«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Բժիշկը, որ նախ իրեն բուժեց

Հեղինակ՝ Հասմիկ

Հոդվածի հեղինակը Լինդա Քրեմերն է: Սա իրական պատմություն է մանկական նեյրովիրաբույժ, բժիշկ Բեն Քարսոնի մասին, որն ի հեճուկս բազմաթիվ խնդիրների` կարողացել է հաջողության հասնել:

Բեն Քարսոնի մանկությունը հեշտ չի անցել: Երբ ութ տարեկան էր, հայրը լքեց ընտանիքը, ու նրանք Բոստոնում, հետո Դետրոյտում վարձով էին ապրում: Ցածր գնահատականների և դյուրաբորբոք բնավորության պատճառով դպրոցում հաճախ պատմությունների մեջ էր ընկնում: Սպիտակները շարունակ ծաղրում կամ սպառնալիքներ էին տեղում, որովհետև սևամորթ էր: Զարմանալի չէր լինի, եթե թմրամոլ դառնար, բանտ կամ ավելի վատ` դիարան ընկներ: Բայց ճակատագիրն անակնկալներով լի է. Բեն Քարսոնը բժիշկ դարձավ:

Այն էլ` ոչ սովորական բժիշկ: 1984 թվականին, երեսուներեք տարեկան հասակում դարձավ Միացյալ Նահանգների ամենամեծ համբավ ունեցող Բալթիմորի Ջոն Հոպկինս հիվանդանոցի մանկական նեյրովիրաբուժության բաժնի ամենաերիտասարդ ղեկավարը: «Այդ նույն տարի, դեռ մինչև նշանակումս, մի անգամ զրուցում էի Սան Քվենտին բանտի կալանավորների հետ,- պատմում է Քարսոնը,- Խոսում էինք ճակատագրի մասին, ու հանկարծ կայծակի պես մտքովս անցավ, որ ես էլ կարող էի նման տեղ ընկած լինել»:

Քանի~-քանի~ ծնողներ են Աստծուն փառք տալիս, որ այդ բանը չպատահեց: Ջոն Հոպկինսում աշխատած յոթ տարիների ընթացքում այժմ քառասնամյա Քարսոնի անունը բժշկական աշխարհում լեգենդ է դարձել: Նրա վիրաբուժական միջամտությամբ հարյուրավոր երեխաների կյանք է փրկվել, մինչդեռ շատերին նախապես ախտորոշել էին ու ասել, թե բուժվելու հույս չկա: Քարսոնն ուղեղի ծանր հիվանդություններ ունեցող երիտասարդներին օգնելու մի շարք նոր եղանակներ է գտել:

Բայց նրա ամենանշանավոր վիրահատությունը 1987-ին էր, երբ մասնագետների 70 հոգանոց թիմը, իր գլխավորությամբ, հաջողությամբ առանձնացրեց գլխից միացած սիամյան երկվորյակներին: Դա նշանակալի իրադարձություն էր նյարդավիրաբուժության մեջ: Մինչ այդ նման վիրահատություններից լավագույն դեպքում երկվորյակներից մեկը մահանում էր: Իսկ այս անգամ երկուսն էլ գերմանացի Պատրիկ և Բենջամեն Բայնդեր եղբայրները կենդանի մնացին: «Քարսոնը ոչ միայն հակասական, այլև խիզախ անձնավորություն է,- նրա մասին ասում է Ջորջ Վաշինգթոնի համալսարանի նեյրովիրաբուժության բաժնի ղեկավար Էդվարդ Լոզ կրտսերը,- նա հանձն է առնում օգնել այնպիսի հիվանդների, որ ամեն մարդ չէր համարձակվի փորձել»:

Քարսոնը համարում է, որ իր հաջողությամբ 63-ամյա մորը` Սոնյային է պարտական:

Ամուսնու հեռանալուց հետո Սոնյան ինչ-որ կերպ գոյատևելու համար ստիպված էր վարձով հանձնել Դետրոյտի իրենց ոչ մեծ տունը, ու երկու որդիների հետ գնալ ազգականների մոտ Բոստոնի աղքատ թաղամասում ապրելու: Երկու տարում, երբեմն միաժամանակ երեք տարբեր տներում գործ անելով, կարողացավ մի քիչ փող հետ գցել, որ Դետրոյտ վերադառնային: Այստեղ երկաթգծի կողքին մի էժան բնակարան վարձեց:

Բենը, որ այն ժամանակ 5-րդ դասարանում էր, և նրա ավագ եղբայր Քըրտիսը, որ 7-րդում էր, դպրոցում վատ էին սովորում: Բենի համար «երկու» ստանալը սովորական էր, իսկ «երեքն» իսկական հաղթանակ էր: «Նա ոչ մի բանի հույս չուներ,- պատմում է մայրը,- կարծում էր` մեկ է, ելք չկա, էլ ինչո՞ւ ջանք թափեր: Մի խոսքով` կործանման եզրին էր»:

Սոնյան մտածեց, որ այսպես չի լինի, պիտի մի բան աներ: Նախ տղաներին արգելեց շաբաթը երեք հեռուստահաղորդումից ավելի դիտել և ասաց, որ փոխարենը պիտի շաբաթական երկու գիրք կարդան: Որպեսզի վստահ լիներ` պայման դրեց. կարդացած գրքերը պիտի համառոտ շարադրեին ու իրեն հանձնեին: Սա, իհարկե, խորամանկություն էր, որովհետև Սոնյան ընդամենը երեք դասարանի կրթություն ուներ ու տղաների գրածը կարգին կարդալ էլ չէր կարող: Բայց պիտի վերահսկեր տղաներին: Կամաց-կամաց նրա ջանքերն արդյունք տվեցին: «Հանկարծ պարզեցի, որ գիրք կարդալը չէր խանգարում, որ գնայինք ուր ուզում ենք ու անեինք` ինչ ուզում ենք,- ասում է Քարսոնը:- Այդ ժամանակ էր, որ շատ բան հասկացա»:

Շուտով Քարսոնն արդեն դասարանի լավագույն սովորողն էր: Այդ նույն դասընկերները, որ առաջ ծաղրում ու դմբո էին ասում, հիմա խնդրում էին, որ դասը բացատրեր: Բայց երանի, թե հոգսերն այդքանով վերջանային. Քարսոնն անընդհատ դեմ էր առնում խտրականության: Մի օր, դպրոց գնալիս, նրան ու Քըրտիսին դագանակներով զինված մի խումբ տղաներ շրջապատեցին. «Լսե’ք, սևե’ր, Վիլսոնի դպրոցը ձեր տեղը չի,- ասաց նրանցից մեկը,- մի անգամ էլ ձեզ էստեղ տեսանք` վերջներդ կտանք»: Այդ դեպքից հետո եղբայրները շրջանցիկ ճանապարհով էին դպրոց գնում: Երբ ուզեցին թաղի ֆուտբոլի թիմում խաղալ, մի քանի սպիտակամորթ չափահաս մարդիկ զգուշացրին, որ մտքներովը չանցնի: Ի՞նչ անեին: Բայց Քարսոնին ամենից շատ մի ուրիշ դեպք էր նվաստացրել, երբ ութերորդ դասարանում ուսուցիչն ամոթանք էր տվել իր սպիտակ դասընկերներին. «Ո՞նց եք թույլ տվել, որ սևամորթը լավագույն սովորողի մրցանակը շահի»:

Նման դեպքերն էլ ավելի էին բորբոքում առանց այն էլ տաքարյուն տղային: «Արյունս գլխիս էր խփում: Երբ ափերից դուրս էի գալիս, գլխումս միայն մի միտք էր մնում` ի՞նչ անեմ, որ ինձ նեղացնողն էլ տառապի,- պատմում է Քարսոնը,- եթե դրա ձևը քարով, աղյուսով կամ դագանակով խփելն էր, ուրեմն ուզում էի խփած լինել»: Իրեն ծաղրող դասարանցիներից մեկի գլուխը մի անգամ կողպեքով պատռել էր, մեկի քիթն էլ քարով էր ջարդել Մի անգամ քիչ էր մնում` սեփական մորը խփեր, որովհետև իր համար գնած շալվարը դուրը չէր եկել: Լավ էր, որ եղբայրը ձեռքը բռնել էր: Մի անգամ էլ խոհանոցի դանակով ընկել էր Քըրտիսի հետևից, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ էր վերջացել:

Ամենասարսափելի միջադեպը տեղի ունեցավ, երբ 14 տարեկան էր: Մի օր դասերից հետո ընկերոջ հետ ռադիո էին լսում: «Նա ալիքը փոխեց, իսկ ես չէի ուզում,- հիշում է Քարսոնը,- սկսեց հետս վիճել, ես էլ դանակը վերցրի ու հարձակվեցի վրան: Ուղեղս լրիվ մթագնել էր: Բարեբախտաբար, նա մեծ մետաղյա ճարմանդով գոտի էր կապել: Դանակը ճարմանդին կպավ ու կոտրվեց: Ընկերս փախավ, իսկ ես վազեցի տուն, փակվեցի լողարանում ու սկսեցի պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դանակը ճարմանդին չկպչեր:

Լողարանում մի քանի ժամ փակված մնալուց հետո որոշեցի ապավինել Աստծուն ու սկսեցի աղոթել»:

«Օժտված ձեռքեր» ինքնակենսագրության մեջ, որ գրել է 1990 թվականին, Քարսոնը պատմում է, թե լողարանից արդեն փոխված մարդ դուրս եկավ: Իր պատմելով` դրանից հետո այլևս ինքնատիրապետումը կորցնելու խնդիր չի ունեցել: «Լողարանում նստած` այդ մի քանի ժամում հասկացա, որ եթե մարդիկ կարող են քեզ ափերից հանել, ուրեմն քեզ իրենց ձեռքում են պահում: Ինչու պիտի թույլ տամ, որ ուրիշներն ինձ կառավարեն»:

Չնայած ինքնամաքրման այս դիպվածին` Քարսոնը դեռ մի դժվարություն էլ պիտի հաղթահարեր: Ընտանիքը տեղափոխվել էր Դետրոյտի` սևամորթների թաղամաս, ուր նրան մի փորձություն էլ էր սպասում` թրև գալը: Պարապելու փոխարեն երեկոները, երբեմն մինչև ուշ գիշեր բասկետբոլ էր խաղում: Արդյունքում, իհարկե, նորից սկսեց «երեքներ» ստանալ:

«Նորից ինչ-որ ժամանակ սկսեց թվալ, թե սովորելն այդքան էլ կարևոր չէ,- պատմում է Քարսոնը,- ավելի կարևոր էր տղաներից չտարբերվելը»:

Ու նորից մայրիկը միջամտեց: Նա արդեն լավ կարդալ էր սովորել, բարձրաձայն ոտանավորներ ու ասացվածքներ էր կարդում, թե մարդ ինչպես պիտի ինքն իրեն օգնի: Վերջապես մոր խոսքն ազդեց, Քարսոնը նորից սկսեց «հինգեր» ստանալ և ավարտելիս դասարանում առաջադիմությամբ երրորդն էր:

Նույն աշնանը կրթաթոշակով Յեյլ ընդունվեց: Չորս տարի անց որոշեց հետամուտ լինել սիրուն, որը սկիզբ էր առել, երբ դեռ ութ տարեկանում եկեղեցում մի շատ հուզիչ քարոզ էր լսել ինչ-որ բժշկի մասին: Քարսոնը սկսեց բժշկություն սովորել: Մեկ այլ սիրո էլ հետամուտ եղավ, այս մեկը ծնվել էր, երբ առաջին կուրսում էր: Քարսոնն ամուսնացավ Յեյլի իր դասընկերուհու Քենդի Րասթինի հետ: Այժմ նրանք ապրում են Բալթիմորի մերձակայքում Սոնյայի և իրենց երեք որդիների հետ (ութամյա Մյուրեյը, վեցամյա Բեն կրտսերը և չորսամյա Ռոյսը): Քարսոնն աշխատում է ժամանակի մեծ մասն ընտանիքի հետ անցկացնել: «Չեմ ուզում, որ տղաներս ինձ պես առանց հայր մեծանան,- ասում է նա:- Վերջերս հասկացել եմ, որ մարդ կարող է մինչև կեսգիշեր աշխատել ու գործերը չհասցնել և կարող է մինչև վեցը-յոթն աշխատել ու էլի գործերը չհասցնել: Որոշեցի, որ ավելի լավ է մինչև վեցը-յոթն աշխատեմ»:

Քարսոնն իր որդիներին Սոնյայի մեթոդներով է դաստիարակում. Շաբաթը երկու գիրք ու կարդացածի համառոտ շարադրությունը: Այս եղանակն իրեն արդարացրել է: «Մանկության ընկերներիս մեծ մասը մահացել է թմրանյութերից կամ բռնի մահով»: Նա իր ուղերձը լսելի է դարձնում ելույթներով, ինչպես նաև իր նոր գրքով, որը կոչվում է «Հեռուն մտածիր»: Համարում է, որ կյանքի իր առաքելությունը մարդկանց օգնելն է, հատկապես սևամորթներին: «Ծագումը կարևոր չէ,- ասում է Քարսոնը,- կյանքում հաջողության չհասնողները նրանք են, ովքեր ամեն ինչի համար արդարացում ունեն: Երբեք էլ ուշ չէ հասկանալը, որ ամեն մարդ մի բանի հասնելու ներուժ ունի»:

Հեղինակի մասին

Հասմիկ

10 մեկնաբանություն

  • Շնորհակալություն Հասմիկ Ավետյանին: Շատ լավ հոդված էր: Այն իր մեջ ներառում էր ամեն ինչ` ոգևորություն, բարություն, սեր: Քարսոնի կյանքն ապացուցում է, որ երբեք ուշ չէ փոխվելու համար: Օրինակ, ինձ փոխեց իմ ֆրանսերենի ուսուցչուհին: Նրա շնորհիվ ես հասկացա, որ այդքան էլ բութ չեմ ինչպես մինչ այդ կարծում էին հարազատներս: Նրանք այնքան էին տարված քրոջովս, որ չէին նկատում, թե ինչքան եմ կարդում, ինչ շարադրություններ եմ գրում ու ինչ խնդիրներ եմ լուծում, միայն հետո սկսեցին կռիվ տալ թե ես ում եմ նման: Մայրս ասում էր, որ իրեն եմ քաշել, հայրս` թե իրեն :):

    • 🙂 Զառա ջան երբեմն մարդիկ մնում են չբացահայտված, մինչև մեկը չի օգնում նրանց բացահայտել իրենց:

      Իսկ հոդվածը իրոք շատ լավն էր, շատ հետաքրքիր պատմություն էր..

  • ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՄԻ ԱՖՈՐԻԶՄ ՀԻՇԵՑԻ “ՉԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ , ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ”

  • Հասմիկ ջան շատ շնորհակալություն հոդվածի համար
    Շատ մոտիվացնող էր: Մարդ երբեք իր հույսը չպիտի կտրի և միշտ պետք է ձգտի ավելիին: Բեն Քարսոնը դրա վառ օրինակն է: Մենք բոլորս միշտ պետք է զգոն լինենք և երբեք ինքներս մեզ չկորցնենք. դա է միակ ճանապարհը ամեն ինչի հասնելուն:
    Ինձ շատ օգնեց Ձեր նյութը
    Շնորհակալություն 🙂

  • Կար ժամանակ, որ ես հավատս կորցրել էի հաջողության վերաբերյալ: Ինձ անընդհատ շրջապատիս մարդիկ ասում էին, որ ես ոչնչի չեմ կարող հասնել առանց “լավ թիկունքի”: Շատ էի նեղվում, երբեմն էլ վիրավորվում, նույնիսկ լաց լինում, որ այսքան աշխատելուց հետո չեմ հասնելու ոչնչի: Բայց անկեղծ պիտի ասեմ, երբեք հույսս չէի կտրում: Հիմա 3րդ կուրս եմ, անվճար եմ սովորում: Փաստորեն իմ այն տանջանքները, անարդարություն տեսնել, մարդկանց վատ տրամադրվածությունը արդարույան մասին և անընդհատ պայքարելու ձգտումս վերջ ի վերջո արդյունք տվեցին: Իսկ այս հոդվածը կարդալիս ես ակամայից իմ անցած այդ ճանապարհն եմ հիծում:

    • Էմմա ջան երբեմն պետք է ոչ մեկի չլսել: Թիկունքի ու մնացածի հետ կապված շատերն են ասում, ինձ էլ են ասել, բայց ես ուղղակի գիտեմ որ դա այդպես չէ և վերջ: Եթե մարդը մտադրված է մի բանի հասնել, ուրեմն նա կհասնի: Վերջ! 🙂

  • Der pokruc , erb harcnum ein te inch em erazum darnal,misht patsxans nuynn e xel… Modelavorox…
    Inch inch patcharnerov chavarteci haalsarann… Avli shut,misht vaxecel em xostovanel,vor vaxic durs eka,u hima el havats ch galis vor grum em ,im vaxi masin….vor karox ei lav ardyunkeri hasnel.bolor dasaxosnerics misht govasankner em stacel,bayc…
    Arden erord tarin e durs em ekel hamalsaranic,bayc amen or ayd nkarelu cankutyuns xexdum e indz. Dasaxosnerics mekn misht asum er,vor ete tvyal pahin matit chka motnerd,achkerov nkarek. Erek tari e achkerov em nkarum. Hima arden mtacum em krkin nkarel.es indz liarzhek em zgum,erb vrdzins dzerkis e.
    Pox em havakel,uzumem molbert gnem indz hamar,nerkers bolorn pahel em srbi pes. Erb amusnaca,champrukis mej arajinn im nerkern ei texavorel. Chem nkarum,bayc tox im koxkin linen,ayd entagitakcutyamb berel e hets Moskva.
    Misht lsem em,vor nkarichnern zhamanak chen kaoxanum hatkacnel irenc @ntanikin.bayc shat em mtacum,u vor zhamanaks planavorum em shat el lav karoxem zhamanak gtnel te nkarelun te @ntanikis.
    Namanavand vor axjiks amen or kriv e anum nkarelu hamar:) karox enk irara het karel:)
    Kyankn indz shat e apacucel,vor karox em amen inchi hasnel.u nuynisk indz chanaparhn el e cuyc tvel.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»