«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Միլիոնատիրոջ հոգեբանություն

Հեղինակ՝ Harust Tga

Ես խորհուրդ եմ տալիս կյանքին նայել միլիոնատիրոջ աչքերով: Հնչում է որպես անհեթեթություն, բայց կարդալով հոդվածն ամբողջությամբ` դուք կհասկանաք, որ ասվածի մեջ տրամաբանություն կա:

Ի՞նչ է նշանակում կյանքին նայել միլիոնատիրոջ աչքերով: Ոչ, դա չի նշանակում ծախսել ահավոր շատ ու անհեթեթ: Հավատացեք, իսկական մեծահարուստները հազվադեպ են այդպես ծախսում և եթե նույնիսկ ծախսում են, ուրեմն դա ինչ-որ կարևոր բանի համար է: Օրինակ, եթե մեծահարուստը գնում է առանձնատուն շատ հարուստ ու ազդեցիկ մարդկանց հարևանությամբ, ապա նրա նպատակը նրանց շրջանում հեղինակություն և կապեր ձեռք բերելն է, այլ ոչ թե գերթանկարժեք տուն ունենալը: Թերևս հնարավոր է, որ ես սխալվեմ նախկին ԽՍՀՄ տարածքում հարստացած մարդկանց համար, բայց դա էլ գալիս է տասնամյակների զրկանքների և այլ նմանատիպ հանգամանքներից:

Նայեք կյանքին, աշխատանքին, խնդիրներին, նախագծերին բարձունքից (տոպոլոգիա – տեսք վերևից): Եթե նույնիսկ դուք բանվոր եք, վերաբերվեք Ձեր աշխատանքին որպես ղեկավար՝ դա թույլ կտա Ձեզ շատ ավելի հանգիստ կատարել այն: Նման ձևով աշխատելով դուք կնկատեք, որ Ձեր աշխատանքային միջավայրում Ձեզ կսկսեն վստահել, իսկ դա կլինի ոչ միայն հաճելի, այլ նաև կարևոր Ձեր առաջընթացի համար:

Միշտ ձգտեք ավելիին՝ բավարարված լինելով ներկայով: Կարծես թե տվյալ պնդման մեջ հակասություն կա, բայց դա այդպես չէ: Ներկայով բավարարված լինելը չի ենթադրում նպատակների, ցանկությունների, երազանքների բացակայություն: Դա ընդամենը նշանակում է, որ Ձեր գիշերվա քունը խանգարված չէ բազմապիսի մտածմունքներով, թե ինչպես կարելի է հերթական միլիոնները կամ մի կտոր հացը վաստակել: Իսկ գիշերը դրա մասին մտածելը ստիպում է Ձեզ հանգստանալու տեղը անհանգստանալ և առավոտյան դուք զարթնում եք խիստ ցածր աշխատունակությամբ:

Դուք ոչ մեկից կախված չեք և կարող եք լուծել ցանկացած խնդիր: Եթե ինչ-որ բան չի ստացվում, փորձեք այլընտրանքային լուծում գտնել: Բերեմ մի քանի օրինակ: Եթե Ձեր գործընկերոջ պատճառով դուք ամեն անգամ անհարմար դրության մեջ եք հայտնվում, նոր գործընկեր փնտրեք: Եթե Ձեր ներկայիս աշխատավայրում Ձեր աշխատավարձը չեն վերանայում, նոր աշխատանք փնտրեք: Եթե նոր աշխատանք չի հաջողվում գտնել, ապա փորձեք հիմնական աշխատանքից բացի եկամտի այլ աղբյուրներ գտնել: Այլ աղբյուրներ չկա՞ն: Իսկ դուք փնտրե՞լ եք: Հիշեք, որ ամեն ինչի մեջ պետք է հնարավորություն տեսնել: Նույնիսկ, եթե Ձեզ աշխատանքից ազատել են, ապա դուք ժամանակ ունեք վերաիմաստավորելու Ձեր կյանքը և հասկանալու, թե որ ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ, քանի որ փաստ է, որ նախկինը Ձեր սրտով չէր, այլապես Ձեզ երբեք չէին հեռացնի:

Հեղինակի մասին

Harust Tga

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»