«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հեղինակային առակներ

Հանդիպում հոգեբանի հետ. առակ

83-ամյա պապիկը շփոթության մեջ էր: Արդեն 20 տարի էր, ինչ նրանից հեռացել էր կինը, երեխաներին նա հազվադեպ էր տեսնում, ընկերներն այլևս չէին ուզում նրա հետ հանդիպել: Պապիկը փորձում էր հասկանալ պատճառները, երկար մտածում էր, վերհիշում, վերլուծում, փորձում էր հասկանալ, ինչը այնպես չի արել, բայց կարծես ամեն ինչ նորմալ էր, ոչինչ չէր հասկանում: Պապիկը գիտեր, որ իրեն քիչ է մնացել ապրելու, հիվանդությունն արդեն զգացնել էր տալիս և որոշել էր կյանքի վերջում ամեն ինչ պարզել: Որոշեց հանդիպել հոգեբանի հետ: Վերցրեց հեռախոսը և զանգահարեց ծանոթ հոգեբանին: Հանդիպումը նշանակված էր…

Երբ պապիկը մտավ հոգեբանի ընդունարան և պատրաստվում էր մտնել սենյակ, ընդունարանում գտնվող երեխաներից մեկի պատահական նետած խաղալիքը դիպավ նրան: Երեխայի մայրը չնկատեց դա:

– Ինչպեեես եք երեխաներին դաստիարակում, – վրդովված ասաց պապիկը և մտավ սենյակ:

Սենյակում նրան արդեն սպասում էին հոգեբանն ու իր օգնականը: Հոգեբանը առաջարկեց պապիկին նստել: Երբ պապիկը նստեց, նրա հայացքն ընկավ դիմացի պատին ամրացված ցուցանակին՝ «Հույսով եմ, դուք այս սենյակից դուրս կգաք Ձեր խնդիրներն այստեղ թողած»:

– Հույսով չէ, հուսով, – ժպտաց պապիկը:
– Ի՞նչ, – չհասկացավ հոգեբանը:
– Ցուցանակի վրա… պետք է գրված լինի ոչ թե հույսով, այլ հուսով, – բացատրեց պապիկը:
– Աաա, – ժպտաց հոգեբանը:

Նրանք խոսում էին մոտ կես ժամ և հանկարծ պապիկը նկատեց, որ հոգեբանի գուլպաները տարբեր են: «Այ քեզ բան» – մտածեց պապիկը, – «երբ տուն գնամ, հարևաններիս կպատմեմ»:

– Ձեր գուլպաները տարբեր են, – չդիմացավ նա:
– Իրո՞ք… չէի նկատել, – ժպտաց հոգեբանը:

Խորհրդակցության ժամանակ պապիկը պատմում էր, թե ինչպես մարդիկ իրեն չեն հասկանում, թե ինչ դաժան է գտնվել իր հանդեպ կյանքը, թե ինչպես են իրեն անընդհատ խնդիրներ հետապնդում: Երբ խորհրդակցությունն ավարտվեց, հոգեբանն ասաց.

– Դուք ոչ մի մեղք չունեք (պապիկը խորը շունչ քաշեց), դա ձեր ենթագիտակցությունն է մեղավոր: Այն միանգամից նկատում է ուրիշների սխալները և փորձում դիմացինին անհարմար դրության մեջ դնել: Դուք այստեղ էիք եկել կարևոր հարցի՝ ձեր խնդիրները հասկանալու համար, բայց դրա փոխարեն ձեր ենթագիտակցությունը նկատում էր ցուցանակի սխալը և իմ տարբեր գուլպաները և «հերոսաբար» դա ջրի երես հանում: Միթե՞ այս պահին դա այդքան կարևոր էր: Դուք չասեցիք դա առանձին, երբ իմ օգնականը այստեղ չէր, այլ միանգամից բարձրաձայնեցիք: Դուք չարեցիք դա հատուկ, միգուցե դուք նույնիսկ չզգացիք դա, ուղղակի դա արդեն ձեր մեջ է: Հարցրեք այդ մասին ձեր կնոջը, երեխաներին և ընկերներին և դուք կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները:

Ուրիշների վրա սխալ փնտրելու և այդ մասին բարձրաձայնելու երևույթը շատերի մոտ է հանդիպում: Ղեկավարեք ձեր ցանկությունները, ղեկավարեք ձեր բնավորությունը: Եթե ուզում եք պարզապես օգնել, արեք դա այնպես, որ դիմացինը չզգա դա, որ նա իրեն վատ չզգա կամ վատ դրության մեջ չհայտնվի: Առավել ևս, երբ խոսքը գնում է մանրուքների մասին: Վերջիվերջո՝ ով չի սխալվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

  • Շատ լավ հոդված էր Լուկա ջան: Իսկապես շատերս հենց այդպես էլ վարվում ենք: Ես էլ մի անգամ այդպես եմ վարվել ու զղջում եմ: Մեր աշխատողներից մեկը տպիչի վրա ֆայլով էր թուղթը դրել, և տպիչը փչացել էր: Տպիչը դրված է իմ սենյակում: Որպեսզի ինձ չկասկածեն, ես պատմել էի բոլորին այդ մասին: Դա միակ դեպքն է եղել ու կարծում եմ վերջինը կլինի: Կյանքում շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց, և շատ դժվար է շփվել նրանց հետ, ուղղակի անտանելի է: Ես չեմ ուզում լինել այդպիսին: Եթե մենք մարդկանց մեջ միայն տեսնենք լավը գեղեցիկը, բարին և չփորձենք գտնել սխալներ, ապա մեզ համար էլ հեշտ կլինի շփումը:

  • Մերսի Զառա ջան, բոլորիս մոտ էլ երբեմն պատահում է դա: Բայց եթե աշխատում ենք այդ ուղղությամբ, դա դուրս է գալիս բնավորությունից: Շատ գովելի է, որ կարողացաք այդպես բարձրաձայն պատմել այդ դեպքի մասին, ամեն մարդ չէ, որ իվիճակի է նման բաները ընդունել: Ամեն ինչի հիմքում ընկած է այս պարզ ասացվածքը՝ “Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն”:

    • Այո, վերջերս մայրս հարցրեց. “Աստվածաշնչից կարող ես մի նախադասություն ասել, որն իր մեջ ներառում է բոլոր մտքերն ու աֆորիզմները”: Այդ նախադասությունը յուրաքանչյուրիս համար պետք է դառնա ուղենիշ: Ցավոք, ոչ բոլորն են դրան հետևում:

  • Շատ լավ հոդված էր Լուկա ջան..շատ ուսուցողական..կարծում եմ շատերը մի պահ կմտածեն` արդյոք իրենք շատ չեն քննադատում…կարծում եմ պետք է անընդհատ մեկ պահ կանգ առնել ու տեսնել ,թե ինչ ենք մենք արել…սեփական փորձից եմ ասում..վերջերս մի դեպք ինձ ստիպենց հետադարձ հայացք նետել…և ես հայտնաբերեցի մի շարք թերություններ…հիմա ես աշխատում եմ ազատվել իսկապես ենթագիտակցորեն առաջացած իմ թերություններից ,որոնց մեջ է նաև քննադատելը..շատ մեծ չհամարեք իմ համարձակությունը,բայց բոլորին խորհուրդ եմ տալիս անընդհատ հետադարձ հայացք ձգել կատարված քայլերի վրա…կարելի է նույնիսկ ամեն օր…հավաստիացնում եմ այդ քայլը շատ օգտակար կլինի….

    • Մերսի L.a.r.a. ջան, դա իրոք պետք է, մենք պետք է կարողանանք ընդունել սեփական սխալներն ու թերությունները, որպեսզի հետագայում թույլ չտանք դրանք կամ ուղղենք:

      • Այո, Luka ջան…միանշանակ շատ ճիշտ ես…սխալ կատարելը սարսափելի չէ,սարսափելի է սխալը չընդունելն ու նորից կրկնելը…..

  • Ինչ հետաքրքիր զուգադիպություն էր, հենց էսօր ինձ հետ էլ ա պատահել, առաջին հայացքից սխալը իմն էր,բայց իրականում ես չէի արել, ես չէի էլ պատրաստվում ասել,որ սխալը իմը չի, իսկ էս հոդվածը կարդալուց հետո առավել ևս:Չնայած արդեն մի անգամ ուրիշի սխալի պատճառով դուրս եմ եկել աշխատանքից, բայց մեկ ա չեմ ասելու :
    Համ էլ եթե փիլիսոփայորեն 🙂 մոտենանք, էնքան հետաքրքիր ա, հաճելի ու մի քիչ էլ ծիծալելի, երբ կողքից մտածում են, որ դու լռում ես, որովհետեև բան չունես ասելու, սխալը քոնն ա, բայց դու գիտես ,որ ավելի վեհ պատճառներ ունես լռելու, դու դրանով ուրիշին ես օգնում , էդ էլ արդեն երկրորդական հարց ա, ինքը արժանի ա դրան թե չէ:

    • Հա Վանուհի ջան, ճիշտ էլ արել էս, էտ զգացումը ինձելա ծանոթ (լռում ես, բայց դիմացինը չի հասկանում ինչու ես լռում), լրիվ հասկանում եմ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»