«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես հաղթահարել հոգնածությունը

Հաճախ մենք բոլորս էլ մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հոգնում ենք: Դա կարող է լինել օրվա վերջում կամ դա կարող է երկար ժամանակ մնալ աննկատ, բայց մի օր զարթնենք և տեսնենք, որ մեզ մոտ արդեն գերհոգնած վիճակ է և մենք այլևս չենք կարողանում աշխատել նույն առույգությամբ և թարմությամբ, ինչպես նախկինում: Այս հոդվածում ես չեմ տա մասնագիտական խորհուրդներ` ինչպես ազատվել հոգնածությունից կամ ինչ է հոգնածությունը, որովհետև ես դրա մասնագետը չեմ: Ես միայն կխոսեմ այն մասին, թե ինչպես եմ ինքս դա անում, ինչ եմ զգացել իմ փորձից և ինչն է իմ համար եղել արդյունավետ:

Այն, որ հաճախ մենք ֆիզիկական ծանր աշխատանք չենք կատարում, բայց հոգնում ենք, դա փաստ է: Օրինակ, շատ գրասենյակային աշխատողներ օրվա վերջում իրենց զգում են այնպես հոգնած, թուլացած և հյուծված, որ կարծես ամբողջ օրվա ընթացքում իրենց ուսերին բեռ են կրել: Բայց չէ՞ որ նրանք ամբողջ օրը նստած են եղել:

Նման դեպքերում հոգնածության պատճառները մտավոր են: Բայց պատճառն այն չի, որ մարդը հոգնում է մտածելուց: Օրինակ, հիշեք ձեզ: Երբ դուք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ ինչ-որ գործ եք անում, ապա կարող են անցնել ժամեր և դուք ոչ մի հոգնածություն էլ չզգաք, նույնիսկ եթե ձեր աշխատանքը շատ ծանրաբեռնված է: Կամ, եթե ինչ-որ հոգնածություն էլ զգաք, ապա դա կլինի այն հաճելի, թեթև հոգնածությունը, որն օրինակ զգում ես մարզասրահում մարզվելուց հետո: Բայց ընդհանուր առմամբ` դու չես կորցնում քո առույգությունն ու կյանքի ռիթմը:

Իսկ հոգնածության պատճառը ոչ թե մտածելն է, այլ հոգեկան ապրումները: Եթե օրվա ընթացքում դուք ինչ-որ մեկի հետ վիճում եք, ապա այդ մտածմունքներից և արդյունքում առաջացած սթրեսից դուք կարող եք հոգնել: Եթե դուք երկար ժամանակ անելու ոչինչ չեք գտնում, ապա այդ ձանձրույթից և անօգտակար լինելու զգացումից դուք կարող եք հոգնել: Եթե ձեզ վիրավորել են կամ ինչ-որ կարևոր բանի եք պատրաստվում, ապա այդ վիրավորվածությունից և անհանգստությունից դուք կարող եք հոգնել: Հիշեք, հոգնածություն առաջացնում է ոչ թե մտավոր աշխատանքը, այլ ձեր ապրումները: Եթե ձեր առօրյայում դուք փորձեք քիչ ապրումներ ունենալ, ամեն ինչին շատ լուրջ չմոտենալ, աշխատանքը հաճույքով անել, ընթացքում լիցքաթափվել, ապա օրվա վերջում կլինեք նույնքան առույգ, որքան օրվա սկզբում: Իսկ եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնեք հանգստանալու, և ընթացքում էլ հանգստյան օրերին հաճախ լիցքաթափվեք, ապա դուք երբեք էլ չեք հոգնի:

Իսկ դրանով դուք հոգ կտանեք ձեր առողջության մասին, քանի որ պարբերաբար հոգնածությունից, սթրեսներից և դեպրեսիոն վիճակներից մարդու մոտ տարբեր հիվանդություններ կարող են առաջ գալ և առաջին հերթին` կապված նյարդային համակարգի հետ: Որպեսզի խուսափեք դրանից, թեթև ապրեք և այն, ինչ անում եք, արեք հաճույքով, ինչ էլ որ դա լինի: Օրվա ընթացքում փորձեք չլարվել, ամեն ինչի մեջ խաղ տեսեք, նույնիսկ շատ լուրջ գործերի: Ուրախ եղեք, վատ բաների մասին մի մտածեք, խնդիրների վրա մի կենտրոնացեք, միաժամանակ մի փորձեք մի քանի բան անել և դուք երբեք էլ չեք հոգնի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

  • Միանշանակ օրվա ընթացքում ապրումներն ամենամեծ չափաբաժինն ունեն հոգնածության մեջ,լրիվ համամիտ եմ Ձեր հետ Լուկա ջան…շատ լավ խորհուրդներ էին……բայց նաև այնպես է պատահում,որ հոգնում ես նաև,օրինակ մի քանի գերծանրաբեռնված շաբաթներից հետո..իմ հետ համենայն դեպս պատահում է…նման դեպքերում,երբ գերհոգնածություն եք զգում, ես խորհուրդ կտայի լրիվ մի կողմ դնել բոլոր գործերը և մեկ ամբողջական օր տրամադրեք ինքներդ Ձեզ..կարող եք այդ օր շատ ուշ արթնանալ, այդ օր թույլատրեք ինքներդ Ձեզ ծուլանալ…հանդիպեք ընկերների ,բարեկամների հետ..ընկերների հետ մի տեղ գնացեք,…կարելի է նաև ակտիվ հանգիստ կազմակերպել….իսկ երեկոյան ,անպայման մտածեք,թե ինչի համար եք դուք աշխատում,վերհիշեք Ձեր նպատակները,դրան հասնելու միջոցները, հիշեք ,թե ինչի համար է Ձեր գործադրած ամբողջ ջանքը կատարվում..առավոտյան ,կարծում եմ, կարթնանաք լավ հանգստացած և աշխատելու մեծ ցանկությամբ…..

    • Հա Lara ջան, “երբեք չեք հոգնի”-ն հաստատ չափազանցրել էի 🙂 Իհարկե եթե ծանրաբեռնված շաբաթներով գործ անենք, կհոգնենք: Ուղղակի պահն այն է, որ պետք է թույլ չտալ, որ նման գերծանրաբեռնված շաբաթներ լինեն, ընթացքում պետք է անընդհատ լիցքաթափվել:

      Չնայած ես ասում եմ սա, բայց իմ մոտ չի ստացվում 🙂 Երևի ավելի շուտ ինքս ինձ էլ եմ ասում 🙂 Եթե գործերը շատ են, շատ դժվար է ստիպել քեզ հանգստանալ, մտածում ես՝ բա գործերը: Երևի պիտի գիտակցենք, որ հանգստանալուց հետո ավելի արդյունավետ ու շատ գործ կարող ենք անել ու այդ պատճառով ընթացքում անընդհատ պետք է հանգստանանք:

      • հա,շատ լավ հասկանում եմ Ձեզ Լուկա ջան ։) ոչ միայն այս պարագայում,այլ գրեթե միշտ,երբ ինչ-որ բան եմ գրում,երևի առաջին հերթին ինձ համար եմ գրում,որ ինքս ինձ այդպես համոզեմ ճիշտ վարվել,հետևել իմ այդ մտքերին։) բայց հանգստանալը շատ կարևոր է, հանգստանալուց հետո միշտ էլ ավելի լավ է ստացվում աշխատել…կարծում եմ հոգնածը մարդը 1 շաբաթում հազիվ այնքան բան կանի ,որքան հանգստացած մարդը 1օրում.. կարող ենք հիշել միայն Ռիչարդ Բռենսոնին,թե ինչպես է նա կարևորում հանգիստը..և որքան լավ գաղափարներ են նրա մոտ առաջացել հանգստի ընթացքում….

    • Հա Vanuhi ջան 🙂 եթե ինչ-որ թեմա կա, որ շատ ա հետաքրքրում, պատվիրում եք և ինչ-որ ժամանակ անց հոդվածը գրում ենք.. 🙂

  • Շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու օր հանգստանալն անհրաժեշտ է ոչ միայն առողջության տեսակետից, այլև աշխատանքի արդյունավետության, քանի որ հնարավոր չէ առանց հանգստանալու և ուժերը վերականգնելու հասնել առավելագույն արդյունքի: Շաբաթվա ընթացքում` կախված աշխատանքիս ծավալից հաճախ եմ ուշ վերջացնում, սակայն շաբաթ և կիրակի օրերին անպայման հանգստանում եմ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»