Հաջողության գաղտնիքներ

Շեղող հանգամանքներ

Սա իմ համար ամենաբարդ թեմաներից մեկն է, քանի որ պատրաստվում եմ գրել «մի խմեք», «մի ծխեք» մարդկանց համար, որոնց մեծ մասը խմում և ծխում է: Սա նույնն է, եթե գնամ Վրաստան և Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում կանգնեմ և գոռամ. «Վրացինեեե՜ր, դուք լավը չեք» :): Ամեն դեպքում, եթե կարդացել եք այս թեմային նվիրված «Խմիչք, ծխախոտ, հեռուստացույց» հոդվածի առաջին և երկրորդ մասերը, ապա որոշ չափով պատկերացնում եք, թե ինչի մասին է գնալու խոսքը: Իսկ խոսքը գնալու է մի քանի պարզ բաների մասին, որոնց թողած հետևանքները կարող են այդքան էլ պարզ չլինել:

Հիշում եմ, երբ իմացա, թե ինչպես է ալկոհոլը ազդում մեր ուղեղի վրա, մի օր գնացի տուն և այդ մասին պատմեցի ընտանիքիս: Ոչ ոք իհարկե լուրջ չմոտեցավ, իսկ եղբայրս կատակեց. «Նախկինում խմում էինք ու չէինք էլ հասկանում, թե ալկոհոլը ոնց ա վրաներս ազդում: Հիմա, երբ հասկանում ենք, արխային կխմենք» 🙂 Իհարկե լավ ծիծաղեցինք ու առաջ անցանք: Ամեն դեպքում, հարազատներիս հետ կապված իմ փորձերը ես դեռ կշարունակեմ 🙂

Ծանոթներիցս մեկն էլ, երբ խոսում էինք այդ մասին, ասաց. «Իինչ ես մտածում, միևնույն է մարդն իր ուղեղի մի քանի տոկոսն է օգտագործում, մնացածը հանգիստ կարող ենք սպանել»: Կրկին ծիծաղեցինք և առաջ անցանք…

Իսկ երբ այդ թեմայով խոսում եմ մարդկանց հետ, ովքեր խմում են, բայց չեն ծխում, պատասխանը հետևյալն է. «Ճիշտ ես, ծխախոտը վնասակար է, դա վատ սովորություն է, բայց դե խմելը… բոլորն էլ խմում են… չէ՞»: ՀԱ՛ 🙂 Կրկին առաջ անցանք…

Ամեն դեպքում, ես չեմ ուզում մարդկանց վրա տարածել բոլոր այն համոզմունքները, որոնք ինքս ունեմ: Ես միայն բարձրաձայն մտածում եմ` կընդունեք, թե ոչ, դա արդեն դուք պետք է որոշեք: Ուղղակի, ես ինձ իրոք շատ լավ եմ զգում այն բանից հետո, երբ ազատվեցի այդ երկու սովորություններից: Ազատվեցի ոչ այնքան ֆիզիկապես, որքան գիտակցաբար, ուղեղում, որը շատ ավելի դժվար էր: Երբ ես հիմա հիշում եմ այն զգացողությունները, որոնք ապրում էի խմելու հաջորդ առավոտյան կամ այն հոտը, որը գալիս էր վրայիցս ողջ գիշեր ծխելուց հետո, մեղմ ասած ինձ տհաճ է:

Ղեկավարել մեր բոլոր սովորությունները և չանել այն, ինչը մեզ օգուտ չի տալիս, այլ ընդունված է բոլորի կողմից, շատ կարևոր է: Ի՞նչ է նշանակում, այդպես ընդունված է… Մի արեք ինչ-որ բան միայն նրա համար, որ դա ընդունված է: Արեք դա այն ժամանակ, երբ դուք ինքներդ եք դա ճիշտ համարում: Եթե այդպես լիներ, ժամանակին ընդունված էր, որ երկիրը պահում են չորս մեծ փղեր, կայծակը Աստված է, անհնար է լուսնի վրա թռչել և այլն, մինչև հայտնվեցին մարդիկ, որոնք ցույց տվեցին, որ դրանք միայն ժամանակավոր պատկերացումներ էին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

13 մեկնաբանություն

  • ես ոչ ծխում եմ ոչ էլ խմում, բայց իմ մոտ ավելի բարդ է, քանի որ չեմ ծխում բայց փոխարենը շնչում եմ այդ անտանելի ծուխը

  • Այս առիթով ուզում եմ մի պատմություն պատմել:
    Մի հիվանդ գալիս է բժիշկի մոտ և գանգատվում վատ տրամադրությունից, անքնությունից, գլխացավից, վատ ախորժակից, ստամոքսի հատվածում ուժեղ ցավերից: Բժիշկը զննում է նրան և ասում.
    – Դուք լիովին առողջ եք, սակայն ես կարող եմ Ձեզ մի խորհուրդ տալ. կերեք ախորժակով, խմեք չափավոր, օրական ծխեք միայն մեկ գլանակ, շատ զբոսնեք և վայելքե կյանքն այնպես, ինչպես կա:
    Անցնում է մեկ տարի և հիվանդը նորից այցելում է բժիշկի մոտ:
    – Շատ շնորհակալ եմ բժիշկ ջան: Ես հետևեցի Ձեր խորհուրդներին և, ինպես տեսնում եք, ես շատ լավ եմ ինձ զգում: Միայն շատ դժվար էր իմ տարիքում ծխել սկսելը:
    Կարծում եմ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Ես էլ ունեի սովորություն` ամեն օր խմել մեկ բաժակ մակկոֆե, սակայն, իմանալով, որ այն վնասակար է, թարգեցի:

    • Զառա ջան այս տեսանյութը նայելուց հետո, նույնիսկ մի բաժակ չեմ խմի, թեկուզ չափի մեջ: Բայց դե դա անձնական մոտեցում է…
      Խոսքը ուղեղի մասին է գնում, եթե լիներ թոք, երիկամ կամ կույրաղիք, էլի ոչինչ 🙂

  • Լուկա ջան գործարանային խմիչքները արհեստական են, սակայն տնական քաշած օղին կամ գինին ոչինչ չեն անի:

  • Լուկա, լավ է, որ ուզում ես բոլորս ավելի լավը դառնանք, ուղղակի գիտես, պետք է իրոք լուրջ ուսումնասիրել, ես էլ շատ հազվադեպ եմ հանձնվում “շեղող հանգամանքներին”, բայց , այնուամենայնիվ, մեկ-մեկ պետք է, մեկ-մեկ, հազվադեպ, շեշտում եմ: Մենք պիտի կառավարենք մեր ցանկությունները, ու վերջ: Բոլորիս պոզիտիվ շաբաթ, որ չխմենք ու չծխենք, շատ աշխատենք, քիչ վատնենք, լինենք սիրելիների հետ:

      • հենց նոր վիդեոն էի նայում, իհարկե ճշմարտության մեծ չափաբաժին կա, բայց ախր չափազանցված էր, իմ կարծիքով, ուղեղի բջիջների հետ կապված, գրեթե վստահ եմ, որ դրանք վերականգնվում են, ուսումնասիրել ա պետք, ուսումնասիրել, հետաքրքրեց, ափսոս բժիշտ չեմ, թեզս էլ վերջացնում եմ, բժիշկներ, ատզավիծես;-)))

  • Լուկա ջան շատ ուրախ եմ Ձեզ համար, որովհետև ծխախոտի և ալկոհոլի վաաաաատ ազդեցությունից ազատվելը իրոք մեծ ջանքեր և մեծ կամքի ուժ են պահանջում: Շատ անգամներ եմ փորձել շրջապատիս մարդկանց օգնել այդ հարցում, բայց դե հասկանում եք, դա այնքան էլ հեշտ գործ չէ: Միայն դրանց վատ ազդեցության մասին խոսելով ու նստելով չի լինում, պիտի շատ փորձել: Իսկ ինչ վերաբերվում է ուղեղի բջիջներին, կարծում եմ, որ դրանք չեն վերականգնվում:
    Շնորհակալություն այս արդիական խնդիրը առաջ քաշելու համար 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»