« »

Փող աշխատելու` ոչ փող ծախսելու հոգեբանություն

Փող աշխատելու սկզբունքը

Շատերը պատկերացում չունեն, թե ինչ բաներ են սոցիալիզմը, կոմունիզմը և կապիտալիզմը: Դրանք այն 3 բաներն են, որոնք հարկավոր է իմանա ամեն մի փող աշխատել ցանկացող մարդ, որովհետև դրանք իմանալուց և տարբերելուց հետո է միայն, որ մարդու աչքերն այնքան լայն են բացվում, որ նա փող աշխատելու հոգեբանություն է ձեռք բերում: Ուրեմն հետևյալ տողերն արժե լայն բացված աչքերով կարդալ:

Սոցիալիզմը գաղափարախոսություն է, որն ուղղված է հասարակության մեջ սոցիալապես հավասարություն հաստատելուն: Սոցիալիզմը չի ընդունում մասնավոր սեփականությունը: Այն, ինչ կա սոցիալիստական պետությունում, դրա նկատմամբ գրեթե հավասար իրավունքներ ունեն տվյալ սոցիալիստական պետության բոլոր քաղաքացիները: Սոցիալիստական պետությունում նույնպես քաղաքացին վարձատրություն է ստանում փողի տեսքով, որը տրվում է նրան անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

Կոմունիզմ

Սոցիալիզմը գնահատում է քաղաքացու աշխատանքը և ինչքան քաղաքացին շատ է աշխատում, այնքան բարձր է գնահատվում: Հետևապես, սոցիալիստական պետության քաղաքացին ինչքան շատ աշխատի, այնքան շատ փող կստանա, որն իրեն պետք է անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ինչքան շատ փող ունենա, այնքան շատ անհրաժեշտ ծախսեր կարող է իրեն թույլ տալ: Այստեղից էլ գալիս է սովետական հին ասացվածքը. «Ով աշխատի, նա կուտի»: Բայց սոցիալիզմը կատարյալ չէ, որովհետև սոցիալիստական պետությունում ապրող քաղաքացին դեռ կատարյալ չէ սոցիալիստական գաղափարախոսության տեսակետից: Սոցիալիզմը միայն ձգտում է կատարելության, իսկ կատարելությունն այդ տեսակետից կոմունիզմն է: Ըստ կոմունիստական գաղափարախոսության սոցիալապես հավասարությունն այնքան բարձր, այնքան կատարյալ աստիճանի է հասած, որ փող գոյություն չունի: Կոմունիստ քաղաքացին վարձատրություն չի ստանում փողի տեսքով: Նա աշխատում է, որպեսզի ստեղծի համապատասխան բարիք, որը հավասարապես բաժանվում է բոլոր քաղաքացիների միջև: Սակայն կոմունիզմն այդպես էլ ոչ մի երկրում չի հաստատվել: Եվ բոլոր այդպիսի վեհ գաղափարախոսությունների պես կոմունիզմն էլ զոհեր է պահանջում: Օրինակ, ԽՍՀՄ-ում ժողովրդին խոստացվել էր, որ նրանք կհասնեն կոմունիզմին (այսինքն` կատարելության), բայց միլիոնավոր մարդկային զոհեր տալուց հետո կոմունիզմ այդպես էլ չհաստատվեց:

Կապիտալիզմ

Այս երկու իրար հաջորդող, իրար լրացնող գաղափարախոսությունների լրիվ հակադարձ պատկերն է կապիտալիզմը: Կապիտալիստական երկրի քաղաքացին ունի սեփականության իրավունք: Կապիտալիստական երկրի քաղաքացին աշխատում է փողի համար, որն իրեն պետք է ոչ միայն անհրաժեշտ ծախսերը հոգալու, այլ նաև ուզած բաները գնելու համար, կամ այդ փողն էլ ավելի շատ փողի վերածելու համար: Հաճախ կապիտալիզմի մասին մեծ պատկերացում ունեցող մարդիկ շատ քիչ են աշխատում, բայց շատ փող են վաստակում, որովհետև օգտվում են այն հնարավորություններից, որն ընձեռում է կապիտալիզմը: Կապիտալիզմը պայմաններ է առաջարկում, որոնց համաձայն երբեք չի կարող լինել սոցիալապես հավասարություն: Հետևապես կան և հարուստներ, և միջին դասի մարդիկ, և աղքատներ: Եթե դուք ուզում եք հարստանալ, ուրեմն դուք պետք է կապիտալիստ լինեք, կապիտալիստն էլ իր հերրթին, ինչպես տեսաք, աշխատում է փող ստանալու համար, իսկ ամենալավ կապիտալիստները չեն աշխատում, բայց շատ փող են ստանում: Ինչպե՞ս են նրանք կարողանում չաշխատելով շատ փող ստանալ: Որովհետև նրանք օգտվում են կապիտալիզմի ընձեռած հնարավորություններից:

Այն, ինչ պետք է անել փող աշխատելու հոգեբանություն ձեռք բերելու համար, իմանալով և տարբերելով այս 3 բաները՝ դա կապիտալիստի մտածելակերպ ունենալն է: Պետք է սոցիալիստի պես եռանդով աշխատել, ոչ մի դեպքում կոմունիստի պես չաշխատել միայն հասարակության համար բարիք ստեղծելու նպատակով և օգտվելով կապիտալիզմի հնարավորություններից` փողը չծախսել, այլ ավելի շատ փողի վերածել:

Մի դարձեք ծախսերի գերին

Եթե դուք աշխատավարձ եք ստանում, դա դեռ չի նշանակում, որ դուք փող եք աշխատում: Դա նշանակում է, որ դուք աշխատավարձ եք ստանում փողի տեսքով: Նույն հաջողությամբ դուք աշխատավարձ կարող էիք ստանալ ապրանքի տեսքով, սակայն դա այնքան էլ տարածված չէ: Բայց, եթե ձեր աշխատավարձը ստանում եք փողի տեսքով, ապա մի պահ մտածեք, թե ինչ եք անում այդ գումարը և ուրիշ էլ ինչ կարող էիք անել: Եթե դուք այդ փողը շտապում եք ծախսել, ապա դուք չեք գտնվում փող աշխատելու ճանապարհին, որովհետև փող աշխատելը ծախսելուց շատ է տարբերվում: Փող ծախսելու ճանապարհին գտնվող մարդու ֆինանսական դրությունը չի լավացնի ոչ աշխատավարձի բարձրացումը, ոչ էլ միլիոնավոր դոլարների առկայությունը: Իսկապես, եթե դուք գիտեք միայն ծախսել, ապա 1 000 000$  ունենալու դեպքում ի՞նչ կանեիք: Երևի` կծախսեիք: Ավելին, 1 000 000$ ծախսելուց հետո դուք այնքան մեծ պահանջներ կունենայիք, որ ձեզ 2 000 000$ հարկավոր կլիներ ձեր ծախսերը հոգալու համար: Եթե դուք չեք ուզում այդ ահռելի ծախսերի գերին դառնալ, ապա մտածեք, թե ուրիշ էլ ինչ կարող էիք անել փողի հետ: Փողը 2 հատկություն ունի` մեկը վատ, մյուսը լավ: Դրանք են ծախսվելու և ավելի շատ փողի վերածվելու հատկությունները:

Մարդիկ կան, ովքեր առաջ չէին աշխատում և չէին էլ ծախսում, իսկ հիմա, երբ աշխատում են, ոգևորված ծախսում են, դեռ մի բան էլ սպասում են աշխատավարձի բարձրացմանը, որպեսզի ավելի շատ ծախսեր իրենց թույլ տան: Այդ մարդիկ փող չեն աշխատի քանի դեռ փողը նրանց պետք է միայն ծախսելու համար: Նրանք շտապում են մեքենա, նոր և թանկարժեք հագուստ գնելու, ուտելու խմելու, վատնելու… Երբ նրանք առաջվա պես աշխատանք չունենան, ապա լավագույն դեպքում չեն ծախսի, իսկ վատագույն դեպքում ահռելի պարտքեր կունենան երբեմնի վայելքների հիշատակին:  Շատերը կան, ովքեր ասում են, որ չեն կարող չծախսել և նրանք իրենց վրա ընդհանրապես չեն ծախսում, բայց իրենք ընտանիք ունեն, իսկ ընտանիք պահելը մեծ ծախսեր է պահանջում: Բայց նրանք կարող են այլ կերպ մտածել: Նրանք կարող են համարել, որ պարտավոր են չծախսել, քանի որ նրանք ընտանիք ունեն և ընտանիք պահելը մեծ ծախսեր է պահանջում: Նրանք պետք է ոչ թե ընտանիքի համար ծախսեն, այլ ընտանիքի համար տնտեսեն: Եթե իրենք ամեն ամիս իրենց վաստակած գումարը ծախսեն, ապա ինչ են անելու մի օր, երբ ծախսերը գերազանցեն ամսեկան վաստակած գումարը: Տվյալ դեպքում կարծես մնում է միայն աղոթելը, որ աշխատավարձն էլ համապատասխանաբար բարձրանա ծախսերի աճի հետ:

Հաճախ քիչ վաստակող մարդիկ, համեմատած իրենց եկամուտների, ավելի շատ են ծախսում, քան շատ վաստակող մարդիկ, որովհետև ճոխություններ կան, որոնց բացակայությունը իրենց արդեն անտանելի է դարձել: Երբ նրանց ձեռքը բարեբախտաբար փող է ընկնում, նրանք շտապում են ծախսել այն, փոխանակ` օգտվելով հնարավորությունից փորձեն եկամտաբեր ներդրումներ անել: Պետք է կարողանալ ծախսելու գայթակղությունից հրաժարվել:

Պետք չէ ընդհանրապես չծախսել, այլ պետք է նպատակային ծախսել: Եթե ձեր նպատակը ծախսելն է, ապա պարզապես ծախսեք ձեր ուզածի պես: Բայց, եթե ձեր նպատակը փող աշխատելն է, ապա նպատակային ծախսելը ձեր դեպքում կլինի այնպես ծախսել, որ այդ ծախսերը հետագայում եկամուտ բերեն: Դա շատ պարզ է և գրեթե բոլորը կարող են դա հասկանալ, բայց ոչ բոլորն են բավականաչափ ուշադրություն դարձնում նման մանրուքներին: Դա գալիս է նրանից, որ մարդիկ փողի մասին մտածելիս հաճախ պատկերացնում են, թե ինչ իրեր կամ հաճույքներ կարող էին դրանով գնել, այլ ոչ թե  ինչքան շատ փող կարող են փողով գնել: Շատ փող ունենալը խնդրի լուծում չէ, խնդրի լուծումը փողի ճիշտ տնօրինումն է: Եթե դուք չգիտեք, թե ինչպես ձեր ունեցած փողը ավելի շատ փողի վերածել, դա պատճառ չէ այն ծախսելու: Այդ դեպքում փորձեք սովորել, թե ինչպես պետք է դա անել:

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. Tntesaget ջան ընդհանրապես երկար հոդվածները դժվար են կարդացվում, բայց սա հաճույքով մինչև վերջ կարդացի: Թվում էր թե պարզ բաներ են, բայց որ կարդում ես՝ փող աշխատելու ներկայիս ազատությունը սկսում ես գնահատել:

  2. Հռիփսիմե says:

    Ես ել շատ հավանեցի:
    Այսօրվանից կաշխատեմ ինձ վրա:
    Ինչպես միշտ անգնահատելի ավանդ եք ներդնում, սիրելի հեղինակներ, շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»