Մարդկանց հետ շփում

Մարդկային շփում. շահերի բախում

Նախորդ հոդվածում խոսեցինք այն մասին, թե ինչպես է պետք մարդկանց հետ շփվել, որ նրանց պետք է հասկանալ և լավ վերաբերվել: Բայց սովորաբար մարդկանց հեշտ է լավ վերաբերվել, քանի դեռ «շահերի բախում» չի եղել: Բայց այն ժամանակ, երբ այն, ինչ լավ է քեզ համար, դառնում է վատ դիմացինի համար և հակառակը, այդ ժամանակ է երևում մարդու իրական դեմքը և հենց այդ ժամանակ են դրսևորվում մարդկանց հետ շփվելու Ձեր ունակությունները: Բերեմ օրինակ առօրյա կյանքից: Ենթադրենք, դուք 30 րոպեից պետք է լինեք կարևոր հանդիպման: Զանգահարում եք տաքսի ծառայություն և հեռախոսավարուհին Ձեզ ասում է, որ մեքենան 10 րոպեից տեղում կլինի: Սակայն անցնում է 15 րոպե, բայց մեքենան դեռ չկա: Դուք ևս մեկ անգամ զանգահարում եք, բայց այդ նույն աղջիկը Ձեզ ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ մեքենան հասնում է և առավելագույնը 2 րոպեից այն տեղում կլինի: Բայց անցնում է ևս 10 րոպե և մեքենան չկա ու չկա և արդյունքում դուք ուշանում եք:

Երբ նման դեպքեր են պատահում, հօդս են ցնդում մարդկանց լավ վերաբերվելու մասին բոլոր պատկերացումները: Նման դեպքում մարդկանց մեծ մասն ուղղակի կզանգահարի հեռախոսավարուհուն, կգոռա նրա վրա, կբարկանա, կսպառնա, կհիշեցնի, որ «իր պատճաոով նա ուշացավ» և այլն: Իսկ ո՞ւր մնացին մարդկանց ներելու, հասկանալու, սխալները սեփական անձի մեջ փնտրելու համոզմունքները: Իսկ ո՞ւր մնաց մեծահոգությունն ու բարությունը: Հիշեք, մարդկանց հեշտ է լավ վերաբերվել, քանի դեռ Ձեր շահերը պաշտպանված են, բայց եթե ինչ-որ բան է լինում, որը Ձեր դեմ է ուղղված և վնասում է Ձեզ, ապա մարդը դառնում է այլ մարդ:

Իսկ ի՞նչ անել նման դեպքում

Նախ, սկզբում փորձեք պատճառը Ձեր մեջ փնտրել, տվյալ դեպքում՝ ինչո՞ւ մեքենան ուշացավ: Միգուցե՞ անհրաժեշտ էր հենց սկզբում զգուշացնել, որ այն շտապ է և Ձեզ անհրաժեշտ է մի քանի րոպեի ընթացքում: Բայց դուք չարեցիք դա: Իսկ ոչ մի տաքսի ծառայություն իր գովազդներում չի նշում, որ մեքենաները տեղում են լինում 5 րոպեում, դուք ինքներդ պետք է այդ հարցը բարձրացնեիք:

Երկրորդը, եթե նման դեպքերը մի քանի անգամ են կրկնվում և նախօրոք զգուշացնելն էլ չի օգնում, ապա առանց բարկանալու ու նյարդայնանալու փոխեք տաքսի ծառայությունը: Նշանակում է՝ նշված ծառայությունը լավ չի աշխատում: Ինչո՞ւ ամեն անգամ պատվերը կրկնել, ամեն անգամ բարկանալ, եթե ոչինչ չի փոխվելու: Փոխեք տաքսի ծառայությունը՝ առանց ոչ մեկին վիրավորելու և բարկանալու: Կիրառեք դա ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, երբեմն անհրաժեշտ է լինում ոչ թե դրա դեմ «պայքարել», այլ ուղղակի փոխել:

Երրորդը, դուք ընդամենը իրավիճակի մի կողմն եք և չեք կարող ենթադրություններ անել՝ առանց լիովին պատկերացնելու իրավիճակը: Միգուցե ճանապարհին խցանումներ են եղել կամ տաքսու վարորդն է սխալ կողմնորոշում տվել կամ նման ինչ-որ բան, որը Ձեր մտքով չի էլ անցնում: «Ես հաճախորդն եմ, դա ինձ չի հետաքրքրում», — միգուցե ասեն շատերը: Ի՞նչ ասեմ: Նման դեպքում երևի ոչինչ էլ չեմ կարող ասել: Իսկ մնացած մարդկանց խորհուրդ կտամ նման պահերին չմոռանալ ամեն ինչ և չմտածել միայն սեփական շահերի մասին:

Չորրորդը, հեռախոսավարուհու վրա բարկանալով դուք հանդիպումը ետ չեք բերում: Հակառակը, դուք այդ մարդուն Ձեր դեմ եք տրամադրում և հաջորդ անգամ զանգահարելիս, նա ուղղակի հանգիստ կարող է ասել, որ ազատ մեքենա չկա, որպեսզի ազատվի «անբարյացակամ» հաճախորդից:

Եվ հինգերորդը, եթե տվյալ դեպքում դուք հաճախորդն եք, ապա դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք Ձեզ ամեն ինչ թույլ տալ: Ի՞նչ գիտեք, թե ով է հեռախոսի մյուս ծայրում նստած: Միգուցե Ձեզանից մի քանի անգամ ավելի խելացի ու ուրիշներին ավելի շատ օգուտ տված մի մարդ է նստած, որի մոտ ուղղակի այս անգամ այսպես ստացվեց: Իսկ ո՞ւմ մոտ չի ստացվում: Վերցրեք Ձեր վրա: Ո՞ր ոլորտում եք դուք աշխատում: Պատկերացրեք, որ ամեն անգամ սխալվելիս հաճախորդը գա և բարկանա Ձեզ վրա, գոռա, ինչպե՞ս դուք կվերաբերվեիք դրան: Հիշեք դա և կիրառեք այն պահերին, երբ դուք եք բարկացողի դերում: Նման մի լոզունգ է տարածված՝ մարդն իր շահերը պետք է պաշտպանի: Իսկ ո՞ւր մնացին մնացած մարդկանց շահերը: Չի կարելի միշտ պաշտպանել սեփական շահերը՝ չմտածելով ուրիշների մասին և ոտնահարելով մնացածի շահերը: Երբեմն դուք Ձեր վրա պետք է վերցնեք հարվածը, որպեսզի վանեք այն ուրիշներից:

Հ.Գ.
Այս հոդվածը չի նշանակում, որ մի կողմը սխալ էր, իսկ մյուսն՝ անթերի: Նման մի հոդված էլ ես կարող եմ գրել, եթե հարցին նայեմ մյուս կողմից՝ թե ինչպե՞ս պետք է իրեն պահեր հեռախոսավարուհին: Հոդվածի ողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք պետք է իրար ըմբռնումով մոտենանք և չմտածենք միայն մեր մասին:

Սա ընդամենը մեկ օրինակ էր մեր կյանքից: Բայց լինում են հարյուրավոր նման դեպքեր: Փորձեք լինել ավելի բարյացակամ և հասկանալ մարդկանց: Աշխարհը չի պտտվում ամեն մեկիս շուրջն առանձին: Այն ընդհանուր է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»