«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Կամքի ուժ

Հեղինակ՝ Marine Amiryan

Կարելի է ասել, որ կամքի ուժը տվյալ գործողությանը նպատակաուղղված ջանքերն են, այնպիսի գործողության, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Չգիտես ինչու մտածում ենք, որ կամքի ուժ ունենալու համար հարկավոր է ինչ-որ մեծ կամ հատուկ գործողություն կատարել, որը ցույց կտա, թե որքան նպատակասլաց ենք և ինչպիսի կարևոր հաղթանակ ենք տանում, երբ կարողանում ենք հասնել բաղձալի նպատակին: Իսկ եթե չենք կարողանում այդ «կամքի ուժ» կոչվածի հետ «բարիդրացիական» հարաբերություններ պահպանել, ապա ինքներս մեզ  ենթարկում ենք հոգեբանական «կտտանքների»:

Գալիս է մի պահ, երբ սկսում ենք քննադատել մեզ, որ չենք կարողանում որևէ գործ ձեռնարկել և մեղադրում այն բանում, որ կամքի ուժ չունենք: Ասենք՝ ուզում ենք նիհարել, բայց չենք կարողանում անտարբեր մնալ քաղցրեղենի նկատմամբ, սկսում ենք բարկանալ, մեր ինքնագնահատականն է ընկնում, բայց մի բան պարզ է, որ այդ ցանկությունը այնքան էլ ուժգին չէ, այն չի բխում մեր հոգուց, և դա արհեստականորեն են մեր մեջ մտցրել: Ասենք՝ ձեր ընկերուհին նշում է, որ գիրացել եք, մեկ ուրիշը դիտողություն է անում, որ այս զգեստը ձեզ չի սազում և այլն: Փաստորեն դուք դառնում եք մի կպչուն մտքի գերին և կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ է նիհարել: Այն, ինչն իրոք ձեզ հարկավոր է կամ ինչն իսկապես ինքներդ եք ուզում, դա ձեզանից առանձնապես ջանքեր չի պահանջում: Եթե ձեր լավ ինքնազգացողությունը պայմանավորված լիներ ձեր քաշի անկմամբ, ապա դուք առանց որևէ խնդրի կհրաժարվեիք այն ամենից, ինչը ձեզ խանգարում է:

Եթե դուք չեք սիրում սովորել, ապա դա չի նշանակում, որ կամքի ուժ չունեք և որ մյուսները ձեզանից ավելի նպատակասլաց են: Նույն կերպ դուք կարող եք չսիրել գրասենյակային աշխատանքը, բայց ձեր շրջապատում տեխնիկա վերանորոգելու մեջ հավասար մրցակից չունենաք: Եթե ամեն օր հիասթափվում եք ինքներդ ձեզանից, որ չեք կարողանում առավոտ վաղ արթնանալ և մտածում եք, որ ալարկոտ եք ու անկայուն, ապա պատկերացրեք, որ ձեր սիրած զբաղմունքի, օրինակ՝ ձկնորսության համար պետք է առավոտյան գետի ափին լինել: Կտեսնեք, որ նույնիսկ գիշերը չեք քնի, ամեն ինչ կանեք, որ հասցնեք և ողջ օրն առույգ կլինեք: Այնպիսի հաստատակամությամբ ու համբերատարությամբ կսպասեք, որ կարթը ձուկ բռնի, այնինչ այլ ժամանակ և այլ իրադրությունում հաստատ նման արդյունքի չէիք կարող հասնել: Սա նշանակում է, որ այն, ինչը ձեր հոգուց է բխում և իսկապես ձերն է, դրա վրա կամային ուժ գործադրելու մասին խոսք լինել չի կարող: Այնպես որ սկսեք տարբերել կեղծ ցանկություններն իրական ցանկություններից:

Օրինակ՝ եթե որոշել եք գնալ արտասահման՝ մտածելով, որ հենց դա է ձեր նպատակը, ուր կկարողանաք ավելի լավ ապրել և հաջողությունների հասնել, մի պահ պատկերացրեք, որ ձեր ցանկությունը կատարվել է: Ի՞նչ զգացիք: Եթե բավարարվածության և ուրախության զգացում ձեր մեջ ծնվեց, ապա դա ձերն է, գնացեք: Եթե տարակուսանք կամ անհանգստություն զգացիք, ապա դա կեղծ, ձեզ ոչ հոգեհարազատ նպատակ է, որն ավելի շուտ ծնվել է ուրիշների հաջողութունները տեսնելու պատճառով:

Հաճախ նպատակին հասնելու համար հարկավոր է լինում զբաղվել ոչ հոգեհարազատ աշխատանքով կամ պարտավորություններով, ինչն անխուսափելի է: Այդ դեպքում ի՞նչ անել: Պարզապես կարելի է «կաշառել» ձեր ենթագիտակցությանը, համոզել, որ դա մեծ նպատակի համար եք կատարում և դա ժամանակավոր է: Ձեզ պարգևատրումներ խոստացեք և անպայման կատարեք:

Հեղինակի մասին

Marine Amiryan

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»