«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ընդունեք սեփական սխալները

Մեր հոդվածներում, երբ մենք խոսում ենք մարդու անձնային աճի, ինքնազարգացման և հաջողության հասնելու մասին, մենք փորձում ենք առաջին հերթին շեշտը դնել ոչ թե մարդու գիտելիքների, այլ նրա սովորությունների և բնավորության վրա: Մարդու սովորությունները ձևավորում են նրա բնավորությունը, իսկ մարդու բնավորությունից կախված է նրա հետագա ողջ կյանքը: Եթե ուզում եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, ապա առաջին հերթին փոխեք ձեր բնավորությունն ու սովորությունները: Դրանցից մեկի մասին կխոսենք այս հոդվածում: Խոսքը սեփական սխալները ընդունելու կամ չընդունելու սովորության մասին է: Այն, որ մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ սխալվում ենք, դրա դեմ ոչինչ չենք կարող անել: Ոչ ոքս էլ կատարյալ չենք և ուզենք, թե չուզենք, ինչ-որ պահերի մենք սխալվելու ենք` ինչ-որ բան այնպես չենք անելու կամ ինչ-որ բան այնպես չենք ասելու և որոշ ժամանակ անց դրա համար փոշմանելու ենք: Իսկ թե ինչպես կպահենք մեզ դրանից հետո, հենց այդ թեմային էլ նվիրված է այս հոդվածը:

Ընդհանրապես, շատերի մոտ կարծիք կա, որ իմաստուն մարդը պետք է երբեք չսխալվի կամ սխալվելու դեպքում` պետք է իր սխալները երբեք ցույց չտա: Բայց իրականում սխալները թաքցնելու, դրանցից խուսափելու և ընդունել չկարողանալու մեջ չէ մարդու իմաստությունը, այլ հակառակը` սեփական սխալներն ընդունելու և անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրելու: Պետք է գալ հոգեկան և մտավոր այնպիսի վիճակի, որ առանց լրացուցիչ ջանքերի իվիճակի լինել գիտակցել սեփական սխալները: Ընդհանրապես, մարդն ունի ինքնապաշտպանական ինչ-որ բնազդ և այն բացասականը, որը կապված է իր հետ, նա շատ դժվար է ընդունում: Պետք է կարողանալ հաղթահարել դա: Եթե ինչ-որ սխալ բան եք անում, առանց վարանելու ընդունեք դա: Եթե ինչ-որ մեկին վիրավորել եք կամ վնասել, գիտակցեք, որ վատ բան եք արել, ընդունեք դա և ներողություն խնդրեք: Մի լռեք և մոռացության մատնեք, այլ ուղղակի խոստովանեք: Դրանից հետո դուք ձեզ շատ ավելի հանգիստ, մաքուր ու վստահ կզգաք: Դիմացինը նույնպես ավելի կգնահատի դա և ձեզ ավելի հարգանքով կմոտենա, քան եթե դուք ոչինչ չանեիք: Մի ամաչեք սխալներ թույլ տալուց, ամաչեք դրանք ընդունել չկարողանալուց: Երբ դուք ձեռք բերեք սխալներն ընդունելու այդ սովորությունը, դուք ևս մեկ քայլ կաճեք ինքնազարգացման և հաջողության հասնելու ձեր ճանապարհին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»