղծում է համակարգչային արդյունաբերության Comdex տարեկան ցուցահանդեսը: Միտքը դուր է գալիս համակարգիչ արտադրողներին և նրանք ֆինանսավորում են նախագիծը:

Չունենալով ցուցահանդեսի համար սեփական տարածք՝ Շելդոնը տարածքներ էր վարձում Լաս Վեգասի հյուրանոցներում և խաղատներում: Սակայն 1988 թվականին նախագիծը այնքան է զարգանում, որ անհրաժեշտ է լինում մտածել սեփական տարածքի մասին: Այդ ժամանակ նա ընկերների հետ միասին ձեռք է բերում հանրահայտ The Sands Hotel & Casino խաղատունը և դրան կից կառուցում դահլիճ ցուցահանդեսի համար: Ունենալով սեփական հյուրանոցն ու խաղատունը՝ Շելդոնը ակամայից սկսում է զբաղվել խաղային բիզնեսով: Նա վաճառում է Comdex-ը ճապոնացիներին 860 մլն դոլարով և սկսում է ձեռք բերել խաղատներ և հյուրանոցներ Լաս Վեգասի ողջ տարածքում: Այնուհետև նա սկսում է խաղատներ և հյուրանոցներ կառուցել նաև ողջ աշխարհում: 2004 թվականին նա 265 մլն դոլար է ներդնում չինական խաղային ինդուստրիայի կենտրոն համարվող Մակաո շրջանում և կառուցում է աշխարհի ամենաշքեղ հյուրանոցային համալիրներից մեկը Սինգապուրում՝ հանրահայտ Marina Bay Sands-ը:

«Խաղային բիզնեսի թագավորի» կարողությունը 2011թ-ին գնահատվում էր 23 մլրդ դոլար: Նա ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: 2006 թվականին նա 25 մլն դոլար է նվիրաբերում Birthright Israel հիմնադրամին, որը կազմակերպում է աշխարհի տարբեր ծայրերից հրեա երիտասարդության այցը Իսրայել: 2007 թվականին նա ստեղծում է բժշկական հետազոտությունների կենտրոն Թել-Ավիվի բժշկական համալսարանում: 2007 թվականի հունվարի 12-ին բացվում է Շելդոն Ադելսոն բարեգործական հիմնադրամը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում Իսրայելի և հրեա ժողովրդի կարիքները հոգալու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Միայ մեկ բան չհասկացա, նա դեռահասներին էր վաճառում, թե դեռահասները թերթերն էին վաճառում, իսկ նա տոկոսներն էր ստանում:

    • Չէ հենց դեռահասներին չէր վաճառում Զառա ջան 🙂 ))) այդ մասը կարդացի, իրոք, այպես էր դուրս գալիս 🙂 լավ չէի գրել: Ինքը ուղղակի թերթերը տալիս էր դեռահասներին, նրանք վաճառում էին և դրա դիմաց վաճառքից տոկոսներ էին ստանում

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»