Անձնային աճ

Գիրք` գիտելիքի հավերժ աղբյուր

Գիրքը մարդկության լավագույն ստեղծածներից է: Դրա միջոցով մենք դարեր շարունակ փոխանցում ենք մեր գիտելիքները հաջորդ սերունդներին: Եթե չլիներ գիրքը, ամեն դարաշրջան նոր Նյուտոն, Շեքսպիր և Էնշտեյն պետք է ունենար: Գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլ կողմնորոշվում, որը կարդալ: Հաճախ ժամանակն էլ չի հերիքում գիրք կարդալու համար: Շատերը նույնիսկ երազում են այնքան ժամանակ ունենալ, որ աշխարհի բոլոր գրքերը կարդան: Լավ… ոչ բոլորը, միայն հետաքրքիրներն ու օգտակարները 🙂 Ամեն դեպքում, երազել պետք չէ, և անկախ նրանից, թե որքան զբաղված եք դուք լինում, միշտ էլ ժամանակ գտեք գիրք կարդալու համար: Բայց դա իհարկե այն դեպքում, եթե դուք ուզում եք անձնային աճ ունենալ:

Ի՞նչ է տալիս գիրքը

Գիրքը տալիս է գիտելիք: Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում է նրա աշխարհայացքը: Մարդու համար գիրքը ժամանակը լավագույնս օգտագործելու հնարավորություն է: Այն մարդիկ, որոնք պարապ են և օրվա ընթացքում անելիք առանձնապես չունեն, կարող են փոխել իրենց կյանքը միայն գիրք կարդալով: Չի կարող մարդն անընդհատ կարդալ-կարդալ և նրա մոտ ոչինչ չփոխվի: Իսկ եթե չի փոխվում, ուրեմն դա նրանից է, թե ինչ գրքեր է նա կարդում:

Ի՞նչ գրքեր կարդալ

Որպեսզի հասկանաք, թե ինչ գրքեր կարդալ, նախ հասկացեք, թե ինչի համար եք ուզում դրանք կարդալ: Եթե ուզում եք ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել ու հանգստանալ, կարդացեք գեղարվեստական գրքեր: Եթե ուզում եք նոր բարձունքների հասնել մասնագիտության մեջ, կարդացեք մասնագիտական գրքեր: Եթե ուզում եք հասնել ֆինանսական անկախության, կարդացեք գրքեր ֆինանսների մասին: Հիշեք` դուք ստանում եք այն, ինչ կարդում եք:

Թղթե, թե՞ էլեկտրոնային

21-րդ դար… ինտերնետ… էլեկտրոնային գրքեր: Էլեկտրոնային գրքերն այսօր շատ տարածված են: Կան երկրներ, որտեղ ավելի շատ գնվում են գրքերի էլեկտրոնային, քան դրանց թղթե տարբերակները: Էլեկտրոնային գիրքն իհարկե չունի թղթի հոտը, որն ունեն սովորական գրքերը: Դրանք չես կարող շոշափել, թերթել և էջանիշ դնել, ինչպես մենք դա անում էինք դպրոցում: Բայց էլեկտրոնայինը նույնպես ունի մի շարք առավելություններ: Նախ, դրանք հնարավոր է անվճար գտնել, հնարավոր է վայրկյաններում գտնել ինչ-որ գիրք աշխարհի մյուս ծայրում, հնարավոր է մեկ համակարգչում հազարավոր գրքեր պահել և հեշտությամբ դրանք տեղափոխել: Իսկ թե ինչպիսի գրքեր կարդալ, որոշեք ինքներդ: Օրինակ, էլեկտրոնային գրքերը կարդալուց շատ մարդկանց աչքերը հոգնում են և նրանք չեն կարողանում երկար կարդալ: Այդ պատճառով, որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, թղթից ավանդական տարբերակը շատերի մոտ մնում է առաջնայինը: Բայց եթե դուք նման խնդիր չունեք, ապա հանգիստ կարող եք կարդալ նաև էլեկտրոնային գրքեր, վերջիվերջո կարևորը բովանդակությունն է:

Իսկ ի՞նչ գրքեր եք դուք նախընտրում, թղթե, թե՞ էլեկտրոնային:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

20 մեկնաբանություն

  • Բնականաբար թղթե գրքին ոչ մի այլընտրանք չի փոխարինի, բայց կարևորը կարծում եմ այստեղ գիրք կարդալն է, լինի դա էլեկտրոնային, թե թղթե:

  • Իսկապես Լուկա ջան, ոչ մի առարկություն չունեմ: Շատ հաճելի է կարդալ հատկապես հին, մաշված գրքերը: Նման գրքերը միշտ էլ խորը տպավություն են թողնում:

  • Կարդալու ժամանակ անհրաժեշտ է կենտրոնանալ ստեղծագործության բովանդակության վրա, ուշադրությունը չշեղելով արտաքին առարկաների վրա: Այս հմտությունը շատ օգտակար է ցանկացած այլ գործունեությունում: Գիրք կարդալը նաև զարգացնում է օբյեկտիվությունը և կշռադատված որոշումներ կայացնելու կարողությունը:

  • Իհարկե, թղթե գիրքն ունի իր անփոխարինելի նշանակությունը, բայց եկեք չթերագնահատենք նաև էլեկտրոնային գրքի դերը: Ինձ համար, օրինակ, վերջին տարիների առավել հարմար է եղել գրքերը կարդալ էլ. տարբերակով: Երբ ուշադրությունդ սևերվում է բովանդակության ու միմիայն գրքի վրա, հեռախոսով կարդալն էլ է նույնիսկ դառնում հարմար, հետագայում նաև սովորություն, ընդ որում վերջին դեպքում կարող ես կարդալ` ամեն հարմար առիթ օգտագործելով այն դեպքում, երբ գիրքն ամենուր չես կարող հետդ վերցնել…
    Շնորհակալություն հեղինակին գրառման թեմայի ու ակտուալ տարբերակներ ներկայացնելու համար… )))

    • Հասմիկ ջան, լրիվ համաձայն եմ, էլեկտրոնային զարգացման ժամանակաշրջանում էլեկտրոնային գրքերը անտեսել լրիվ տեղին չէ: Եթե չլինի աչքերը հոգնելու պահը (որ երկար չես կարողանում կարդալ) ընդհանրապես տարբերություն չկա: Օրինակ ես ավելի շատ կարդում եմ էլեկտրոնային, չնայած սիրում եմ թղթային, բայց եթե այդ պահին ձեռքիդ տակ թղթային չկա, ինչ անես 🙂

  • Ես էլ նախընտրում եմ թղթե տարբերակը: Սակայն կան գրքեր, որոնք միայն էլեկտրոնային տարբերակով կարող եմ գտնել:

  • Ես լավ այլընտրանք եմ գտել թղթե գրքերին. Kindle պլանշետը: Դե իհարկե լիովին չի փոխարինի գրքիս, սակայն գոնե աչքերը չեն հոգնում և կարելի է պահել հարմար հետավորության վրա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»