«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Պարապության սինդրոմը

1978 թվականին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ստյուարտն իր անցկացրած հետազոտության արդյունքում պարզեց, որ ամերիկացիների 3%-ը տառապում է այսպես կոչված «պարապության սինդրոմով»: Այդ սինդրոմով ախտորոշված մարդկանց միավորում էր մեկ հիմնական ախտանիշ՝ նրանք պարբերաբար տրվում էին պարապության և չհասկանալով, թե ինչով կարելի է զբաղվել՝ ստիպված «սպանում էին» իրենց ժամանակը: Սակայն ամենասարսափելի բացահայտումը, որն արեց Ստյուարտն իր համար, հետևյալն էր՝ պարապության սինդրոմով տառապող մարդիկ ոչ թե այն մարդիկ են, որոնք չունեն աշխատանք և ինչ-որ պլաններ, այլ դրանք սովորական մարդիկ են՝ բժիշկներ, ուսուցիչներ, վարորդներ, պետական աշխատողներ, այսինքն մարդիկ, որոնք բոլորն էլ ունեն աշխատանք, ընտանիք, հոգսեր, պլաններ, սակայն օրվա ընթացքում լինում են երկար ժամեր, երբ նրանք չգիտեն, թե ինչ անեն:

Ստյուարտը նաև պարզեց, որ մարդիկ, որոնք տառապում են այդ սինդրոմով, իրենց «հիվանդությունը» քողարկելու համար գտել են խորամանկ լուծումներ: Ախտորոշվածներից շատերը աշխատանքից դուրս իրենց օրվա մեծ մասը անց են կացնում հեռուստացույցի առջև՝ ստեղծելով թվացյալ զբաղվածության վիճակ: Չհասկանալով, թե ինչ օգտակար գործով կարելի է զբաղվել ազատ ժամանակ, ինչ կարելի է սովորել կամ ինչ մտահաղացումներ կարելի է իրագործել, նրանք գտել էին ամենահեշտ տարբերակը՝ ընդհանրապես չմտածել այդ մասին՝ տրվելով հեռուստացույցին: Ախտորոշվածների մյուս մասը իրենց ժամանակը սպանում էին գարեջրատներում և սրճարաններում՝ խմելով հերթական բաժակ սուրճը և դատարկելով ծխախոտի հերթական տուփը: Անկասկած՝ նույնպես «լուրջ զբաղմունք է»: Պարապության սինդրոմով տառապող մարդկանց մյուս մասն էլ իրենց ազատ ժամանակը օգտագործում էին այլ մարդկանց ժամանակը խլելու և նրանց նույնպես իրենց սինդրոմով վարակելու վրա: Նրանք դա անում էին առանց գիտակցելու՝ ուղղակի պարապ չմնալու համար:

Վերջնական եզրակացությունը, որն արեց Ստյուարտն իր հետազոտության արդյունքում հետևյալն էր՝ պարապության սինդրոմով տառապող մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց կյանքի արագ ռիթմը, մտավոր և հոգևոր առումով այլևս չեն աճում կամ աճում են շատ դանդաղ, սպառում են իրենց երևակայությունը, ժամանակի ընթացքում կամ գիրանում են կամ ձեռք են բերում ինչ-որ հիվանդություն՝ որպես արդյունք պարապ ժամանակ ունեցած սթրեսային իրավիճակների և բացասական մտածմունքների, նրանք հրաժարվում են մեծ նպատակներից, քանի որ մեծ նպատակներ ունեցող մարդը չի կարող պարապ մնալ և ամենացավալին այն է, որ այդ ամենը նրանք չեն զգում: Այսինքն, նրանք չեն զգում, որ ունեն այդ «ախտանիշները»: Դրանք գալիս են ծածուկ և հարվածում են մեջքից:

Ստյուարտի հետազոտության արդյունքում… Լավ, արդեն բավական է: Իրականում այս պատմությունը հորինված է՝ չկա ոչ մի պրոֆեսոր Ջոն Ստյուարտ և ոչ մի հետազոտություն: Այն հորինված էր ձեր ուշադրությունը թեմայի վրա առավել կենտրոնացնելու նպատակով: Բայց պարապության հետ կապված «ախտանիշները» հորինված չեն՝ դրանք կան: Հիշեք, պարապությունը մարդու ամենավտանգավոր թշնամիներից մեկն է: Ամենավտանգավոր, որովհետև դուք չեք զգում դրա ազդեցությունը, բայց այն փորձում է «տապալել» ձեզ: Պարապությունից մարդիկ սկսում են վատ բաների մասին մտածել, իսկ ինչպես գիտեք, այն, ինչ մեր մտքերում է, ժամանակի ընթացքում դառնում է իրականություն: Նաև պարապությունից մարդը դադարում է զարգանալ, աճել, սովորել դպրոցական տարիների ջանասիրությամբ, նպատակներ դնել և դրանց հասնել: Երբեք պարապ մի մնացեք: Եթե դուք օրվա ընթացքում շատ եք պարապ ժամանակ ունենում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Ի հավելումն վերը գրվածի մեջբերեմ հնդկացի փիլիսոփա Օշոյին, որն ասում էր, որ ձանձրույթը հանճարեղ սկիզբ է, հանճարեղ բացահայտում է: Շատ քչերն են գիտակցում, որ իրենք ձանձրանում են: Հերիք է միայն գիտակցել, որ ձանձրալի է, որ մենք ձանձրանում ենք, կսկսենք մտածել ինչ-որ փոփոխությունների մասին, կսկսենք ինչ-որ բան անել: Այնպես որ ձանձրույթի գիտակցումն արդեն լավ նշան է:

  • Միգուցե հորինված էր պատմությունը:
    Բայց ինձ թվում է շատ մեղմ էր ասված 3%-ը:
    Ես գտնում եմ, որ ժամանակի մի մասն էլ պետք է հատկացնել ընկերներին, ու հարազատներին: Մի մ ասը հանգստանալ:
    Բայց իսկապես հեռուստացույց նայել, կամ հարբեցողությամբ վատնել ժամանակը սարսափելի է:

  • Առաջին մասը կարդալուց հետո google-ով Ջոն Ստյուարտ էի որոնում:)
    Երևի զուգադիպություն էր, բայց ամերիկացի երգիծաբանի անունն է:
    Ասեմ որ նյութը ներկայացման մեթոդն էլ հաջողվեց 🙂

  • Հոդվածի ներկայացման գաղափարն ինձ շատ դուր եկավ, իսկ ինչ վերաբերում է ծուլությանը` իմ կարծիքով դա իսկապես լուրջ հիվանդություն է :):

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»