Օգտակար խորհուրդներ

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ երեխաների համար

Եթե դուք ծնող եք, ապա հենց սկզբից ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր երեխան կարողանա շփվել իր հասակակիցների հետ: Բնավորության այն գծերը և սովորությունները, որոնք ձևավորվում են մարդու մոտ փոքր տարիքում, հետագայում դժվար է փոխել և հաճախ դրանք կարող են ազդեցություն թողնել մարդու ողջ կյանքի վրա:

Նախ, եթե ուզում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել, ապա արեք դա այնպես, որպեսզի երեխան իր համար «օգուտ տեսնի»: Մի ասեք նրան «հաճախ ժպտա, որովհետև մայրդ է այդպես ուզում», այլ ասեք «հաճախ ժպտա, քանի որ երբ ժպտում ես, դու ավելի գեղեցիկ ես»: Երբ երեխան կեղտոտ շորերով դպրոցից տուն է վերադառնում, մի ասեք «ինչո՞ւ ես կեղտոտել շորերդ, չէ՞ որ ես եմ լվանալու»: Ընդհանուր առմամբ, երեխան դեռ այդքան հասուն չէ, որ այդ ամենը հասկանա և նրա համար մեկ է, թե ով է լվանալու: Դրա փոխարեն ասեք «հարևանի աղջիկ Լիլիթին մայրը այգի է տանում, քանի որ նա միշտ մաքուր է ու կոկիկ»: Դրանից հետո նա ինքն էլ կուզի նմանվել Լիլիթին:

Սովորեցրեք ձեր երեխային օգնել այլ երեխաներին: Լավագույն միջոցը շփվելու մարդկանց հետ՝ նրանց օգնելն է: Երբ ձեր երեխան սկսի օգնել ուրիշներին, աստիճանաբար այդ ուրիշները կհավաքվեն նրա շուրջ: Սովորեցրեք երեխային ասել «ներողություն», երբ նա սխալվում է և «շնորհակալություն», երբ նրան օգնում են: Ինչպե՞ս անել դա: Դուք ինքներդ այդպես վարվեք նրա հետ: Երեխան սովորում է այն, ինչ տեսնում է: Երբեք մի բարկացեք ձեր երեխայի վրա: Բարկանալը ոչինչ չի լուծում, իսկ հաճախ էլ հետք է թողնում երեխայի հոգում, որը դուք չեք տեսնում և դա դրսևորվում է ավելի հասուն տարիքում: Երեխային այս կամ այն բանը անելու համար պետք է մոտիվացնել, այլ ոչ թե «ստիպել»:

Անընդհատ ասեք երեխային, որ իրեն սիրում եք: Արեք դա փոքր տարիքից, այլապես հետո դժվար կլինի: Խրախուսեք երեխային նոր ընկերներ ձեռք բերել: Թող երբեմն նա իր ընկերներին հրավիրի ձեր տուն: Եթե ուզում եք, որ երեխան ինչ-որ բան սովորի, նրա հետ դիտեք ֆիլմեր, որոնցից դա կարելի է սովորել: Ֆիլմերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի գիտակցության վրա: Եթե երեխան ամաչկոտ է, չի կարողանում շփվել մյուս երեխաների հետ կամ նրան նեղացնում են, մի անմոռանալի միջոցառում կազմակերպեք նրա ծննդյան օրը (ցանկալի է ոչ տանը) և բոլոր այդ երեխաներին հրավիրեք այդտեղ: Դրանից նա իրեն լավ կզգա, իսկ ընկերները կսկսեն ավելի գնահատել նրան: Որպես ամփոփում՝ որպեսզի երեխան իրեն լավ զգա, նա պետք է իրեն գնահատված զգա: Գնահատեք նրա ամենափոքր ձեռքբերումները և մի կենտրոնացեք նրա բացթողումների վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»