Արդյունավետ է արդյո՞ք SMS գովազդը

Վերջին ժամանակներս Հայաստանում ակտիվացել է SMS գովազդը: Օրվա ընթացքում մարդիկ գովազդային բնույթի 2-3 նոր SMS են ստանում, հիմնականում խանութներում, տարբեր կենտրոններում, սուպերմարկետներում զեղչերի և ակցիաների մասին: Ի տարբերություն գովազդի մյուս տեսակների, SMS գովազդի հարցում պետք է շատ զգույշ լինել: Շատ մարդկանց գովազդի այս տեսակը ուղղակի նյարդայնացնում է, քանի որ այն «ներխուժում է» մարդու անձնական կյանք և երբեմն՝ ամենաանհարմար պահին: Շատ մարդիկ, վերնագիրը կարդալուց հետո այլևս չեն էլ կարդում գովազդի տեքստը: Ավելին, եթե գովազդի թեման այնպիսին է, որ մարդկանց չի հետաքրքրում և գովազդը պարբերաբար կրկնվում է և մարդը հնարավորություն չունի դրանից հրաժարվելու, ապա գովազդող ընկերությունը մարդու գիտակցությունում կարող է տպավորվել որպես բացասական: Իսկ որպեսզի SMS-գովազդը հակառակ ազդեցություն չունենա, այն պետք է լինի թիրախային:
Ինչո՞ւմն է SMS գովազդի առանձնահատկությունը: Այն, որ մարդիկ գովազդ չեն սիրում, դա փաստ է: Սակայն, օրինակ, հեռուստատեսային գովազդի դեպքում, եթե մարդուն այն դուր չի գալիս, նա ուղղակի կարող է փոխել ալիքը, ինտերնետ գովազդի դեպքում` փակել կայքը, փողոցային գովազդի դեպքում` ուղղակի չնայել, բայց մարդը չի կարող նետել իր հեռախոսը, երբ նրան SMS-գովազդ է գալիս: Այդ «ոչինչ անել չկարողանալու» փաստն էլ հաճախ նյարդայնացնում է մարդկանց: Բացի այդ, պետք չէ բոլոր մարդկանց ուղարկել նույն գովազդային տեքստը: Կարծում եք ինչ-որ գործարարի կհետաքրքրի՞, որ ինչ-որ խանութում 30% զեղչ է, կամ 70 տարեկան տատիկին կհետաքրքրի՞, որ Հաջողության բլոգում հոդվածների մրցույթ է: Իհարկե` ոչ: Նման ոչ թիրախային գովազդը միայն շեղում է մարդկանց իրենց գործերից: Իհարկե, գովազդային ընկերությունների համար դժվար է մարդկանց նման թիրախային խմբերի բաժանել: Դժվար, բայց հնարավոր: Անհնար բան չկա: Իսկ եթե գովազդը ուղարկվելու է ոչ թե թիրախային խմբին, այլ պատահական ընտրված 5000 հեռախոսահամարների, ապա նման գովազդից ավելի լավ է խուսափել: Դրա փոխարեն ընտրեք գովազդի այլ տարբերակ, օրինակ ինտերնետային գովազդը, որն ավելի մատչելի է և ավելի արդյունավետ:
Եվ ամփոփելով թեման, պատասխանեմ հոդվածի գլխավոր հարցին` արդյունավետ է արդյո՞ք SMS գովազդը: Արդյունավետ է, եթե թիրախային է, հակառակ դեպքում ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև կարող է վնասել ընկերության համբավին:






Հեղինակ` Վահագն
"Լուկա ջան հույս ունեմ, որ google+-ի խնդիրը չեք ունենա: Հաջողություն եմ ցանկանում ու անհամբեր սպասում եմ :) "