Մտորումներ

Մարդիկ և հերոսները

Մարդիկ հերոսներ չեն ծնվում, բայց այդպիսին լինելու ձգտումը միայն բավական է, որպեսզի դարձնի նրանց հերոսներ: Նրանք գնահատում են ժամանակը, որի թելադրանքին են ենթարկվում տիեզերքի բոլոր ուժերը: Նրանք չեն վերադարձնում ժամանակը, սակայն զգույշ են այն վատնելիս: Հերոսները չեն կառչում անցյալից, քանզի համոզված են, որ ապագան լավ է լինելու:
Երբեմն մարդկանց այցելում է մենակությունը, որը մեծ ու լի աշխարհի դատարկությունն է: Հերոսները չեն դիմանում մենակությանը, այլ փորձում են չլքել իրենց նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե ողջ աշխարհն է լքել: Մարդիկ վհատվում են խնդիրներից, որոնք կյանքի փշերն են: Հերոսները խնդիրներ լուծելու փոխարեն, փորձում են դրանք չստեղծել: Կյանքի դժվարությունները հաղթահարելու փոխարեն, հաճախ նրա համար իրենք են դառնում անհաղթահարելի դժվարություն:

Կյանքում հաջողությունը միշտ գտնվում է փակ դռների ետեւում: Հերոսները չեն թակում փակ դռներ, այլ իրենք են փորձում բացել դրանք: Հերոսները ջրի վրա չեն քայլում, կամ նժույգին նստած, վազում ամպերի միջով: Նրանք պարզապես կարողանում են անցնել երկրի անծանոթ ու վտանգավոր ուղիներով: Հերոսները չեն վախենում անգամ մահից, քանի որ հաղթահարել են վախը կյանքի հանդեպ: Մարդկանց ապրեցնում է հավատը, որը կյանքի աղն է: Հերոսներն իրենք են կյանք տալիս հավատին: Մարդիկ ունենում են ծանր օրեր, որոնք ժամանակի անհանգիստ շնչառությունից պոկված թելերն են: Հերոսները չեն սպասում անհաջող օրվա ավարտին, այլ կարողանում են փոխել նրա ընթացքը: Հերոսները մտահոգված չեն վաղվա համար, քանի որ միշտ վստահ են իրենց այսօրվան: Նրանք քաջ գիտեն, թե ինչ է տառապանքը, սակայն չեն խուսափում նրանից, որը երջանկության ձգտող մարդու բողոքն է, ուղղված կյանքին: Հերոսները երջանիկ են, անկախ ամեն ինչից, քանի որ կյանքի հանգամանքներն են կախված իրենց երջանկությունից:

Կան մարդիկ, ովքեր հանուն իրենց գոյության, պատրաստ են ոչնչացնել շատերի: Մինչդեռ հերոսներն իրենք են զոհաբերում իրենց, հանուն հազարավոր մարդկանց: Դրանում է նրանց մարդկային վեհությունը: Աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի կառուցելու ինչ-որ բան: Հերոսները պատրաստ են կառուցել հազար անգամ, գիտակցելով, որ այն, ինչ ստեղծվում է, կարող է մի օր ենթարկվել ավերման: Հերոսները սիրում են կյանքը, սակայն միշտ ատելի են թույլերի համար: Կյանքը չի հանդուրժում իրեն ընդդիմացողներին, սակայն հերոսներն ընդդիմանում են նրան, հանուն խաղաղության:

Հուսահատված ու անզոր մարդը սկսում է մտածել ճակատագրի մասին, որը նրա զիջման պատասխանն է կյանքին: Հերոսները իրենց ուժեղ կողմերին են ենթարկում հանձնվելու կամքը, որը մարդու, բնությունից ստացած, ամենավատ հատկությունն է:

Այնտեղ, ուր ցուրտն ու սարսափն է, որտեղից մարդիկ փախչում են խուճապահար, հայտնվում են նրանք, հերոսները: Այդ պատճառով էլ նրանց ճանապարհն ազատ է: Նրանք ասում են այն, ինչի մասին մյուսները չեն համարձակվում անգամ մտածել: Ամեն մարդու, ի սկզբանե, վիճակված է հասնել հաջողության, որն սպասում է իրեն: Հերոսները կարողանում են հասնել նրան: Մարդիկ ապրում են երազներով, որոնք երեւակայության գույներն են: Հերոսները շունչ են տալիս իրենց երազներին:

Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է իր հերոսը: Սակայն մի շատ կարեւոր տարբերությամբ. կյանքում, ինչպես ֆիլմերում, լինում են գլխավոր ու երկրորդական հերոսներ: Հաջողակները, անցնելով բազում փորձությունների միջով եւ փոխելով աշխարհը, դառնում են կյանքի գլխավոր հերոսները:

Ցավոք, նրանք քիչ են: Անկախ ամեն ինչից. ձգտենք կյանքում լինել գլխավոր հերոսներ:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»