Հետաքրքիր է

Վասկո Դա Գամայի հաղթանակը

Վասկո Դա Գաման պորտուգալացի ծովագնաց է: Նա առաջին եվրոպացին էր, ով ծովային ճանապարհով հասավ մինչև Հնդկաստան: 14-15-րդ դարերում Եվրոպայում համեմունքները նույնքան թանկարժեք էին, որքան ոսկին: Համեմունքների առևտրի մենաշնորհը պատկանում էր արաբ առևտրականներին, որոնք բերում էին դրանք ցամաքով: Բայց ցամաքով ճանապարհը դժվար էր ու երկար և բարձրացնում էր համեմունքների գինը, ուստի զարմանալի չէր, որ եվրոպական շատ պետություններ երազում էին գտնել դեպի Հնդկաստան տանող ավելի պարզ ու էժան ճանապարհ: 1488թ-ին հայտնի դարձավ, որ Աֆրիկան հնարավոր է շրջանցել հարավից: Եվ ահա, 1497թ-ի հուլիսին, Վասկո Դա Գամայի գլխավորությամբ 4 նավեր դուրս եկան Լիսաբոնի նավահանգիստներից մեկից, որպեսզի անեն այն, ինչ մինչ այդ չէր հաջողվել անել ոչ մի եվրոպացու:

Նույն տարվա նոյեմբերին Գամայի նավերը հասնում են Աֆրիկայի հարավային հրվանդանին: Բայց մինչ այդ խորտակվել էր 4 նավերից մեկը: Աֆրիկայի արևմտյան ափի երկայնքով ուղին էլ հեշտ չէր: Գամայի նավերն անընդհատ բախվում էին արաբական թշնամական նավերի և պետությունների հետ, հաճախ փորձեր էին լինում գրավել պորտուգալական նավերը: Անձնակազմին սնունդով ու ջրով ապահովելը դժվարացել էր, իսկ մարդիկ սկսել էին հիվանդանալ լնդախտով:
Ճանապարհորդության քարտեզը

1498թ-ի մայիսին Գամայի նավերը հասնում են Հնդկաստանի ափերին և մտնում Կալիկուտ նավահանգիստ՝ թանկարժեք քարերի և համեմունքների առևտրային կենտրոնը: Կալիկուտի ցեղապետը ընդունում է Վասկո Դա Գամային մեծ շքերթով: Բաց Գամայի բերած նվերները նրան դուր չեն գալիս: Բացի այդ խարդավանքի են դիմում արաբ առևտրականները, համոզելով ցեղապետին, որ Գաման ավելի շուտ նման է ծովահենի, քան թագավորական հպատակի: Երկու կողմերի միջև կոնֆլիկտ է սկսվում, որից հետո Գաման ստիպված է լինում թողնել Հնդկաստանի ափերը՝ իր հետ գերի վերցնելով մի քանի տասնյակ տեղացիների:

Վասկո Դա Գաման Հնդկաստանում

1499թ-ի սեպտեմբերին Գամայի 4 նավերից միայն 2-ն են վերադառնում Լիսաբոն: Զոհվել էր անձնակազմի գրեթե 2/3-ը: Բայց դեպի Հնդկաստան ծովային ուղի գտնելու նպատակն իրագործված էր: Կազմվել էր Աֆրիկայի արևելյան ափի մեծ մասի քարտեզը, իսկ նավերում գտնվող համեմունքների հսկայական ավարը փակել էր ճանապարհորդության հսկայական ծախսերը: Իր երկրում Վասկո Դա Գաման արժանանում է մեծ պատվի, ստանում է խոշոր դրամական պարգև և արժանանում է Հնդկական օվկիանոսի ծովակալ տիտղոսին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Իրականում Վասկո դա Գաման հասարակ գաղութարար էր. դաժան էր բոլորի նման ու հաճախ սպանում էր առանց պատճառի: Դեպի Հնդկաստան ծովային ճանապարհը գտել ա մի քանի արշավանքներից հետո և կորցրել ա իր անձնակազմերի մեծ մասը:

  • Luka ջան, շնորհակալ եմ, որ անդրադարձել եք Վասկո Դա Գամային: Նրա անունն ինձ մոտ դպրոցական հաճելի հուշեր արթնացրեց: Հիշում եմ, թե 5-6-րդ դասարաններում ինչպիսի ոգևորվածությամբ էի սովորում Վասկո Դա Գամայի ( ինչպես նաև Ֆերնան Մագելանի, Քրիստափոր Կոլումբոսի և այլոց) մասին դասերը:
    Աշխարհագրություն առարկան շատ էի սիրում և անգամ երազում էի աշխարհագրագետ դառնալ: Տարիների ընթացքում սկսեցի ժպիտով մոտենալ այդ ցանկությանը: Մարդն իր համար կարողանում է ճիշտ ուղի ընտրել ավելի հասուն տարիքում:
    Մենք նույնպես ճանապարհորդներ ենք, անցնում ենք կյանքի ուղիներով: Մեր առաջ ( ինչպես Վասկո Դա Գամայի) կարող են հայտնվել փակ դռներ, որոնք կբացվեն միայն համառության ու ցանկության շնորհիվ: Մենք պետք է հայտնվենք այնպիսի վայրերում, ուր ապրում են մեր երազանքները: Շատ նոր վայրերում մեզ կարող են չհավատալ, չընդունել: Սակայն մենք պետք է շարունակենք գործել և հավատալ մեր հաղթանակին: Մենք ինքներս ենք մեր ճանապարհը հարթողները:
    Չլինենք անհաջողակ ճանապարհորդ, ով ջերմություն ու ուշադրություն է ակնկալում անծանոթ քաղաքների մարդկանցից:
    Ձգտենք լինել մեր կյանքի Վասկո Դա Գաման և հայտնաբերել դեպի հաղթանակ տանող ուղին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»