Հաջողության գաղտնիքներ

Հաղթողները չեն հավատում պատահականությունների

Իրականում այդպես էլ կա: Մարդիկ, որոնք կյանքում տարբեր իրավիճակներում հաղթող են դուրս գալիս, հաղթող են էությամբ, չեն հավատում պատահականություններին և իրենց հաջողությունները չեն վերագրում բախտին: Նրանք հավատում են իրենք իրենց, իրենց նպատակասլացությանը, իրենց ձգտմանը, իրենց աշխատասիրությանը, իրենց գիտելիքներին և երևակայությանը և գիտեն, որ իրենց հաջողություններն ու ձեռքբերումները միմիայն դրա արդյունք են: Նրանք չեն սպասում, որ իրենց բախտը բերի կամ շրջապատում ինչ-որ բան փոխվի, այլ իրենք են դառնում այդ փոփոխությունը: Նրանք գիտեն, որ արժանի են այն ամենին, ինչին նրանք հասել են` չէ՞ որ հենց իրենք են դրան հասել:

Թեմայի հետ կապված պատմեմ մի պատմություն:
Մի անգամ, մրցաշարի ժամանակ հայտնի գոլֆիստ Բերնհարդ Լանգերի հարվածից հետո գնդակը հայտնվում է ծառի վրա` բարձր, խիտ ճյուղերի մեջ: Թվում էր` վիճակն անհույս է և խաղը կարելի է պարտված համարել: Բայց Լանգերը բարձրանում է ծառի վրա, նստում է ճյուղին և հարվածում է գնդակին: Այն վայրէջք է կատարում դաշտի ուղիղ կենտրոնում: Լանգերը իջնում է ծառից, մոտենում է գնդակին, ուղարկում է այն դեպի անցքը և հաղթում է մրցաշարը: Ավելի ուշ լրագրողները նրան հարցում են. «Պարոն Լանգեր, Ձեր բախտը անհավատալի բերեց, այնպես չէ՞»: Ինչին Լանգերը պատասխանում է. «Այո, ես նույնպես նկատել եմ` որքան շատ եմ ես մարզվում, այնքան շատ է իմ բախտը բերում»:

Երբ մարդկանց, որոնք մեծ հաջողությունների են հասնում, դիտում ես կողքից, կարող է թվալ, որ նրանց բախտը բերել է: «Իրականում, նա ինձանից հաջողակ չէ, ուղղակի կյանքը նրան ժպտացել է, մի օր իմ բախտն էլ կբերի», – միգուցե մտածեն շատերը: Ոչ մի նման բան: Կյանքը ժպտում է նրանց, ովքեր «ստիպում են» կյանքին ժպտալ իրենց: Իսկ ցանկացած պատահականություն, որը լինում է, հետևանքն է դրան նախորդող աշխատանքի` երբեմն մարդկանց համար անտեսանելի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»