«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Լսելու կարողությունը

Ընդհանրապես, որքան հասարակ «կանոններ» կան, որոնք հասկանալով՝ մարդը իր կյանքում շատ բան կարող է փոխել: Դրանցից շատերի մասին մենք խոսել ենք նախորդ հոդվածներում, օրինակ, ներողություն խնդրելու ուժը կամ ժպտալու կանոնը: Իսկ այս հոդվածում կխոսենք այդ կանոններից ամենակարևորներից մեկի մասին՝ լսելու կարողության:

Չգիտես ինչու, մեզանից շատերի մոտ ընդունված է, որ «խոսող մարդն ավելի խելացի է»: Նշանակում է` նա լիդեր է, չէ որ ասելիք ունի և կարողանում է գրավել մարդկանց ուշադրությունը, իսկ ինչո՞վ հպարտանա լսողը: Այն, որ շատ դեպքերում խոսելն իրոք անհրաժեշտ է, հատկապես գեղեցիկ խոսելը, անվիճելի է, բայց լսելու կարողությունը` պետք է միշտ:

Հիշեք, որ լսելն ավելի դժվար է, քան խոսելը: Եթե ինչ-որ մեկը խոսում է, շատ անգամ ես ուզում նրան ընդհատել, եթե հանկարծ ինչ-որ բան ես հիշում կամ կարծում ես, որ նա սխալ է: Բայց լսել մինչև վերջ, անկախ ամեն ինչից, երբեմն շատ դժվար է:

Երբ մարդը խոսում է, նա ինչ-որ ինֆորմացիա է հայտնում և եթե այդ ինֆորմացիան ուրիշների համար օգտակար է, դա գովելի է: Սակայն ընդհանուր առմամբ, հիշեք, որ խոսող մարդը խոսելու ընթացքում ոչինչ չի սովորում, նա ասում է միայն այն, ինչ արդեն գիտի: Իսկ լսո՞ղը: Լսողը շատ բան կարող է սովորել, եթե նա ուղղակի հանգիստ լսի:

Բացի այդ, մարդիկ ավելի շատ սիրում են խոսել, քան լսել: Հետևաբար, որպեսզի այդ մարդիկ զգան իրենց «իրենց ափսեում», դուք պետք է լինեք լսողի դերում: Մարդու համար ամենամեծ ոգևորություններից մեկն այն է, երբ նրան ուշադիր լսում և հասկանում են: Իսկ երբ դա արվում է անկեղծ, դա արդեն մեծ ուժ է:

Որպես ամփոփում, ասեմ հետևյալը. խոսելը շատ կարևոր է, երբ դա արվում է տեղին: Սակայն լսելը` պետք է միշտ: Ով կարողանում է համբերատար լսել մարդկանց անկախ ամեն ինչից և մտնել նրանց դրության մեջ, շատ բանի կարող է հասնել կյանքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Որպես հուսով եմ արդեն նախկին շատախոս ասեմ, որ երբ սկսում ենք կենտրոնանալ հենց լսելու վրա, գիտակցելով, որ այն ինչ կլսենք, մեզ միանշանակ ավելի խելացի, իմաստուն ու հետաքրքիր կդարձնի, սկսում ենք հավանել լսելը, ու մի պահ եկավ իմ կյանքում, որ ես հասկացա, որ, որքան էլ տարօրինակ է, ես շատախոսում էի կոմպլեքսավորվածությունից, անհարմարավետության զգացումից, հետո դա դարձավ գլուխգովանության ու պարծենկոտության դրսեևորում: Սա էն ուսումնասիրվելու հարցերից է էլի…հոգեբանները պիտի, որ ասելիք ունենան այս մասին: Ամեն դեպքում, երբ իրոք ուշադիր լսում ենք, հասկանում ենք, որ հաճախ ասվում է այն, ինչ մենք կասեինք, եթե խոսողը մենք լինեինք, ու ինքներս մեր բացահայտման վրա ծիծաղում ենք: Ես հիմա շատախոսում եմ միայն այն դեպքում, երբ ասելիքս տարբեր է հնչածից, այն էլ աշխատում եմ արտահայտել չափավոր և զգույշ: Ու, միանշանակ, խոսելն է, որ մենք սովորում ենք մեկ տարում, հետո ամբողջ կյանքի ընթացքում փորձում սովորել լռելը: Փիլիսոփայության ավարտ: Բոլորիս տեղին խոսելու և միշտ ուշադիր լսելու կարողություն մաղթող սմայլ: Պրոդուկտիվ օր թող լինի:

  • Միշտ ջղայնացել եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն թողել խոսքս ավարետ: Ասում են` երկխոսությունը երկու հոգու մենախոսությունն է: Շատ մարդկանց մոտ իսկապես այդպես է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»