« »

Կորա՞ծ, թե՞ հանրաճանաչ մարդ

Ես և նա

Հոդվածի միտքը ծնվեց, երբ կարդում էի Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (եթե չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ): Պատմվածքը պատմում է երկու տարբեր երիտասարդների մասին: Բայց նրանց մի փաստ էր միավորում. երկուսն էլ տառապում էին սիրո մերժումից: Երկուսին էլ տանջում էր սրտի սուր ցավը: Բայց նրանք տարբեր ձևով օգտագործեցին իրենց սրտի կսկիծը. առաջին հերոսը կորցրեց ամեն ինչ, կործանեց իր կյանքն ու բոլոր նպատակները և վերջապես դարձավ արբեցող, իսկ երկրորդը, ցավը դարձնելով իր համար մղիչ ուժ, բարձրացավ, բարձրացավ և դարձավ հանրաճանաչ: Սակայն, ինչպես հետո մտորում է առաջին հերոսը, դժբախտ սերը անկման պատճառ չէր կարող լինել, այն կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդուն: Բուն պատճառը թաքնված է մարդու մեջ, և դրա լավագույն օրինակը երկրորդ հերոսն է և նրա հասած հաջողությունները: Այսպիսով` երկու մարդիկ, նույն իրավիճակը, բայց տարբեր արդյունքներ. առաջինը դարձավ կորած մարդ, երկրորդը` հանրաճանաչ:

Այսպես է նաև մեր կյանքում: Մենք ինքներս կարող ենք որոշել, թե յուրաքանչյուր ցավ, անհաջողություն կոչնչացնի մեզ, թե ավելի ուժեղ կդարձնի, ավելի նպատակասլաց: Որովհետև ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել: Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Իհարկե, շատ հեշտ է թուլանալ, տրվել հոսանքին, լինել բոլորի խղճահարության կենտրոնում. դա ջանքեր չի պահանջում: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Բայց այս դեպքում պետք չէ սպասել մեծ արդյունքների: Այն, ինչ չի պահանջում մեծ ջանքեր, չի տալիս նաև մեծ արդյունքներ: Բայց մի քիչ ավելի բարդ է բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրանալ, բարձրանալ, անվերջ բարձրանալ: Ընտրությունը կախված է մեզանից: Մենք ենք ընտրում դառնալ կորած մարդ, թե հանրաճանաչ, հաջողակ, թե դժբախտ:

Յուրաքանչյուր անհաջողության հանդիպելիս տվեք Ձեզ այս հարցը, թե դուք ի՞նչ եք ընտրում դառնալ: Եվ միշտ հիշեք, մենք պետք է մեր թույլ կողմերը, մեր դժվարությունները դարձնենք մեր զենքը: Մտածեք, որոնք են ձեր թույլ կողմերը: Օրինակ, միգուցե դուք բավարար գումար չունեք, և այդ պատճառով որևէ գործ չեք ձեռնարկում: Օգտագործեք Ձեր այդ թույլ կողմը և գործ սկսեք, որովհետև դուք բավարար գումար չունեք: Կամ ինչպես պատմվածքում էր, ոչ թե կործանվեք, քանի որ դժբախտ սեր եք ունեցել, այլ ավելի բարձրացեք: Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել: Ես բերեցի շատ պարզագույն օրինակներ, մտածեք, և կարծում եմ` դուք ինքներդ կգտնեք Ձեր թույլ կողմերը: Իսկ գտնելուց հետո ոչ թե թույլ տվեք դրանց խանգարել Ձեզ, այլ դարձրեք Ձեզ համար մղիչ ուժ:

The following two tabs change content below.

Lara

Վերջին հոդվածները: Lara (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


10 մեկնաբանություն

  1. Lara ջան մերսի լավ հոդվածի համար: Ես “Ես և նա”-ն չեմ կարդացել, չեմ էլ կարծում, որ մոտակա ժամանակներս կստացվի կարդալ, բայց փաստորեն դրա հիմքում շատ ուսուցողական պատմություն է ընկած:

  2. Լարա ջան հրաշք պատմվածքի հրաշք վերլուծություն 🙂
    Շնորհակալություն

  3. Պատմվածքը կարդացել եմ 8-9րդ դասարանում,իրոք հիանալի պատմություն է:Շնորհակալություն հոդվածի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»