«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ֆինանսական գործիքներ. փոխ տված արծաթից մինչև ֆյուչերսներ

Հեղինակ՝ Vanuhi

Չնայած քրիստոնեական ավանդույթի, որն արդար և բարոյական չի համարում պարտքի դիմաց տոկոսի գանձումը (մասնավորապես հիշատակման են արժանի Աստվածաշնչի հետևյալ խոսքերը  «Եթե արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբորդ, նեղը մի գցիր նրան և տոկոսներ մի պահանջիր նրանից»), ֆինանսական շուկան շարունակում է զարգանալ` իր հիմքում ունենալով մի պարզ մեխանիզմ. մարդիկ որոշակի տոկոսավճարի դիմաց պարտքով են տալիս իրենց ստեղծած փողը: Այո, ստեղծած փողը (խոսում ենք միայն «ազնիվ» փողերի մասին), որը խոստովանենք, որ չնայած լայնածավալ և բազմազան հնարավորությունների, այս դարում այդքան էլ հեշտ չէ ունենալ: Եվ երբ այն ստեղծում ես քո ազնիվ աշխատանքի, աշխատասիրության, քո մտքի և երևակայության, քո ստեղծելու ձիրքի ու կարողության շնորհիվ, կարծում եմ` առանց խղճի խայթի կարելի է որոշակի հատուցման դիմաց պարտքով տալ այն:

Ինչպես Բալզակն է ասում «Կյանքը մեքենա է, որին շարժման մեջ է դնում փողը»: Զարգանում է ֆինանսական շուկան, կատարելագործվում են ֆինանսական գործիքներն ու ֆինանսական մեխանիզմները, և չնայած դրան` հիմքում մնում է մեկ պարզ երևույթ. մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են դրամական միջոցների պահանջ և այդ նույն ժամանակ կան մարդիկ, որոնք ունեն դրամական միջոցների ավելցուկ և պատրաստ են որոշակի հատուցման դիմաց դրանք պարտքով տալ: Բոլոր այն ուղիները, մեթոդները, տարբերակները, որոնցով կատարվում են խնայողությունների հավաքագրումը և դրանց հետագա տեղաբաշխումը կոչվում են ֆինանսական գործիքներ: Դրանք տարբեր են՝ ամենաավանդական գործիքներից` ավանդ, վարկ, արժեթուղթ, մինչև ժամանակակից` պլաստիկ քարտեր, ֆյուչերսներ, ֆորվարդներ, օպցիոններ:  

Ընդհանրապես ֆինանսական գործիքը մի պայմանագիր է, որը մեկի մոտ առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կողմի մոտ` ֆինանսական պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք: Դուք ավանդ եք ներդնում ինչ-որ բանկում, դա ձեզ համար ֆինանսական ակտիվ է, որովհետև դուք կստանաք ապագա տնտեսական օգուտներ, միևնույն ժամանակ դա բանկի համար պարտավորություն է, բանկը պարտավոր է ձեզ վճարել ձեր ավանդի գումարը և տոկոսները: Դուք գնում եք ինչ-որ ընկերության թողարկած բաժնետոմս, դա ձեզ համար ֆինանսական ակտիվ է, իսկ բաժնետոմսը թողարկողի համար դա սեփական կապիտալը ավելացնելու, ներդրումներ գրավելու  միջոց է: Ֆինանսական հաստատությունները տասնամյակներ ի վեր  մշակում, ներդնում և կիրառում են այնպիսի ֆինանսական գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որոնք մրցակցության պայմաններում առավել գրավիչ կլինեն հաճախորդի համար: Ստորև կներկայացնեմ դրանցից մի քանիսը.

Ավանդ

Բանկի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է հասարակությունից միջոցներ ներգրավելու կարողությամբ: Խնայողությունների ներգրավման ամենաավանդական գործիքը ավանդն է: Գոյություն ունեն ավանդների տարբեր տեսակներ` պայմանավորված դրանց սեփականատերերով, տոկոսային եկամտի ապահովման եղանակներով և ժամկետայնությամբ: Փողը երբեք մի սառեցրեք` պահելով այն տանը: Եթե այն շրջանառության մեջ դնելու այլ տարբերակներ չկան, ապա ներդրեք այն ավանդում: Տանը պահելով` դուք կրում եք ինչպես ինֆլյացիայի ռիսկ (որից խուսափել հնարավոր չէ), այնպես էլ փողը կորցնելու ռիսկը: Սակայն մինչև փողը ավանդում ներդնելը, ուսումնասիրեք պայմանները, պարզեք, թե այն ձեզ ինչ տոկոսային եկամտաբերություն է ապահովում, թե ինչքան է ավանդի իրական տոկոսադրույքը, երբ հաշվի եք առնում ավանդի ժամկետի կտրվածքով ինֆլյացիայի գործոնը և հարկման դրույքաչափերը  և հիշեք, որ այսօրվա փողերը միշտ ավելի թանկ են, քան վաղվա փողերը:

Վարկ

Հավաքագրված խնայողությունների տեղաբաշխման ամենատարածված գործիքը վարկն է, որը հանդիսանում է տնտեսության բնականոն գործունեության ապահովման նախադրյալներից մեկը: Օգտվեք այս գործիքից, եթե չունեք այլ տարբերակներ:

Ֆակտորինգ

Ֆակտորինգը մի ֆինանսական գործիք է, որի ժամանակ գործարքի կողմերը երեքն են` գնորդ, բանկ, վաճառող: Երբ վաճառողը գնորդ է գտնում և տվյալ գնորդը այդ պահին ի վիճակի չէ վճարելու, վաճառողը չի ցանկանում կորցնել իր գնորդին, դիմում է բանկ, կնքում է ֆակտորինգի պայմանագիր, ըստ որի բանկը գնորդի փոխարեն վճարում է վաճառողին: Ֆակտորինգի  միջնորդավճարները և սակագները վճարում է վաճառողը:

Լիզինգ

Լիզինգը սեփական միջոցների հաշվին հիմնական միջոցների ձեռքբերումն է և դրանց տրամադրումը վարձակալության արտադրական օգտագործման նպատակով: Օրինակ, բանկը կարող է ձեռք բերել տրակտորներ  և դրանք տալ վարձակալության` դրա դիմաց ստանալով տոկոսներ: Գործարքին մասնակցում են երեք կողմ` լիզինգատու, լիզինգառու և մատակարար: Լիզինգատուն նախ կնքում է լիզինգի պայմանագիր լիզինգառուի հետ, այնուհետև առքուվաճառքի պայմանագիր մատակարարի հետ: Կախված լիզինգի տեսակից` հիմնական միջոցի սեփականության իրավունքի փոխանցում կարող է տեղի ունենալ կամ կարող է և տեղի չունենալ:

Ակրեդիտիվ

Ակրեդիտիվը օգտագործվում է միջազգային առևտրի ժամանակ գործարքի ֆինանսավորման նպատակով: Գործարքի մասնակից կողմերն են գնորդ, գնորդի բանկ, վաճառող, վաճառողի բանկ: Ակրեդիտիվ թողարկում է գնորդի բանկը գնորդի պահանջով և դրա համար վճարում է գնորդը:

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքը ֆինանսական գործարք է, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է վաճառում մյուս կողմին և միաժանակ պարտավորվում է հետ գնել նույն արժեթուղթը որոշակի ժամանակ անց կամ մյուս կողմի պահանջով: Հետգնումն իրականացվում է արժեթղթի սկզբնական վաճառքի գնից տարբերվող գնով: Այսինքն ռեպո գործարքը դրամական միջոցների վարկի տրամադրումն է արժեթղթի գրավի դիմաց: Սակայն ի տարբերություն վարկի, այս դեպքում դրամական միջոցների և արժեթղթերի սեփականության իրավունքն անցնում է մյուս կողմին: Այսինքն ռեպո գործարքով մի կողմը բավարարում է դրամական միջոցների նկատմամբ իր պահանջը, արժեթուղթը վաճառելով փող է ստանում, իսկ մյուս կողմը արժեթղթի գրավի դիմաց պարտքով տալիս է իր փողը` դրանով ստանալով եկամուտ, իսկ եկամուտը արժեթղթի սկզբնական և վերջնական վաճառքի գների տարբերությունն է:

Արժեթուղթ

Շուկայական պրակտիկան մշակել է դրամի փոխանցման երկու հիմնական եղանակներ` վարկավորման և արժեթղթերի թողարկման և շրջանառության: Արժեթղթի իմաստը կայանում է նրանում, որ կապիտալի սեփականատիրոջ մոտ կապիտալը բացակայում է, սակայն նա ունենում է բոլոր իրավունքները, որոնք ամրագրված են արժեթղթում: Բանկային վարկի և արժեթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ վարկավորման ընթացքում վաճառվում և գնվում է դրամը` որպես ապրանք, իսկ արժեթղթի ձևով կարող են ամրագրվել հասարակական նշանակության ցանկացած իրավունքներ:

Արժեթղթերը լինում են

  • ներդրումային (բաժնետոմս, պարտատոմս)
  • վճարային (չեկ, մուրհակ)
  • տիտղոսային (կոնոսամենտ, պահեստային վկայագիր)
  • ածանցյալ (ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն)

Ներդրումային  արժեթղթերի միջոցով կենտրոնացվում են խոշոր ֆինանսական ռեսուրսներ և օգտագործվում են ներդրման նպատակով: Վճարային արժեթղթերը օգտագործվում են որպես վճարման գործիքներ: Տիտղոսային արժեթղթերը որոշակի իրավունքներ հավաստող արժեթղթեր են, օրինակ` ապրանքի պատկանելիությունը որոշակի անձի, կամ օրինակ կոնոսամենտի դեպքում՝ հաստատում է դրա տիրոջ իրավունքը բեռի փոխադրումից հետո այն փոխադրողից ստանալու և տնօրինելու: Իր էությամբ ածանցյալ արժեթղթերի շուկան առաջացել և գործում է որպես ռիսկերի ապահովագրման մեխանիզմ: Այս արժեթղթերը կոչվում են ածանցյալ, որովհետև դրանց գինը ածանցվում է պայմանագրի հիմք հանդիսացող ակտիվի գնից:

Ֆորվարդ

Ֆորվարդային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է ապագայում պայմանագրով նախատեսված ապրանքի առաքման մասին, որը կնքվում է արտաբորսայական շուկայում: Եթե դուք ունեք որոշակի ակտիվի (ապրանքներ, բաժնետոմս, պարտատոմս, արտարժույթ) գնի վերաբերյալ կանխատեսումներ, կնքեք ֆորվարդային պայմանագիր, նոտարական վավերացմամբ տվեք դրան իրավական ուժ և սպասեք գների հետագա զարգացմանը: Ենթադրենք  Տիգրանը Նանեի հետ կնքել է ֆորվարդային պայմանագիր այն մասին, որ 2 ամիս հետո նրան կվաճառի 100 դոլար՝ յուրաքանչյուրը 350 դրամ: Այսինքն Տիգրանը կանխատեսում է, որ 2 ամիս հետո դոլարի շուկայական  գինը կիջնի և նա հնարավորություն կունենա այն վաճառել ավելի բարձր գնով` 350 դրամով, իսկ Նանեն, հակառակը, կանխատեսում է, որ դոլարի շուկայական գինը կբարձրանա և նա հնարավորություն կունենա այն գնել ավելի ցածր գնով` 350 դրամով: Ենթադրենք պարզվում է, որ ճիշտ են Տիգրանի կանխատեսումները, դոլարի շուկայական գինը իջնում է` դառնալով 330 դրամ, նշանակում է շահում է Տիգրանը, նա շուկայից գնում է 100 դոլար, 1$=330 դրամ փոխարժեքով և վաճառում է Նանեին 1$=350 դրամով և ստանում է 2000 դրամի եկամուտ:

Իսկ եթե Նանեի կանխատեսումներն են ճիշտ, 2 ամիս հետո դոլարի շուկայական գինը բարձրանում է` դառնալով 1$-ի դիմաց 380 դրամ, Նանեն Տիգրանից գնում է 100$` յուրաքանչյուր դոլարը 350 դրամով և վաճառում է շուկայում 1$=380 դրամ փոխարժեքով և ստանում է 3000 դրամի եկամուտ:

Ընդհանրապես գնորդը կանխատեսում է, որ շուկայում գները կբարձրանան, իսկ վաճառողը կանխատեսում է, որ գները կիջնեն:

Ֆյուչերս

Ֆյուչերսային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է ապագայում պայմանագրով նախատեսված ապրանքի առաքման մասին: Ֆյուչերսային պայմանագիրը էական հատկություններով տարբերվում է ֆորվարդային պայմանագրից: Նախ ֆյուչերսային պայմանագիրը կնքվում է միայն բորսայում: Բորսան ինքն է մշակում յուրաքանչյուր ակտիվի համար ստանդարտ պայմաններ: Մյուս տարբերությունն այն է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ֆյուչերսային պայմանագրերի միայն 2-5% է  ավարտվում ակտիվի իրական առաքմամբ: Այսինքն հակադարձ գործարքով (օֆսեթային գործարք) կողմերը կարող են փակել գրաված դիրքը` գնելով կամ վաճառելով ֆյուչերսային պայմանագիրը:

Օպցիոն

Եթե դուք վստահ եք ապագայում շուկայի զարգացման վերաբերյալ ձեր կանխատեսումներում, կարող եք կնքել ֆյուչերսային պայմանագիր, սակայն սխալ կանխատեսումների դեպքում հնարավոր է դուք ունենաք խոշոր կորուստներ: Եվ որպեսզի սահմանափակեք ձեր ֆինանսական ռիսկը, կնքեք օպցիոնային պայմանագիր, որը սահմանափակում է ձեր ռիսկը: Իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում դուք կտուժեք որոշակի գումարի սահմանում, միաժամանակ բարենպաստ զարգացման դեպքում ձեր օգուտը սահմանափակված չէ: Ռիսկի սահմանափակման գործիքը կատարվող պարգևավճարն է:

Մեխանիզնը հետևյալն է.  Ենթադրենք ներդրողը պայմանավորվում է Ա ընկերությունից ձեռք  բերել  100 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 120$ գնով: Օպցիոնի գինը, այսինքն պարգևավճարը, կազմում է 5$ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց, պայմանագրի ժամկետը լրանում է 3 ամսից: Ներդրողը հույս ունի, որ 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը կգերազանցի 120$-ը: Ենթադրենք նրա սպասումներն արդարանում են և բաժնետոմսի շուկայական գինը 3 ամիս հետո դառնում է 130$: Այդ դեպքում նա կիրառում է օպցիոնը, օպցիոն վաճառողից ձեռք է բերում բաժնետոմսերը 120$-ով և վաճառում է շուկայում 130$-ով: Սակայն յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց նրա ստացած շահույթը կլինի ոչ թե 10$, այլ 5$` հաշվի առնելով կատարած պարգևավճարը: Այժմ ենթադրենք 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը ընկել է` կազմելով 110$, այդ դեպքում նա իրավունք ունի չկիրառել օպցիոնը, քանի որ ընտրությունը նրանն է, պարգևավճար նա է կատարել, այս դեպքում նա տուժում է կատարված պարգևավճարի սահմանում` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 5$:

P. S. Ինչպես տեսնում եք հնարավորությունները բազմազան են, մնում է միայն ունենալ մտքեր և այդ մտքերը կյանքի կոչելու պատրաստակամություն:

Հեղինակի մասին

Vanuhi

21 մեկնաբանություն

  • Վանուհի ջան շատ լավ ինֆորմացիա էր ու օգտակար, բայց դե ես որոշ բաներ չհասկացա :(((((((((( հատկապես վերջին մի քանի գործիքների մասին

  • Վանուհի ջան, ես մասնագիտությամբ ֆինանսիստ չեմ, բայց հետաքրքիր են այս գործիքները, օրինակ վերջին 3 գործիքները ես չեմ կարողանում հասկանամ, ոնցա լինում, օրինակ օպցիոնը կնքելու ժամանակ ովա ռիսկերն ապահովագրում? Ֆյուչերսային պայմանագարին օրինակ գնորդի համար ինչ առավելություն ունի ? իսկ օրինակ Ֆորվարդի դեպքում ես ոնց եմ իմանում, ով ինչ կանխատեսումա արել, թե ագենտներ լինում են ? ուղղակի չեմ պատկերացնում, կարողա հարցերս մի քիչ պրիմիտիվ են :Դ

  • Գոյություն ունի օպցիոնի 2 տեսակ գնման (քոլ) և վաճառքի (փութ) օպցիոն: Եթե դու ձեռք ես բերում գնման օպցիոն, դու իրավունք ես ստանում սահմանված ժամկետը լրանալուց հետո գնել ակտիվը պայմանագրում նշված գնով և ծավալով կամ հրաժարվել այդ ակտիվը գնելուց,ընտրությունը քոնն է:Օպցիոն թարգմանաբար հենց նշանակում է ընտրություն: Ենթադրենք դուք կանխատեսել եք, որ շաքարավազի գինը կբարձրանա,սակայն վստահ չեք ձեր կանխատեսումներում, այդ դեպքում դուք գնման օպցիոն եք ձեռք բերում, որի պայմանները հետևյալն են ,3 ամիս հետո գնել 10 կգ շաքարավազ, 1 կգ-ն 300 դրամով: Ռիսկի ապահովագրումը դուք եք կատարում, այսպես, դուք յուրաքանչյուր 1 կգ շաքարավազի համար անում եք 50 դրամի պարգևավճար: Եթե շաքարավազի շուկայական գինը բարձրանա, ընդ որում հնարավոր է, որ անվերջ բարձրանա,դուք գնման օպցիոն վաճառողից կգնեք 10 կգ շաքարավազ 300 դրամով, և շուկայում կվաճառեք ավելի բարձր գնով: Եթե շաքարավազի շուկայական գինը իջնի, դուք պարզապես կհրաժարվեք ակտիվը գնելուց, և կտուժեք կատարված պարգևավճարի սահմանում, այսինքն 500 դրամ:
    Եթե դուք կանխատեսում եք , որ ակտիվի շուկայական գինը կիջնի, ձեռք եք բերում վաճառքի օպցիոն, նշանակում է, որ դուք իրավունք ունեք սահմանված ժամկետից հետո սահմանված գնով և ծավալով վաճառել տվյալ ակտիվը կամ հրաժարվել այն վաճառելուց: Դրա համար կատարում եք պարգևավճար: Եթե ակտիվի շուկայական գինը իջավ, դուք պայմանագրով նշված բարձր գնով կվաճառեք ակտիվը, եթե շուկայական գինը բարձրացավ, դուք կհրաժարվեք վաճառելուց և կտուժեք կատարված պարգևավճարի չափով:
    Հետևաբար, օպցիոն գնորդը ձեռք է բերում ընտրության իրավունքր, իսկ օպցիոն վաճառողը տրամադրում է ընտրության իրավունքը: Ձեռք բերված իրավունքի դիմաց գնող կողմը վաճառողին վճարում է որոշակի գումար , այսպես ասած պարգևավճար:
    Օպցիոնը պարզ էր Վահագն ջան?

    • Վանուհի ջան, այսինքն ես ուզում եմ օրինակ մեքենա վաճառեմ, օրնակ եմ ասում, մի հոգու հետ օպցիոնի պայմանագիր եմ կնքում, նա ասում է 2 ամիս հետո գինը կիջնի, ու եթե իջնում է ես նրան ավել գումար եմ վճարում? եթե չէ հակառակը փաստորեն ճիշտ եմ հասկացել ? Բայց հետաքրքիր էր, Հայաստանում կիրառվումա ?

  • Վանուհի ջան շնորհակալ եմ բացատրության ու ժամանակի համար, որ տրամադրում եք, մյուս հարցերն էլ էլի, ուղղակի հետաքրքիրա շատ

  • Ճիշտն ասած մի քիչ խառն էիք գրել լավ չհասկացա, թե ինչ նկատի ունեիք, բայց եթե դուք եք վաճառելու մեքենան, նշանակում է, որ դուք եք կանխատեսել, որ գինը կիջնի, եթե իջավ դուք հնարավ. կունենաք բարձր գնով վաճառելու, իսկ եթե հակառակը գինը բարձրացավ, դուք կհրաժարվեք մեքենան վաճառել, ընտրությունը ձերն է:
    Խնդրեմ Վահագն ջան, ուրախ կլինեմ, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել

    • Վանուհի ջան, շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, որոշ բաներ պարզապես միայն լսել էի ու վերջ, իսկ սովորաբար բացատրություններն էլ շատ անհասկանալի էին, հիմա ինձ համար ահագին նորույթ պարզ դարձավ, բայց կարծում եմ Հայաստանում կիրառելի չեն չէ ?|

  • Հա Հայաստանում ֆյուչերսների և օպցիոնների շրջանառության ծավալները մեծ չեն, բայց կիրառելի են, կան բրոքերներ , որ ձեզ կօգնեն գնել և վաճառել օպցիոններ, ֆյուչերսներ:

  • Արտակ ջան ռեպո գործարքը դրամական միջոցների վարկի տրամադրումն է արժեթղթերի գրավի դիմաց, տարբերությունն այն է, որ եթե օրինակ անշարժ գույքի գրավադրմամբ վարկի դեպքում տվյալ անշարժ գույքի սեփականատերը շարունակում է գրավատուն մնալ, այսինքն սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում, ապա ռեպո գործարքի դեպքում տեղի է ունենում սեփականության իրավունքի փոխանցում, հետևաբար արժեթղթի գնորդը կարող է ռեպո գործարքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել այդ արժեթղթերը ըստ հայեցողության (վաճառել,գնել, գրավադնել և այլն): Այսինքն մի կողմը ունի արժեթուղթ, սակայն ունի դրամական միջոցների ժամանակավոր պահանջ, դիմում է մյուս կողմին ենթադրենք բանկ, որը պատրաստ է արժեթղթերի գրավի դիմաց վարկ տրամադրել, այսինքն ռեպո գործարք կատարել:Գործարքը կատարվում է, և դրամական միջոցների , և արժեթղթերի սեփականության իրավունքը անցնում է մյուս կողմին: Առաջին կողմը միաժամանակ պարտավորվում է որոշակի ժամանակ անց հետ գնել այդ արժեթղթերը սկզբնական գնից բարձր գնով, այսինքն կոպիտ ասած էժան վաճառում է թանկ գնում, այդ գների տարբերությունը էլի կոպիտ ասած վարկի տոկոսն է, որը նա վճարում է դրամական միջոցների իր պահանջը բավարարելու դիմաց, իսկ մյուս կողմը այդ գների տարբերությունից եկամուտ է ստանում, էժան գնում է, թանկ վաճառում:

  • Ենթադրենք ձեռք ենք բերում գնման օպցիոն, 1 տարի հետօ գնում եմ Ա ապրանքը 100 դրամով, երկրորդ կողմը կարող է հրաժարվե 1 տարի հետո Ա ապրանքը 100 դրամով վաճառել

    • Գնման օպցիոնի դեպքում դուք եք ձեռք բերում գնելու կամ չգնելու իրավունքը, վաճառողը չունի չվաճառելու իրավունք:

  • Վանուհի ջան խնդրում եմ ակրեդիտիվը ներկայացնեք օրինակով: Շատ շնորհակալություն արդեն իսկ ներկայացված ինֆորմացիայի համար:

  • Ներեցեք իսկ ես կուզենայի ինֆորմացիա ունենալ կարճաժամկետ և երկարաժամկետ տոկոսային ֆյուչերսների մասին։ Կարող եք օգնել՞

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»