Հաջողության գաղտնիքներ

Նպատակի համար ժամկետ դրեք

Գիտե՞ք ինչով է տարբերվում երազանքը նպատակից: Երազանքը ընդհանուր է, այսինքն դու ինչ-որ բանի մասին երազում ես, բայց նույնիսկ չգիտես, դա կիրականանա, թե ոչ: Այսինքն, դու համոզված ես, որ կիրականանա, բայց ե՞րբ: Չկա ժամկետ և չկան կոնկրետ գործողություններ: Երազանքը միայն քո գլխում է, քո երևակայության մեջ: Իսկ նպատակն ավելի կոնկրետ է: Դու որոշում ես ինչ-որ բան անել, քո առջև ժամկետ ես դնում և կոնկրետ գործողությունների ես անցնում: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ ժամկետը շատ կարևոր է: Երբ ժամկետ չկա, դու նպատակիդ այնպես լուրջ չես մոտենում, ինչպես այն ժամանակ, երբ ժամկետ կա, քանի որ մտածում ես. «այդքան ժամանակ կա, դեռ կհասցնեմ»: Միգուցե և հասցնեք, բայց ե՞րբ:

Այն նպատակները, որոնց համար ես ժամկետներ չեմ սահմանել, միշտ հետաձգվել են, իսկ շատերը նույնիսկ մոռացվել: Ժամկետի իմաստն այն չէ, որ նպատակդ պարտադիր մինչև ժամկետի վերջ հասցնես և եթե հանկարծ չհասցրեցիր, ուրեմն վերջ, ամեն ինչ կորած է: Ոչ: Շատ հնարավոր է լինի այնպես, որ դուք ժամկետի մեջ չտեղավորվեք, չէ որ շատ դժվար է գործի ժամանակը նախապես գնահատել: Բայց երբ դուք Ձեր առջև ժամկետներ եք դնում, դա անընդհատ հիշեցնում է Ձեզ, որ դուք նպատակ ունեք և ժամանակը մոտենում է: Եվ դա ստիպում է Ձեզ ավելի ու ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այնպես չէ, որ դուք սկսում եք վազել, ուղղակի դա Ձեզ սթափ է պահում, չի թողնում ուշադրությունը շեղել և կենտրոնացնում է Ձեզ Ձեր նպատակի վրա:

Կարող եմ մի խորհուրդ տալ, ինչպես միշտ հիշել նպատակի մասին: Ձեր անկողնու դիմացի պատին, որտեղ դուք քնում եք, ամրացրեք թուղթ, որի վրա մեծ տառերով գրեք Ձեր նպատակն ու դրա ժամկետը: Ուզեք թե չուզեք, դուք տեսնելու եք այն ամեն երեկո քնելուց առաջ և ամեն առավոտ զարթնելուց հետո: Դա անընդհատ կհիշեցնի Ձեզ, որ դուք նպատակներ ունեք: Այս պահին իմ դիմացի պատին երեք թուղթ է ամրացված, որի վրա երեք նպատակ է գրված` մինչև մայիսի վերջ, մինչև հունիսի վերջ և մինչև հուլիսի վերջ: Եվ դա ինձ ստիպում է ավելի զգոն լինել և ավելի լուրջ գործողությունների դիմել: Իսկ եթե այդ ժամկետները չլինեին, մայիսի նպատակը ես միգուցե իրականացնեի օգոստոսին: Այսինքն, վերջիվերջո դու դրան հասնում ես, բայց ժամանակն էլ անցնում է: Այնպես որ, եթե ուզում եք ավելի արդյունավետ գործել և ավելի շատ նպատակների հասնել, որոշեք Ձեր նպատակների համար ժամկետներ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Սիրելի ”Հաջողության Բլոգ”, չեք պատկերացնի, թե ինչ անհամբերությամբ եմ սպասում ձեր հերթական հոդվածին: Յուրաքանչյուր անգամ սկսում եմ առավել արդյունավետ օգտագործել իմ ժամանակը: Անչափ շնորհակալ եմ, որ արթնացրեցիք իմ մեջ եղած բոլոր քնած նպատակները:
    Վստահ ասում եմ, որ ձեր բլոգի առաքելույունն անգնահատելի է մեզ համար:
    Շնորհակալություն:

    • Հռիփսիմե ջան խնդրեմ, Ձեր մեկնաբանություններն ու նման խոսքերն էլ անգնահատելի են մեզ համար: Ինչքան մենք ենք փորձում ձեզ մոտիվացնել, այնքան էլ դուք եք մեզ մոտիվացնում:

  • Ես նույնպես մեծ հաճույքով և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ձեր բոլոր հոդվածները, որոնք ինձ ոգևորում, ուժ են տալիս, օգնում են խելացի կերպով հաղթահարել նպատակիս հասնելու ճանապարհին բոլոր խոչընդոտները:
    Դրա համար ես շատ շնորհակալ եմ, Դուք մեծ գործ եք կատարում՝ օգնելով մարդկանց գտնել իրենց արժանի տեղը կյանքում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»