Օգտակար խորհուրդներ

Ինչո՞վ զբաղվել կիրակի օրը

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կիրակի օրը հանգստյան օր է: Շատերն են ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում անհամբեր սպասում, թե երբ է գալու կիրակին, որպեսզի մի քիչ հանգստանան, զվարճանան, շեղվեն առօրյա գործերից: Կիրակին անցկացնելու տարբեր ձևեր կան: Մարդկանց մի մասն ուղղակի տանը հանգստանում է, այսինքն ակտիվ ոչինչ չի անում, այլ պառկած հեռուստացույց է նայում կամ գիրք է կարդում կամ էլ ուղղակի մտածում է: Մարդկանց մյուս մասը կիրակի ինչ-որ հետաքրքիր տեղ են գնում, քաղաքից դուրս են գալիս, գնում են կինո, պարելու, զվարճանալու և այլն: Մարդկանց մի հատված էլ, հատկապես կանայք, կիրակի զբաղվում են տան գործերով՝ տունն են մաքրում, իրերն են դասավորում, ճաշ են եփում, իսկ տղամարդիկ էլ կոտրված աթոռի ոտքն են սարքում, հոսանքի վառված լարն են փոխում, սառնարանն են տանում վերանորոգման և այլն: Այս հոդվածում կտանք ձեզ մի քանի խորհուրդներ՝ ինչպես արդյունավետ անցկացնել կիրակի օրը:

Ուշ մի զարթնեք

Նախ, որքան էլ դաժան հնչի, կիրակի անհրաժեշտ է շատ ուշ չզարթնել: Որքան շուտ ես զարթնում, այնքան ավելի երկար ես կիրակին վայելում: Իսկ երբ զարթնում ես, օրինակ, ժամը 1-ին կամ 2-ին, ապա այնպիսի զգացողություն է, որ օրը շուտով կավարտվի, իսկ դու ոչինչ չես հասցրել անել:

Ժամանակ տրամադրեք հարազատներին

Կիրակի անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տրամադրել հարազատներին և ընկերներին: Այսինքն, հնարավոր է, որ ողջ շաբաթվա ընթացքում ձեզ մոտ չի ստացվել հարազատների հետ բավարար չափով շփվել և կիրակին հիանալի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար: Կարող եք միասին ինչ-որ ֆիլմ դիտել կամ գնալ զբոսնելու կամ ուղղակի ընտանիքով մի քիչ երկար խոսել: Կարող եք զանգահարել ձեր բարեկամներին, որոնց երկար ժամանակ է չեք տեսել, կամ ուղղակի այցելել նրանց:

Սովորեք նորը

Կիրակին հիանալի օր է նոր բան սովորելու համար: Բացեք ինչ-որ ամսագիր կամ թերթ կամ էլ հավաքեք ձեր մտքին եկած առաջին բառը որոնողական համակարգում և կարդացեք նյութերը: Արեք դա այնքան, որ ինչ-որ նոր բան սովորեք, բայց ոչ այնքան երկար, որ ձանձրանաք:

Պլանավորեք հաջորդ շաբաթը

Ընդհանուր պատկերացրեք, թե ինչ է սպասվում ձեզ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ինչ հանդիպումներ ունեք, ինչ գործեր պետք է անեք, ում ծնունդն է, ով է ամուսնանում, ուր պետք է գնաք և այլն: Պարտադիր չէ ամեն ինչ թղթի վրա գրել և նշումներ անել, ուղղակի ընդհանուր պատկերացրեք:

Ահա և այսքանը: Դեռ շատ բաներ կան, ինչով կարելի է կիրակի զբաղվել, բայց դա արդեն թողնում ենք ձեր հայեցողությանը: Եթե ինչ-որ հետաքրքիր մտքեր և խորհուրդներ էլ դուք ունեք, ապա դրանց մասին գրեք մեկնաբանություններում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»